«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՀԱՋՈՐԴ ԴԵՍՊԱՆԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Վերջին ամիսներին մոռացված այս հարցը նորից շունչ է առնում: «Կալիֆոռնիա կուրիեր» թերթը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Հայաստանի ԱԳՆ-ին է ներկայացրել նոր դեսպանի թեկնածությունը` Մարի Լուիզ Յովանովիչ: Իսկ մեր պրպտումներից պարզվեց, որ նա կադրային դիվանագետ է եւ ԱՄՆ պետքարտուղարությունում աշխատում է 1986-ից: Յովանովիչը ավարտել է Պրինստոնի հեղինակավոր համալսարանը, մասնագիտությամբ պատմաբան է, զբաղվել է Ռուսաստանի պատմության ուսումնասիրությամբ, ավարտել է նաեւ Պուշկինի ինստիտուտը, իսկ 2001-ին` ԱՄՆ-ի ամենահեղինակավոր Ազգային ռազմական քոլեջը, որը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը կից Ազգային պաշտպանության համալսարանի մի մասն է: Յովանովիչի հետաքրքրությունը Ռուսաստանի պատմության նկատմամբ պատահական չէ, հայրը` ազգությամբ սերբ Միխայիլ Յովանովիչը ծնվել է ռուսական Չիտա քաղաքում, ծառայել է խորհրդային բանակում եւ նույնիսկ եղել է գերմանական ճամբարներում, որտեղից էլ փախել է եւ հետագայում հայտնվել ԱՄՆ-ում: Յովանովիչի մոր` Նադյայի մասին հայտնի է, որ նա նույնպես մայրական գծով ռուսական ծագում ունի եւ նրա նախնիները Ռուսաստանից հեռացել են հեղափոխությունից հետո: Յովանովիչի ծնողներն իրար հանդիպել են Կանադայում, որտեղ էլ նա ծնվել է 1958-ի նոյեմբերին: Մարի Լուիզ Յովանովիչը ներկայումս ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանն է Ղրղըզստանում, որտեղ աշխատում է 2005-ի հունիսից:

Մինչ Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկ մեկնելը տիկին Յովանովիչը եղել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի քաղաքական հարցերով խորհրդական, իսկ 2002-2004-ը աշխատել է Կիեւում, որտեղ եղել է դեսպանի տեղակալը: Հենց այդ տարիներին էլ Յովանովիչի անունը առաջին անգամ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց: 2002-ին Յովանովիչն էր, որ հարց բարձրացրեց Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի կողմից Իրաքի դեմ հայտարարված միջազգային պատժամիջոցների խախտման մասին: Հիշեցնենք, որ Ուկրաինան ռադիոտեղորոշիչ` «Կալչուգա» կոչվող կայաններ էր վաճառել Սադդամ Հուսեյնին: Այդ սկանդալից հետո բավականին լարվեցին ամերիկա-ուկրաինական հարաբերությունները: Ղրղըզստանում ԱՄՆ դեպան Յովանովիչը նշանակվել էր «կակաչների» հայտնի հեղափոխությունից հետո, երբ իշխանությունից վտարվեց այդ երկրի նախկին նախագահ Ասկար Ակաեւը եւ իշխանությունն անցավ Կուրմանբեկ Բակիեւին: Ըստ որոշ լրատվամիջոցների, Բիշքեկում Յովանովիչի կողմից ԱՄՆ-ի առաքելության ղեկավարման ընթացքում ամերիկա-ղրղըզական հարաբերությունները ոչ միայն չլավացան, այլեւ նույնիսկ հետընթաց գրանցվեց: Դեսպանին չհաջողվեց ուժեղացնել ԱՄՆ-ի ազդեցությունն այդ երկրում, եւ պաշտոնական Բիշքեկը մի քանի անգամ բարձրացրեց ամերիկյան Մանաս բազայի փակման հարցը: Շատերը դա բացատրում են Յովանովիչի կոշտ դիրքորոշմամբ, որը ամերիկյան շահերի պաշտպանության հարցում բավականին հետեւողական է:

Ինչեւէ, Մարի Լուիզ Յովանովիչի թեկնածության առաջադրումը, որպես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի, հաստատման մի քանի շրջան պետք է անցնի: Առաջին հերթին իրենց համաձայնությունը պետք է տան մեր իշխանությունները, հետո նախագահ Բուշը այդ թեկնածությունը կարող է ներկայացնել Սենատի հաստատմանը: Եվ այստեղ, իհարկե, մի շարք հարցեր են առաջանում: Հիշենք, որ նախկին թեկնածու Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը չէր հաստատվել, որովհետեւ նա, փաստորեն, չէր ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, եւ սենատոր Մենենդեսը «սառեցրել» էր նրա թեկնածությունը: Հասկանալի է, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Յովանովիչի թեկնածության քննարկման ժամանակ այս հարցը նորից կարող է բարձրանալ: Խուսափել այս հարցի պատասխանից Յովանովիչին չի հաջողվի, իսկ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը, ինչպես հայտնի է, այս խնդրում փոփոխություն չի կրել: Այսինքն, գնալ ընդդեմ պետքարտուղարության տեսակետի նա չի կարող, իսկ այսօր Սենատում ավելացել են Ցեղասպանության ճանաչման կողմնակիցները, հետեւաբար Մենենդեսից բացի մյուս սենատորները եւս կպահանջեն հստակություն այս հարցում: Սակայն, մյուս կողմից էլ, Հայաստանը երկար ժամանակ չի կարող մնալ առանց դեսպանի, հետեւաբար նոր դեսպանի նշանակումը բխում է նաեւ Հայաստանի շահերից: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, Ամերիկայի հայկական լոբբիստական կառույցները Մարի Լուիզ Յովանովիչի նկատմամբ ավելի բարյացակամ են տրամադրված, բացառված չէ, որ «ճանաչո՞ւմ է արդյոք դեսպանի թեկնածուն Ցեղասպանությունը» հարցը այդպես էլ չհնչի: Մի հարց եւս կա, ինչո՞ւ Հոգլանդի թեկնածության սառեցումից այսքան ամիսներ անց Բուշը որոշեց ներկայացնել մեկ այլ թեկնածություն: Սակայն նոր թեկնածության առաջադրումը կարելի է կապել Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ եւ Վաշինգտոնի ցանկությամբ Երեւանում ունենալու դեսպան, որը կկարողանա ազդել Հայաստանում ԱՄՆ-ի քաղաքական շահերի առաջմղման վրա: «Ազգին» հայտնի է դարձել նաեւ, որ Յովանովիչի թեկնածությունը ներկայացվել է, երբ Երեւանում արտակարգ դրություն էր հաստատված, այսինքն` կարող ենք ենթադրել, որ Վաշինգտոնը վտանգված է համարում իր քաղաքական շահերը մեր երկրում եւ հավանաբար վախենում է Ռուսաստանի ազդեցության շարունակական աճից Հայաստանում: Հայաստանի ԱԳՆ-ում հաստատեցին, որ ԱՄՆ-ը պաշտոնապես նոր դեսպանի թեկնածություն է ներկայացրել , որն այժմ, ըստ գործող ընթացակարգի, քննարկման փուլում է: Ոչ պաշտոնական աղբյուրներից մեզ հայտնի է դարձել նաեւ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն համաձայնություն է տվել Մարի Լուիզ Յովանովիչին Հայաստանում դեսպան նշանակելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4