Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 25-ին կբացվի Վրաստանի նկարիչների միության անդամ, վրաստանաբնակ գեղանկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի անհատական ցուցահանդեսը: Գեղանկարչուհուն երեկ լրագրողներին ներկայացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Նկարչուհին ծնվել է 1939-ին Թբիլիսիում, որտեղ ապրում ու ստեղծագործում է ցայսօր` շարունակելով թիֆլիսահայ յուրօրինակ նկարչական դպրոցի ավանդույթները: Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը սերվում է Բաժբեուկ-Մելիքյանների նշանավոր տոհմից: Հայրը հռչակավոր նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանն էր, ավագ քույրը` Լավինիա, եղբայրը` Վազգեն, որոնք Թիֆլիսի հայկական գեղանկարի դպրոցի վառ ներկայացուցիչներն են եղել: Չնայած նկարչուհին սովորել է Վրաստանի Յա. Նիկոլաձեի անվ. ուսումնարանում, այնուհետեւ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում, սակայն առավել մեծ դպրոց է անցել` հոր, եղբոր, քրոջ Բաժբեուկ-Մելիքյանների հայկական գեղանկարչության դպրոցը:
Մարտի 25-ից ապրիլի 2-ը կայանալիք ցուցահանդեսը հայ-վրացական մշակութային համաձայնագրի շրջանակներում է, որի շուրջ բանակցություններ վերջերս կայացել են Թբիլիսիում, երբ Հայաստանի պատվիրակությունը գնացել էր մասնակցելու անվանի դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի թաղման արարողությանը եւ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրդի, Վրաստանում ՀՀ-ի դեսպան Ս. Սիլվանյանի հետ միասին աշխատանքային հանդիպում է կայացել նորանշանակ մշակույթի նախարար Նիկոլոս Վաչեիշվիլու հետ: Քննարկվել են հայ-վրացական մշակութային համագործակցության խնդիրները, որի արդյունքում առաջիկայում կստորագրվի համաձայնագիրը: Այդ համագործակցության շրջանակներում կազմակերպվող ցուցահանդեսին տիկին Զուլեյկան 81 աշխատանք է բերել Հայաստան, որոնց թվում կան նատյուրմորտներ, բնանկարներ: Նկարչուհին իր գնահատանքի խոսքը հղեց ցուցահանդեսի կազմակերպիչներին ու հատուկ նշեց. «Երջանիկ եմ, որ այսօր իմ առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվում է Երեւանում: Այն, ինչ տեսել եմ ու մինչեւ այժմ հիշում եմ, թե ինչպես 20 քմ մակերես ունեցող մեր մեկ սենյակում, ուր ապրում էինք ու նաեւ մի անկյունում տեղադրված էր իմ հայրիկի մոլբերտը, դա աննկարագրելի դաժան ու ծանր օրեր էին: Հիշում եմ, թե ինչպես մի անգամ հայրս 20-ից ավելի իր կտավները այրեց...Կամ էլ նկարում էր շեդեւր ու մի քանի օրից` ջնջում էր ու վրան ուրիշ բան նկարում: 20 տարեկանում ես սկսեցի նկարել եւ երբ հայրս տեսավ, ուրախացավ, չնայած, որ դեմ էր իմ ընտրությանը, բայց ասաց. «Դու դարձել ես նկարչուհի, շարունակիր», պատմում էր Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը: Նկարչուհին բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների է մասնակցել, սակայն նա հիշատակեց մեկ կարեւոր ցուցահանդես. «Երբ Մոսկվայում միութենական ցուցահանդեսում ճապոնացի նկարիչները իմ կտավները տեսել էին, կարծեմ 1989 թիվն էր, անմիջապես իմ «Կարուսել» կտավը ներկայացրին համաշխարհային ցուցահանդեսին, որտեղից էլ ես ստացա ոսկե մեդալ, որը համարվում է ամենաբարձրը նման ցուցադրություններում»: Նկարչուհին ցավով նշեց, որ առ այսօր իր ավագ քրոջ` Լավինիայի գողացված 21 կտավները չեն գտնվել: Հրաժեշտի պահին տիկին Զուլեյկան նշեց. «Հայաստանը ինձ համար բիբլիական աշխարհ է, եւ ես հպարտ եմ, որ հայ եմ ու իմ մոտ 1000 կտավներում կա հայկական շունչ»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ