Վերջինի համար երեւի երկար սպասենք
Յուրաքանչյուր ճգնաժամ հնարավորություններ է ստեղծում: Վերջին օրերի իրադարձությունների համատեքստում «Հայաստան-Եվրոպա-2008» ծրագրի շրջանակներում Մեծ Բրիտանիայի կոնֆլիկտների կարգավորման լոնդոնյան ինստիտուտի եւ «Եվրոպական ժողովրդավարական շարժում» կազմակերպության կազմակերպած կոնֆերանսում այսպես բնութագրեց միջոցառման անցկացման պահի ընտրությունը Մեծ Բրիտանիայի կոնֆլիկտների կարգավորման լոնդոնյան ինստիտուտի գործադիր տնօրեն եւ Կովկաս-կասպյան հանձնաժողովի համազեկուցող Դենիս Սամութը:
Կովկաս-կասպյան հանձնաժողովը քաղաքացիական հասարակության նախաձեռնություն է, որը գլխավորում է ներկա դրությամբ Եվրոմիությունում նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը: Հանձնաժողովը 2007-ին հրատարակել է մի զեկույց` «Կովկաս-կասպյան տարածաշրջանի ապագայի տեսլականն ու դրա եվրոպական հեռանկարը», որին էլ անդրադարձավ Սամութն իր խոսքում` հիշատակելով նաեւ Հարավային Կովկասի առնչությամբ Եվրոխորհրդարանի հունվարին ընդունած փաստաթուղթը:
Ըստ Սամութի, հանձնաժողովի զեկույցում մի քանի ոլորտ է առանձնացվում, մասնավորապես անվտանգության եւ Կովկաս-կասպյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման, տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման եւ Եվրոմիության հետ հարաբերությունների կտրվածքով: Ըստ այդմ, զեկույցում նշվում է, որ չկան տարածաշրջանի համար արագ լուծումներ, այլ պետք է լինեն խիզախ որոշումներ:
Ամեն դեպքում, Հայաստանի պարագայում մեծ կարեւորություն ունի անվտանգության հարցը, որ, սակայն, չպետք է հասկանալ միայն տանկերի ու զինուժի առկայություն: Անվտանգության լավագույն եւ առաջին տարբերակն, ըստ Սամութի, հարեւանների հետ լավ հարաբերություններն են, ուստի Հայաստանի դեպքում խնդրահարույց են մնում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները, որոնք էլ, իրենց հերթին, հանգեցնում են ղարաբաղյան հակամարտության խնդրի չկարգավորված լինելուն:
Այս կապակցությամբ էլ հանձնաժողովի մոտեցումն այն է, թե ղարաբաղյան հարցն իսկապես լուծում ունի, ու թեեւ արդեն մեկ տարի հայտարարվում է դրան մոտ լինելու մասին, այնուամենայնիվ, պետք է շարունակել խաղաղ գործընթացը եւ երաշխիքներ առաջարկել կողմերին` վերջին կարեւոր քայլերն անելու համար:
Մեկ հարց միանշանակ է. հարավկովկասյան երկրները եվրոպական են, բայց ինչպե՞ս կարելի է դա ավելի շոշափելի դարձնել` մնում է հիմնական հարցը: Հետաքրքրական է, որ, ըստ զեկույցը ներկայացնող Դենիս Սամութի, հարավկովկասյան երկրների ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին իրավիճակը չի կարող մնալ նույնը, իսկ փոփոխության դեպքում էլ չկա համոզվածություն, թե դա կլինի դրական ուղղությամբ:
Կովկաս-կասպյան հանձնաժողովի համանախագահ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հերթին նշեց, որ քննարկման «Հայաստան-Եվրոպա» ընդգրկուն անվանմամբ կարեւորվում են Հարավային Կովկաս-Եվրոմիություն նոր հարեւանության ծրագրերն ու դրանց ազդեցությունը: Բաղդասարյանն ընդգծեց, որ մեծապես կարեւոր է Հայաստանի հետեւողական ինտեգրումը եվրոպական կառույցներին, ինչը ժողովրդավարական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումներ է ենթադրում, եղած բարեփոխումների խորացում:
Արթուր Բաղդասարյանն ընդգծեց Հայաստանի օրենսդրության` եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու կարեւորությունը կյանքի որակի բարձրացման, տնտեսությունից մինչեւ կրթություն բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Կովկաս-կասպյան հանձնաժողովի համանախագահը անդրադարձավ նաեւ տարածաշրջանային ինտեգրման կարեւորությանը, հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությանը: Ընդ որում, հայաստանյան վերջին երկու ընտրությունների համատեքստում առավել եւս մեծ նշանակություն է ձեռք բերում եվրոպական ինտեգրման գործընթացը:
Բաղդասարյանը խոսեց նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, նշելով երկխոսության գնալու անհրաժեշտությունը, ընդ որում, ոչ միայն երկրի ներսում, այլեւ հարեւանների հետ: Բռնությունն, ըստ Բաղդասարյանի, տեղ չունի ժողովրդավարության մեջ, բայց միեւնույն ժամանակ պետք է հասկանալ, որ ամիսներ կուտակված մաղձն ու ատելությունը բերելու են ոչ քաղաքակիրթ դրսեւորումների: ՕԵԿ նախագահը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ֆոնին, խոսեց նաեւ Ադրբեջանի վերջին օրերի ագրեսիվ քաղաքականությունից:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ