Օրերս Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային համերգասրահում տեղի ունեցավ Հեղինե Տեր-Ղեւոնդյանի անվան երիտասարդական կոնցերտմայստերների հանրապետական առաջին մրցույթի գալա-համերգն ու մրցանակների հանձնման արարողությունը: Խոսելով մրցույթ-փառատոնի մասին, ժյուրիի նախագահ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Իգոր Յավրյանն ասաց. «Կոնցերտմայստերների առաջին մրցույթը կայացավ: Հուսով եմ կդառնա ավանդական: Ընդհանուր պրոֆեսիոնալ մակարդակը բարձր էր: Իհարկե, առաջին կատարումներից պարզ դարձան, թե ովքեր են լիդերները, ովքերՙ հետնապահները: Դուրս մնացողներին խորհուրդ կտամ, որ չընկճվեն, ավելի շատ աշխատեն, որովհետեւ յուրաքանչյուրը հնարավորություն ունի դառնալու լիդեր, հաղթող: Իսկ հաղթողներին ցանկանում եմ մեծ բեմեր, հաղթանակներ: Ժյուրիի աշխատանքն իրապես դժվար էր, բայց հավաստիացնում եմ ձեզ, եղել ենք անաչառ եւ գնահատել յուրաքանչյուր ուսանողին ըստ արժանվույն»: Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի խոսքերով, մրցույթ-փառատոների ընթացքում ուսանողները դրսեւորում են կամք եւ համառություն:
Մրցանակների հանձնման արարողությունից հետո տեղի ունեցավ դափնեկիրների համերգը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ