Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Քուրթուլուշ Թաշքենթը ռուսական «Պոլիտիչեսկի ժուռնալ» հանդեսին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին` ասել է. «Ցավոք, ԱՊՀ բոլոր երկրներից միայն Հայաստանի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ: Դրա պատճառն այն է, որ Հայաստանի անկախության հռչակագրում եւ սահմանադրության մեջ պարունակվում են որոշ դրույթներ, որոնք տարածքային պահանջներ են առաջադրում Թուրքիային: Երկրորդ հանգամանքն այն է, որ Հայաստանը փորձում է այնպես անել, որ երրորդ երկրների խորհրդարանները որոշումներ ընդունեն, թե եղել է, այսպես կոչված, Հայոց ցեղասպանություն»: Ըստ թուրք դեսպանի, Հայաստանի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերություններ չունենալու երրորդ պատճառն այն է, որ «Հայաստանի կողմից օկուպացված է Ադրբեջանի տարածքի մի մասը»: «Մենք հարեւան երկրներ ենք եւ միշտ կմնանք այդպիսին: Ուստի նորմալ հարաբերություններ զարգացնելը լիովին համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին: Մենք հուսով ենք, որ պարոն Սարգսյանը կօգնի մեզ բացել ուրիշ էջ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում», հայտարարել է Քուրթուլուշ Թաշքենթը: