«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2008-03-21 | #55, 2008-03-22 | #56, 2008-03-25


«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ Է ՄՏՑՆՈՒՄ

Ո՞ւմ պատճառով ով է զրկվում ջրից

Արդեն մի քանի տարի «Երեւան ջուր» ընկերությունը որոշ գյուղերի պատճառով կանգնել է մի խնդրի առաջ, որի պատճառով չի կարողանում ջրամատակարարում իրականացնել Երեւանի մի շարք թաղամասերում: Ընկերությունը պարտավոր է ջրամատակարարում իրականացնել Երեւանում եւ մայրաքաղաքին հարակից 24 գյուղերում: Սակայն մի շարք գյուղերում «Երեւան ջուր» ընկերության ջրամատակարարման մայր խողովակին գյուղաբնակները միացրել են ապօրինի խողովակներ եւ, փաստորեն, ջրագողությամբ են զբաղվում: Ապօրինի ջրախողովակին միանալու պատճառով ընկերությունն ունենում է ջրի հսկայական կորուստներ եւ չի կարողանում պատշաճ ջրամատակարարում ապահովել Երեւանի մի շարք թաղամասերի համար: Ստացվում է, ընկերությունը ջրի կորուստներ է ունենում ինչ-որ վայրերում, որի ջրամատակարարման պարտականությունը բնավ էլ իրենը չէ:

Ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը, շահագործման տնօրեն Ժան-Լյուկ Ռոդիեն օրերս այցելեցին Մասիսի շրջանի մի շարք համայնքներ` բնակչությանը բացատրելով, որ իրենց պարտականության շրջանակներում չէ նրանց ջրով ապահովելը, եւ իրենք պետք է ապամոնտաժեն բնակիչների ապօրինի միացրած ջրախողովակները: Արգավանդ, Գեղանիստ, Ղուկասավան համայնքների բնակիչները ընկերության տնօրենությանը ընդունեցին բողոքներով, իսկ Ղուկասավանում անգամ սպառնացին, թե ցույցեր կանեն, եթե իրենց ապօրինի միացրած ջրախողովակը «Երեւան ջուր» ընկերության աշխատակիցները ապամոնտաժեն:

«Արարատյան պոմպակայանից մինչեւ Երեւան ընկած հատվածում մենք մոտավորապես 450-500 լիտր /վայրկյան ջուր ենք կորցնում: Արդեն 1,5 տարի ես փորձում եմ իրավիճակը շտկել` անելով այնպես, որ Երեւանի բնակիչները կարողանան օգտվել այդ ջրից, որովհետեւ այդ ջրաքանակը չի վաճառվում, գողացվում է, եւ այս գործում մենք կորցնողի դերում ենք: Մենք հայտնաբերել ենք 25 ապօրինի միացում, որի ընդհանուր գումարը կազմում է 250 լիտր/վայրկյան: Մենք դժվարություններ ունենք Երեւանի հարավային եւ արեւմտյան շրջաններում պատշաճ ջրամատակարարում ապահովելու հարցում, եւ եթե ունենայինք այդ ջրաքանակը, կկարողանայինք Երեւանում 500 հազար բնակչի 4-5 ժամով ավելի ջուր տալ: Այս մարդիկ իրավացի են, որ ուզում են ջուր ունենալ, բայց նրանց ջրամատակարարումը պետք է ապահովի «Հայջրմուղկոյուղին»: Անցյալ շաբաթ մենք նրանցից նամակ ստացանք, թե իրենք վերագործարկել են իրենց պոմպակայանները, եւ մենք կարող ենք անջատել այս միացումները: Բացի այդ, կան նաեւ մարդիկ, որոնք ջրագողությամբ են զբաղվում, չեն ցանկանում վճարել, բայց ուզում են ջուր ունենալ, եւ հաճախ նրանք այնպիսի մարդիկ են, որ հասարակության մեջ որոշակի դիրք ունեն եւ մտածում են, որ պետք է չվճարեն: Դա իմ խնդիրը չէ, իմ խնդիրը Երեւանին ջուր մատակարարելն է, եւ համապատասխան մարմինները պետք է համապատասխան միջոցառումներ ձեռք առնեն», «Ազգին» ասաց ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը:

500 ընտանիք ունեցող Արգավանդ համայնքի ղեկավար Սամվել Նարիբեկյանն ասաց, թե «Հայջրմուղկոյուղին» պետք է աշխատի, նրա վատ աշխատանքի պատճառով է համայնքը կանգնել խնդրի առաջ. «Հայջրմուղկոյուղին» ասում է` մի քիչ էլ դիմացեք, ես չգիտեմ ոնց պիտի էս խնդիրը լուծվի: Նրանք էլեկտրաէներգիայի խնայողություն են անում, իրենց պոմպակայանն անջատել են, այստեղ էլ ջուրը չի հասնում, մեզ մոտ բարձր է: Խնայողություն են անում, սա է խնդիրը»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4