«Դա խորհրդանշական է, որ Հայաստանի նորընտիր նախագահը իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Մոսկվա», հայտարարել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլում ընդունելով Սերժ Սարգսյանին: Մեդվեդեւը նշել է նաեւ, որ այս այցն էլ ավելի կամրապնդի հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ: Վերջինս իր գոհունակությունն է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով, եւ այդ հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորել է նաեւ Մոսկվայի դերը: Օրվա երկրորդ կեսին Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ռուսական քաղաքական, ռազմատնտեսական եւ այլ ոլորտներում հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Վլադիմիր Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները: Այսօր վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադառնալու է Երեւան: