«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2008-03-21 | #55, 2008-03-22 | #56, 2008-03-25


ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԵՌԵՎՍ 9 ՏՈՒԺԱԾՆԵՐ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ ԵՆ

(Մեկ զինծառայողի վիճակը ծանր է)

Հանրապետության առողջապահության համակարգի բոլոր բուժհաստատություններում մարտի 1-ի դեպքերից բուժվում են 9 տուժած, այդ թվում` 1 զինծառայող, 1 ոստիկան, 7 քաղաքացի: Նրանցից մեկ զինծառայող եւ մեկ քաղաքացի դեռեւս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: «Ազգը» հեռախոսազրույց ունեցավ պրոֆ. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գլխավոր բժիշկ տկն Լաուրա Ավետիսյանի հետ եւ տեղակացավ, որ իրենց մոտ վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է: 19-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանը հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքով, որի արդյունքում նրա մոտ եղել են բազմաթիվ վնասվածքներ: Տղային բժիշկները վիրահատել են ողնաշարի վնասված հատվածը եւ եղել է երկարատեւ արհեստական շնչառության տակ, որը նաեւ համարվում է փոքր վիրահատություն, տեղեկացրեց տկն Ավետիսյանը: Զինծառայողը հրազենից ստացել է «պարանոցի հրազենային միջանցիկ վիրավորում, պարանոցային 6-րդ, 7-րդ ողերի աղեղների եւ 6-րդ ողի մարմնի բարդացած թափանցող պայթուցիկ կոտրվածքով, ողնուղեղի պարանոցային հատվածի սալջարդ-ջնջխումով, վնասվածքի սուր շրջան` չորս վերջույթների պարալիզ (տետրապլեգիա) եւ կոնքի օրգանների ֆունկցայի խանգարում», այսպիսին է բուժանձնակազմի ախտորոշումը ու եզրակացությունը: Զինծառայողը հիվանդանոց է բերվել գիտակից վիճակում ու գնալով վիճակը վատացել է: Վիրաբուժության ինստիտուտի լավագույն մասնագետները անում են ամեն ինչ տղայի կյանքը փրկելու համար, իսկ պարալիզացված վերջույթները` անդառնալի են: Ներկայումս տուժածի վիճակը ըստ բժիշկների` գնահատվում է նեւրոլոգիական ծանր:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4