«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2008-03-21 | #55, 2008-03-22 | #56, 2008-03-25


ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԷԼ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄԵԶ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2007 թվականի մարտի 25-ին կանգ առավ սիրտը մի մարդու, ում վիճակված էր անկախ Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետը լինել, ով թողեց քաղաքական գործունեության եւ երկիրը կառավարելու մի այնպիսի ձեռագիր, որից սովորելու բան ունեն հետո եկողները: Նա 56 տարեկան էլ չկար, եւ նրա քաղաքական փորձառությունը, մարդկային նկարագիրը, երկխոսություն վարելու ունակությունն ու մարդկանց օգնելու գործելակերպը այսօր էլ ուսումնասիրության նյութ են եւ ընդօրինակման արժանի:

Անդրանիկ Մարգարյանը վարչապետ դարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ժառանգված ներքաղաքական լպրծուն եւ տնտեսապես անկայուն վիճակում: Շատերին դա ինքնասպանություն թվաց: Ինքնասպանություն, որովհետեւ երկիրը ներքաղաքական հախուռն կրքերի եւ պետության առանցքային դեմքերի կորստի անամոք ցավի կույր բախման եզրին` մազի վրա էր: Որովհետեւ նա, ով 2000 թվականի մայիսին այդպիսի երկրում ստանձնեց վարչապետությունը, պիտի որ առնվազն ինքնասպան լիներ կամ չպատկերացներ` ի՞նչ է անում: Մարգարյանին էլ լայն հասարակությունը մինչ այդ լավ ծանոթ չէր, նա երբեք չէր փողհարել իր արածը, ուրիշների պես դրոշակ չէր դարձրել` այսուայն պաշտոնը ստանալու ճանապարհին: Լուռ արել էր իր գործը, լուռ պայքարել էր խորհրդային ծանր վարագույրի դեմ` բանտարկվելով, լուռ աջակցել էր Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմանը, լուռ նպաստել էր Հանրապետական կուսակցության կայացմանը: Նրա անկոտրում կամքի եւ անծայր համբերության մասին գիտեին կուսակից ընկերները, ժողովուրդը` ոչ: Այդ պահին իսկապես էլ դժվարին վիճակ էր` ներքաղաքական անհաղթահարելի թվացող տարաձայնություններին գումարվում էին բարդ սոցիալական վիճակը, անկայուն տնտեսությունը. 150 մլրդ դրամից ընդամենը մի փոքր ավելի էր հարկային եկամուտների մուտքը երկրի բյուջե, բյուջետային աշխատողների աշխատավարձերն ամիսներով ուշանում էին, բնակչության շրջանում անվստահություն կար կառավարության հանդեպ` վկան իրար հետեւից փոխվող վարչապետներն էին, մինչեւ 2000 թվականը 9 վարչապետ էր փոխվել: Բայց Մարգարյանը եկավ... եւ մնաց 7 տարի` մինչեւ իր մահը, 2007 թվականի մարտի 25-ը, եւ էլի կմնար, եթե առողջական խնդիրները նրան չհեռացնեին մեզանից: Նա ստացավ անկայուն ներքաղաքական եւ տնտեսական վիճակով երկիր եւ իրենից հետո մյուս վարչապետներին ժառանգություն թողեց կանխատեսելի պետություն` իրականություն դարձող մի շարք տնտեսական ծրագրերով, նորմալ բիզնես-միջավայրով, վճարվող աշխատավարձերով: Մեղրը կուտակվում է կաթիլ-կաթիլ, եւ բնության այդ հրաշք-արդյունքը հաճախ մոռացնում է այն բազում ջանքերը, որոնք ներդրվել են այն ունենալու համար: Այդպես` տարիների ընթացքում քաղաքական փորձառություն, համբերատարություն, ինչու չէ` նաեւ իմաստուն որոշումներ կայացնելու ունակություն կուտակած գործիչը պետության համար դժվարին ժամանակում դրանք ներդրեց կառավարելու, քաղաքական անհնարին երկխոսությունն իրականություն դարձնելու եւ բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնելու, բազմաթիվ միջազգային ծրագրեր սկզբնավորելու գործում: 1999-2000 թվականերին մենք բոլորս նաեւ նրան ենք պարտական, որ հայտնի դեպքերից հետո երկիրը դուրս եկավ այդ վիճակից եւ անդառնալի ցնցումների չենթարկվեց:

Նա այն քչաթիվ մարդկանցից էր, որի մասին դրական էին արտահայտվում եւ քաղաքական ընդդիմախոսները, եւ գործընկերները: Խոստովանենք` այդպիսիք շատ չեն, նույնիսկ մեկ ձեռքի 5 մատները լրացնելու համար կդժվարանանք անուններ գտնել:

Այս օրերին էլ, երբ կրկին երկիրը դժվարին վիճակում է հայտնվել` անկախ մահվան տարելիցը լինելու փաստից` հիշում ենք Անդրանիկ Մարգարյանի մասին, ենթադրություններ անում, թե ինչպե՞ս կվարվեր նա, ինչպես կկարողանար ելք գտնել իրավիճակից` համոզված, որ հենց նրա նման մարդը կկարողանար երկխոսության ճանապարհները գտնել: Նրա մահով, իրոք, ավարտվեց քաղաքական մի ժամանակաշրջան, եւ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններով ոտք դրեցինք բոլորովին նոր ժամանակի մեջ, գումարած նախագահական ընտրություններից հետոյի հետընտրական այս թնջուկը, երբ բոլորովին նոր լուծումներ են պահանջվում: Եվ անշուշտ, եթե ողջ լիներ Անդրանիկ Մարգարյանը` նրա առաջարկած լուծումների մեջ կտեղավորվեին հանդուրժողականությունը, կյանքի դասերից անընդհատ նոր սովորածի ներդրումը, քաղաքական փորձառությունը:

Նա, իսկապես, քաղաքական լայն հայացքների տեր էր, եւ, բացի այդ, ժողովրդի մարդ էր համարվում, կոմպրոմիսներ որոնողի եւ գտնողի համբավ ուներ:

Բիզնեսի մարդ լինելու կամ վարչարարի կերպարը շատ հեռու էին նրանից:Սովորական հայ մարդիկ նրա մասին մտածում էին, թե ահա իրենցից մեկը նստած է վերեւում, կառավարության ղեկի մոտ, ու հայ մարդկանցից յուրաքանչյուրն իր մտքի մի անկյունում համարում էր, որ այսուայն գործով եթե անելանելի վիճակի մեջ հայտնվի, կարող է հենց նրան` իրենցից մեկը եղող վարչապետին դիմել: Չէր խորշում զրույցի բռնվել ամեն մեկի հետ, երբեք չէր մոռանում` որտեղի՞ց է եկել ինքը, իր ժողովրդական արմատները, չէր վարանում հետ նայել իր թողած նեղ ու դժվարին օրերին եւ այդ օրերի ընկերներին: Եվ խիղճն էլ այնտեղ` վերեւում նստած, տանջում էր իրեն, երբ մի պահ կտրվելով առօրյա հոգսից, հիշում էր սովորական մարդկանց, որոնք այս ու այն գյուղում կարող էին ծայր աղքատության մեջ կամ ծանր հոգսի տակ լինել: Ու հաճախ էր խղճի հետ հաշտ լինելու համար մի պահ կտրվում երկրի հոգսերից, գնում սովորական մարդկանց հյուրը լինելու, մի բանով նրանց հոգսը թեթեւացնելու: Ու դա նրա մոտ անբռնազբոս էր ստացվում:

Լրագրողների հետ շփումներում էլ ուրիշ պաշտոնյաներից տարբերվում էր: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի օրը, մինչեւ նիստը ծխում էր ԱԺ միջանցքում եւ կարող էր ուզածդ լրագրողի հետ խոսքի բռնվել: Իսկ նիստից հետո սպառում էր համարյա բոլոր լրագրողների հարցերը, հատկապես կարեւոր ներքաղաքական իրադարձությունների օրերին, երբ թղթակիցները ճանճերի նման թափվում էին վրան: Մի այդպիսի կազուսային քաղաքական պահի, շոգ օր էր, ինքն էլ երեւի առողջ չէր` նոր էր վիրահատություն տարել, լրագրողներին էլ աստված տվել է` բոլոր մեծուփոքր ձայնագրիչներով ու խոսափողներով այնպես էին շրջափակել վարչապետին, որ աջուձախ շրջվելիս` դրանք դիպչում էին նրա դեմքին: Երեսի գույնից երեւում էր, որ անառողջ է, բայց կես ժամ անմռունչ պատասխանեց բոլոր հարցերին, վերնաշապիկն ամբողջությամբ թրջվել էր, բայց դիմացավ մինչեւ վերջին հարցը, նույնիսկ ամենահեռվում կանգնած թղթակցի հարցը երկրորդել տվեց, որ ոչ ոք չանտեսվի:

Մի ուրիշ անգամ, կարծեմ առաջին կոալիցիայի կազմվելուց մի պահ առաջ, ՀՀԿ համագումարի ընդմիջմանը, երբ էլի լրագրողների սուր-սուր հարցերից ուրիշները փախչում էին, Մելիք-Ադամյանում նա դուրս եկավ լրագրողների մոտ եւ կարծես մարտահրավեր նետելով` մեկառմեկ բոլոր հարցերին պատասխանեց, ապա մենամարտում հաղթողի տոնով հարցրեց.«Հը՞, էլ հարց չունե՞ք»:

Չգիտեմ` նրա խորհուրդները ու բարի խոսքը հիշո՞ւմ են նրա կուսակիցները, թե ոչ, բայց նրա մահվան տարելիցը թող ոչ միայն հիշատակի տուրք դառնա, այլեւ առիթ լինի բոլորիս մի անգամ էլ մտորելու անցյալի ու ներկայի մասին, առիթ լինի գտնելու այս օրերին փնտրվող ամենաիմաստուն քաղաքական որոշումը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4