Սերբիան ՄԱԿ-ին պաշտոնապես առաջարկել է Կոսովոն բաժանել ըստ էթնիկական հատկանիշի: Դա Բելգրադին թույլ կտա վերահսկել ինքնահռչակ Կոսովոյի սերբաբնակ շրջանների կարեւոր հիմնարկներն ու կառույցները:
Փաստաթուղթը ՄԱԿ-ի կենտրոնակայան էր ուղարկվել անցյալ շաբաթ, բայց Բելգրադի մամուլում հրապարակվել է երկուշաբթի օրը: Սերբիան ՄԱԿ-ից խնդրում է Կոսովոյի սերբական միջնատարածքներում եւ Միտրովիցայի շրջանում ոստիկանությունը, դատարանները եւ մաքսատները վերահսկելու իրավունք: Նախագծի կողմնակիցներից մեկըՙ սերբ նախարար Սլոբոդան Սամարջիչը, այն համարում է սերբերի եւ Կոսովոյի ալբանացիների գործառույթների բաժանման նախագիծ:
Լոնդոնի «Գարդիան» թերթը հիշեցնում է, որ Կոսովոյի անկախության հակառակորդ, վարչապետ Վոյիսլավ Կոշտունիցայի կառավարությունը պաշտոնապես երբեւէ չէր առաջարկել էթնիկորեն սահմաններ անցկացնել, քանի որ դա կնշանակեր Սերբիայի հրաժարում ամբողջ Կոսովոյից: Նոր փաստաթղթում Բելգրադը ՄԱԿ-ին ճանաչում է Կոսովոյի միակ իշխանական կառույց, բայց անօրինական համարում ինչպես Կոսովոյի կառավարությունը, այնպես էլ ԵՄ առաքելությունը, որին պետք է երեք ամսվա ընթացքում փոխանցվեն ՄԱԿ-ի լիազորությունները:
Անցյալ շաբաթ Կոսովոյի սերբաբնակ Միտրովիցայի շրջանում սերբերը բախումներ էին սկսել ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի զինծառայողների հետ: Տասնյակ մարդիկ վիրավորվել էին, իսկ ուկրաինացի խաղաղարարներից մեկը վերքերից մահացել էր հիվանդանոցում: Սլոբոդան Սամարջիչն անուղղակիորեն սպառնացել է, որ եթե ՄԱԿ-ը մերժի Բելգրադի առաջարկությունը, ապա կարող են տեղի ունենալ նոր բախումներ: