Մարտի 20-ին վախճանվել է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, վաստակաշատ մանկավարժ Վարազդատ Հարությունյանը: Մեծ է նրա վաստակը ոչ միայն ճարտարապետության ոլորտում: Վարազդատ Հարությունյանը ավելի քան 50 տարի Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի ճարտարապետության ամբիոնի վարիչն է եղել, շուրջ 12 տարի ղեկավարել է ճարտարապետների միությունը: Գիտնական-ճարտարապետը Հայրենիք-սփյուռք մշակութային կապերի նախագահության անդամ էր, Արտասահմանյան երկրների հետ մշակության կապերի ընկերակցության, «Գիտելիք» ընկերության նախագահության անդամ: Վարազդատ Հարությունյանը մեծ ներդրում ունի նաեւ հուշարձանների պահպանության գործումՙ նախագահել է Հուշարձանների պահպանության հայկական ընկերակցությունը: 1956 թվականից նա Մայր աթոռ Ս. Էջմիածնի ճարտարապետական հանձնաժողովի նախագահն էր: Շուրջ երեք տասնյակ շքանշանների ասպետ է, Երեւանի պատվավոր քաղաքացի:
Վարազդատ Հարությունյանը ծնվել էր Վանում 1909 թվականին եւ «Վասպուրական» հայրենակցական միության հիմնադիր նախագահն էր: Ի թիվս մի քանի հարյուր գիտական հոդվածների, 3 դասագիրք է հեղինակել եւ հրատարակել է շուրջ 40 գիրք, որոնց թվում է նաեւ իր հուշերի գիրքը:
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, կիրակի, ժամը 18:00-ին, ճարտարապետների տանը, իսկ հուղարկավորությունըՙ երկուշաբթի, ժամը 15:00-ին, նույն վայրից: