«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2008-03-21 | #55, 2008-03-22 | #56, 2008-03-25


«ԴՈՒՔ ԵՔ ԵՂԵԼ «ԽՈՐՔԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»

Հայտարարում է վարչապետ Էրդողանը, պատասխանելով Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահին

Ինչպես նախորդ համարում տեղեկացրել էր «Ազգը», մարտի 21-ի վաղ առավոտյան Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի օպերատիվ խումբը, «Էրգենեքոն» ընդհատակյա կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալել էր եւս 7 կասկածյալի: Ձերբակալվածների մեջ էին Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, կուսակցությանն առընթեր «Ուլուսալ» (ազգային) հեռուստաընկերության ղեկավար Ֆերիթ Իլսեւերն ու «Այդընլըք» հանդեսի գլխավոր խմբագիր Սերհան Բոլլուքը, կուսակցության գործադիր կոմիտեի անդամ, լրագրող Ադնան Աքֆրաթը, որոնց նկատմամբ իբրեւ խափանման միջոց կիրառվել է կալանքը: Այսպիսով, «Էրգենեքոնի» գործով կալանվածների թիվը հասել է 43-ի:

Նույն օրը ձերբակալվել էին նաեւ Բանվորական կուսակցության պատգամավորության թեկնածու, գործարար Իբրահիմ Բենլին, «Ջումհուրիեթ» թերթի արտոնատեր եւ առաջնորդողի հեղինակ Իլհան Սելչուքը, ինչպես նաեւ Ստամբուլի համալսարանի նախկին ռեկտոր Քեմալ Ալեմդարօղլուն: Նրանք երկրից չբացակայելու ստորագրություն էին տվել:

Դողու Փերինչեքը կալանվել է «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար կազմում տեղ զբաղեցնելու, իսկ մյուսներըՙ անդամակցելու ամբաստանությամբ: Ի դեպ, կալանվածները «Թալեաթ փաշա» կոմիտեի ղեկավար կազմի անդամներ են, 2005-ի հուլիսին Լոզանում, իսկ 2006-ի մարտին Բեռլինում մասնակցել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման որոշումները դատապարտող արշավներին: Կոմիտեի ղեկավարների թվին են պատկանում նաեւ նախկին ռեկտոր Ալեմդարօղլուն եւ գործարար Բենլին: Ահա թե ինչու «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» առաջին նախագահ, «Թալեաթ փաշա» կոմիտեի հիմնադիր Ռաուֆ Դենքթաշն ընդգծել է. «Բոլոր ձերբակալվածներն էլ Աթաթուրքի սկզբունքների հավատարիմ հայրենասեր եւ ազնիվ մարդիկ են»:

Ինչ վերաբերում է Իլհան Սելչուքին, ապա ոստիկանությունը փետրվարի 2-ից հսկողության տակ է վերցրել նաեւ նրա հեռախոսը, զրույցների վերծանումից պարզվել է, որ նա, ինչպես նաեւ Փերինչեքն ու Ալեմդարօղլուն, անմիջական առնչություն ունեն Թուրքիայի գլխավոր դատախազի, վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունն արգելելու պահանջով մարտի 14-ին Սահմանադրական դատարան ներկայացրած հայցի հետ:

Ինչպես հայտնի է, «Էրգենեքոն» կազմակերպությունը նպատակ էր հետապնդում տնտեսական ճգնաժամ առաջացնել երկրում, ապա այդ ճգնաժամը խորացնել ահաբեկչական ակտերով, որպեսզի Թուրքիայում զինվորական հեղաշրջման համար նախադրյալներ ստեղծվի: Այդ հեղաշրջումը ենթադրում էր իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հեռացումն իշխանությունից, ինչպես եւ կուսակցության արգելման հայցն է ենթադրում:

Սալոնիկյան ծագումով առերեւույթ կրոնափոխ հրեա, այսինքնՙ «դյոնմե» Իլհան Սելչուքը համարվում է «Էրգենեքոնի» գաղափարախոսը, ինքն է ուղղորդել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության դեմ Սահմանադրական դատարան հայց ներկայացրած գլխավոր դատախազին: Մյուս կասկածյալների հետ զրույցների ընթացքում, ինչպես «Զամանն» է նշել երեկվա համարում, Սելչուքն ասել է. «Դատական հայցը ներկայացվելու է: Մեղադրական է պատրաստվում: Թեեւ առ այսօր Թուրքիայում տնտեսական ճգնաժամ չառաջացավ, սակայն իշխող կուսակցությանն արգելելու հայցի հետ անպայման կառաջանա: Պետք է ձերբազատվել նրանցից»:

Մեկ այլ հեռախոսազրույցում Սելչուքն ասել է, որ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեության արգելման համար անհրաժեշտ քայլեր կատարելու հրահանգներն արդեն տրված են, հենց հայցը քննարկման դրվի Սահմանադրական դատարանում, պետք է աղմկահարույց ակտեր կազմակերպելու միջոցով Թուրքիան դարձնել անկառավարելի: Սելչուքը միաժամանակ երկրում պետական հեղաշրջման նախադրյալներ ստեղծելու համար ցնցող ակտեր կազմակերպելու կարգադրություն է տվել «Էրգենեքոնի» ղեկավարներին: Իսկ Ստամբուլի համալսարանի նախկին ռեկտոր Ալեմդարօղլուն հավելել է նրան. «Առանց արյունահեղության չի լինի: Հեղաշրջումն անհրաժեշտ է: Առաջնահերթը սակայն իշխող կուսակցության դեմ դատական հայց ներկայացնելն է, դատավարությունը կավարտվի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեության արգելմամբ»: Այդ ընթացքում «Էրգենեքոնի» ղեկավարներից Քեմալական մտածողության միության նախագահ, ժանդարմերիայի նախկին գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Շեներ Էրույգուրը նախկին ռեկտորին, Սելչուքին եւ Փերինչեքին է դիմելՙ հարցնելով. «Ի՞նչ վիճակում է դատական հայցի գործը, ե՞րբ է դա ներկայացվելու»:

Հատկանշական է, որ մարտի 21-ի ձերբակալություններին բուռն հակազդեցություն էր ցուցաբերել նաեւ Քեմալ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որին երկրում համարում են «Իթթիհադ վե Թերաքիի» իրավաժառանգորդը: Ավելին, ձերբակալվածների պատրվակով Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Դենիզ Բայքալը մեղադրել էր «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը, թե նա իր «խորքային պետությունն» է ստեղծում Թուրքիայում: Բայքալը միաժամանակ պետական կառույցները կուսակցականացնելու մեջ մեղադրել էր վարչապետ էրդողանին:

Մարտի 23-ին Մանիսայում մեղադրանքներին պատասխանեց «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ, վարչապետ Էրդողանը: Նա, «Ենի շաֆաքի» վկայությամբ, ասաց. «Եթե այս երկրում կուսակցականացվել են պետական կառույցները, ապա դա դուք եք արել ամենաանխիղճ ձեւով: Եթե այս երկրում գոյություն ունի «խորքային պետություն», ապա դրա գործունեության քաջատեղյակն ինքներդ եք, որովհետեւ դուք եք «խորքային պետության» ճարտարապետը երկրում: Նրանք այս երկրում առանձնաշնորհյալ էին, սակայն մենք իշխանության եկանք: Մեր նպատակը ոմանց արտոնություն բաժանելը չէ, այլ երկրում արդարություն ապահովելը»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4