«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2008-03-21 | #55, 2008-03-22 | #56, 2008-03-25


ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱՄ ՈՉ ՈՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ

Իսկ պաշտոնՙ բոլորն են ցանկանում

Եվ այսպես` կոալիցիա. էլ վստահություն վայելող եւ արդյունավետ իշխանություն ձեւավորում, էլ նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության գործունեության միասնական ծրագիր, էլ համարձակ բարեփոխումներ` ցավոտ եւ մասշտաբային.... Այսինքն` իշխանամետ միավորների ներսում կոալիցիա ստեղծվեց, քանի որ ինչքան էլ փորձ արվեց նրանց մի մասին հրելու դեպի «կառուցողական» ընդդիմության դերը ստանձնելու, նրանցից ոչ մեկն այդ չուզեց անել: Նրանք բոլորն ուզում էին պատասխանատվություն կիսել, ավելի անկեղծ` կիսել պորտֆելները: Նրանցից ոչ ոք չէր ուզում ձեռնունայն տուն գնալ: Մնացածը ձեւակերպումների խնդիր է, թեեւ քաղաքական հետընտրական այսպիսի ոչ միանշանակ վիճակում կարեւոր է ե՛ւ կոալիցիայի, այլ խոսքով` համախմբման գաղափարը, ե՛ւ ձեւակերպումներն իրականություն դարձնելու փաստը: Համենայն դեպս` այդ երկուսը կարեւոր են նորընտիր նախագահի համար եւ մեր երկիրն այս հետընտրական հեղուկ (ուզում էի գրել` հեղհեղուկ) վիճակից դուրս բերելու առումով:

Ումո՞վ պետք է արվի այս բոլորը` խոստովանենք, ամենեւին երկրորդական խնդիր չէ: Ոնց պտտվում ենք` գալիս ենք ապագա կառավարության կազմին, որի շուրջը, ի տարբերություն այլ թերթերի, ուզում էինք խուսափել խոսելուց: Բայց արդեն ապրիլի 9-ին հաջորդող շաբաթը նոր վարչապետ կունենանք, իսկ փաստ է` նրան զուգահեռ կառավարության գոնե մտովի պատրաստ կազմ արդեն երդված նախագահն ու նշանակված վարչապետը պետք է ունենան: Վարչապետի մասով. խոսակցությունները պտույտ գործելով` կարծես կանգ են առնում ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի վրա, որը, խոստովանենք, այս պահին գուցե եւ ամենահարմար լուծումը կարող է լինել: Որովհետեւ կուսակցություն ներկայացնող, քաղաքական թիվ մեկ գործոն դառնալու հավակնություն ունեցող նախագահի պարագայում հիմա արդեն տեխնոկրատի իմիջին ձգող ԿԲ նախագահը ե՛ւ միջազգային կառույցների հետ երկխոսելու փորձ ունի, ե՛ւ երկիր ներկայացնելու, պաշտոնի բերումով էլ լավ գիտի երկրի տնտեսությունը: Գուցե սա անցումայի՞ն վարչապետ է լինելու, նախապատրաստելով մեկ ուրիշ ֆիգուրի վերադարձը, սակայն այս դեպքում ճիշտ տեղին է հիշեցնել Անդրանիկ Մարգարյանին, որ թվում էր ժամանակավոր, բայց մնաց...

Ըստ լուրերի` դեռեւս անհայտ են ուժային կառույցների ապագա ղեկավարները. օրինակ` պաշտպանության նախարարի սեփական թեկնածու ունեցող ՀՅԴ-ին, անհայտ է դեռեւս, Սերժ Սարգսյանը կուզենա՞ հանձնել բոլոր իրավիճակներում գործոն բանակը, մեր կարծիքով` հազիվ թե, կամ` երկրի թիվ 1 ոստիկանի իրենց թեկնածությունն առաջադրողներին նույն Սերժ Սարգսյանը կարող է անակնկալներ մատուցել. մասնավորապես` գործող նախագահի նստավայրից առաջարկվող Գրիշա Սարկիսովի թեկնածությունը կարծես դիմադրության է հանդիպում: Կամ` Ս. Սարգսյանի ասած ցավոտ փոփոխությունները կարող են շրջանցել Հովիկ Աբրահամյանին, քանի որ նրա օգտին են խոսում տեղական կառույցները շատ լավ իմանալու փաստարկները: Գուցե նույնիսկ նրան մի շենքից մյուսը տեղափոխեն` ասենք, վստահեն նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ցավոտը` չգիտեմ, բայց Դավիթ Լոքյանը պահպանում է իր պաշտոնը, մյուս երկու դաշնակցական նախարարները հրաժեշտ են տալիս պորտֆելներին` ԿԳՆ-ն կիսվում է, կրթությունն` էլի ՀՅԴ-ին, գուցե նոր անուն-նախարարով, գիտության նախարարությունը` ՕԵԿ-ին: «Բարգավաճը» պահպանում է իր երեք պորտֆելը` քաղաքաշինության, առողջապահության, սպորտի եւ երիտասարդության նախարարություններ, անգամ` նույն նախարարներով: Արտաքին գործերի նախարար ամենայն հավանականությամբ կդառնա Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը:

Ցավոտը, երեւում է, նախ վերաբերում է ՀՀԿ-ական նախարարներին, որոնցից, ըստ որոշ տեղեկությունների, կլքեն տրանսպորտի, էներգետիկայի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները, նրանց փոխարեն կնշանակվեն այլ ՀՀԿ-ականներ կամ ՀՀԿ-ի քվոտան ներկայացնող պրոֆեսիոնալներ, չնայած խոսվում է նաեւ, որ տրանսպորտի նախարարության վրա աչք ունեն ՕԵԿ-ականները: Մշակույթի նախարարը գուցե պահպանի պորտֆելը` այս անգամ ՀՀԿ քվոտայի շրջանակում: Բավական աշխույժ բանակցություններ են գնում նոր ստեղծվող սփյուռքի նախարարի պորտֆելի համար, թեեւ այդ կառույցի գաղափարը ՀՅԴ-ինն է, ողջ աշխարհով մեկ կառույցներ էլ նա ունի, բայց հենց այս նախարարի պաշտոնի համար ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունն է շրջանառվում:

Ինչ վերաբերում է ԱԺ փոխխոսնակի թափուր աթոռին` դրա համար դարձյալ մրցապայքարի մեջ են ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն (Արմեն Ռուստամյան, Հեղինե Բիշարյան), անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի անունն էլ է ինչ որ մեկն ինչ որ մեկի ջգրու շջանառել: Մեր լուրերն առայժմ այս պաշտոններին են վերաբերում:

ԱԺ հանձնաժողովների նախագահների եւ մարզպետների շուրջը եւս այս պահին համաձայնությունների մասին լուրեր կան` դրանց մասին առաջիկայում:

ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4