Թուրքական «Թրքիշ դեյլի նյուզ» թերթի մարտի 19-ի տվյալներով, Ավստրիայի եւ Իսլանդիայի հետ նույն խմբում Թուրքիան իր թեկնածությունն է ներկայացրել ՄԱԿ-ինՙ դառնալու նրա Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամը 2009-10 թվերի համար: Իսլանդիան երբեք անդամ չի եղել, բայց նա, ինչպես նաեւ Ավստրիան կարող են ամբողջ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի պաշտպանությունը վայելել է եւ այդպիսով խոչընդոտել Թուրքիային: Վերջինս ժամանակին (1951-52, 1954-55 եւ 1961-ին), երբ 60 հիմնադիր եւ 30 նորանկախ երկրներից էր բաղկացած Անվտանգության խորհուրդը, եղել էր ոչ մշտական անդամ, բայց այժմ իրադրությունն ավելի բարդ է: ՄԱԿ-ը 192 անդամ երկրներ ունի իր կազմում, եւ Թուրքիայի կառավարությունը շատ խոչընդոտներ պետք է հաղթահարի թեկնածության պահանջները բավարարելու համար, գտնում է թերթը եւ բերում երկրի ստանձնած միջազգային պարտավորություններում թերանալու չորս հիմնական օրինակներ:
Անկարան, Պեկինի եւ Խարթումի հետ, շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, որը Դարֆուրում կատարվածը ցեղասպանություն է որակում: 2005-ին վարչապետ Էրդողանը Սուդանում հայտարարել էր, որ դա ցեղասպանություն չէ:
Հակառակ 2004-ին տված իր խոստմանը, Թուրքիան մինչ օրս չի վավերացրել ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանի Հռոմի օրենսդրական ակտը:
Թուրքիան չի վավերացրել նաեւ Կիոտոյի արձանագրությունը, որը մթնոլորտի աղտոտվածության դեմ պայքարելու կոչ է:
Եվ վերջապես չորրորդՙ մարդու իրավունքների պաշտպանության ոչ այնքան բարվոք ցուցանիշները: Մասնավորապես կառավարության կոպիտ վերաբերմունքը Իրաքի փախստականների հանդեպ:
Բայց ամենամտահոգիչն այն է, որ Թուրքիան այդ հարցին վերաբերվում է «երկկողմ հեռանկարների» կամ «շահերի» տեսակետից, կարծես Անվտանգության խորհրդի անդամ դառնալն ու ՄԱԿ-ի սկզբունքներին հավատարիմ մնալը եւ ստանձնած պարտավորությունների կատարումն իրարից անկախ խնդիրներ լինեն, եզրակացնում է թերթը:
Թեկնածուների անդամակցության հարցը լուծվելու է աշնանը:
Հ. Ծ.