«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ԹՈՒՐՔԻԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գուլերը պաշտոնապես երկրի առաջին ատոմակայանի կառուցման մրցույթ է հայտարարել, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: Ենթադրվում է, որ 4000 մեգավատտ հզորությամբ ԱԷԿ-ը կկառուցվի Մերսինի նահանգում, միջերկրածովյան այդ նավահանգստի մոտակայքում:

Տվյալ պարագան արդեն բնապահպանների բողոքներն է հարուցել: Մինչդեռ Թուրքիայի իշխանությունները մտադիր են մինչեւ 2013 թվականը երկրի ատոմակայանների թիվը հասցնել 3-ի:

Պետական TETAS էներգաընկերությունը առաջին ատոմակայանի շինարարության հայտեր կընդունի մինչեւ սեպտեմբերի 24-ը: Նախարար Գուլերի խոսքերով, նախագիծը լիովին կիրականացվի մասնավոր ներդրումների հաշվին: 2007-ին ատոմային էներգետիկայի վերաբերյալ ընդունված օրենքի համաձայն, պետությունը երաշխավորում է յուրաքանչյուր կայանի էլեկտրաէներգիայի գնումները դրա բացմանը հաջորդող 15 տարվա ընթացքում:

Ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունում Ինտերֆաքս գործակալության թղթակցին հայտնել են, որ ընկերությունը մտադիր է մասնակցել մրցույթին եւ թուրքերին կառաջարկի 100 Մգվտ հզորությամբ ջրաջրային էներգետիկ ռեակտորների վրա հիմնված նախագիծ: Ավելի վաղ ընկերության ղեկավար Սերգեյ Շմատկոն հայտարարել էր, որ Թուրքիայում ռուսների մրցակիցը կարող է դառնալ Կանադան, որն առաջարկել է ծանր ջրով գործող CANDU տիպի ռեակտոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4