«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՆԸ ԵՐԲԵՄՆ ԱՐՅՈՒՆՆ Է

Նախկին խորհրդային երկրները ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի միջեւ

2003-ի գարնան մի առավոտյան իմ թիֆլիսցի բարեկամներից Լելա Բլագոնրավովան, որ հրաշալի լուսանկարիչ լինելուց բացի բարի աղջիկ է, իր հայ, ադրբեջանցի եւ վրացի համակուրսեցիներին պատմում էր «Կմարա»-ի մասին: Մենք Թբիլիսիում միասին սովորում էինք լրագրողների դպրոցում: Դա ինտերնացիոնալ դպրոց է, որտեղ նույն դասարանում սովորում եւ մագիստրոսի կոչում են ստանում ղարաբաղցին, աբխազը, վրացին, օսը, հայը եւ Կովկասի մյուս ազգությունների ներկայացուցիչները: Լելան պատմում էր, որ մեկ-երկու օրվա ընթացքում Վրաստանի մայրաքաղաքի բնակելի շենքերի, ուսումնական հաստատությունների եւ աչքի համար երեւացող բոլոր տեղերում վրացի երիտասարդական խմբերը մեծ տառերով գրել են «Կմարա»: Այս բառը թարգմանաբար նշանակում է` «հերիք եղավ»: 2003-ի ուշ աշնանը, երբ նաեւ «Կմարա» երիտասարդական շարժման աջակցությամբ տապալվեց Էդուարդ Շեւարդնաձեն, մենք իմացանք, որ մեր դպրոցն էլ է ներգրավված եղել հեղափոխական պայքարում:

2007-ի աշնանը Երեւանի «Ազատության» հրապարակում, երբ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սկսել էր իր խաղաղ հանրահավաքները, նրա համախոհներից նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին հարցրի. «Սրա վերջն ի՞նչ է լինելու»: «Հեղափոխություն», մեկ բառով պատասխանեց Արզումանյանը: Արդեն փետրվարի երրորդ տասնօրյակում, երբ «Ազատության» հրապարակը վերածվել էր վրանային ավանի, իսկ ամեն օր տեղի էին ունենում տասնյակ հազարանոց հանրահավաքներ, շատերը չէին կասկածում, որ Հայաստանում էլ է գունավոր հեղափոխությունը ընթացքի մեջ: Իր վերջին ելույթներից մեկում Տեր-Պետրոսյանը ուղղակի ասաց. «Շատերը հարցնում են` ի՞նչ գույն ունի այս հեղափոխությունը: Այս հեղափոխությունը գույն չունի»:

Գարնան առաջին օրը մենք հասկացանք, որ հայկական հեղափոխությունը գույն ունի եւ դա արյունն է: Բայց սա առաջին դեպքը չէ, երբ ժողովրդական զանգվածների օգնությամբ եւ նրա ճնշման տակ իրականացվող հեղափոխությունները եւ անհաջող փորձերն ավարտվում են բախումներով կամ մարդկային ողբերգություններով: Անգամ եթե դա Վրաստանն է, որը, ի տարբերություն Հայաստանի, անընդհատ միջազգային կազմակերպությունների, պետությունների եւ հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:

2005-ի գարնանը ես հարյուրավոր հայ եւ օտարազգի լրագրողների նման շտապել էի Թբիլիսի` ավելի մոտիկից տեսնելու աշխարհի հզորագույն երկրի նախագահին: Ջորջ Բուշը իր շրջագայության կայարաններից մեկն ընտրել էր հենց Վրաստանը, հավանաբար նաեւ ցույց տալու ոչ միայն իր անվերապահ աջակցությունը «վարդյա առաջնորդին», այլեւ հարեւան երկրների համար օրինակ բերելու վրացական ժողովրդավարության նվաճումը: Բուշը Թբիլիսիի «Ազատության» հրապարակում (այս հրապարակը շատ թիֆլիսցիներ մինչեւ հիմա էլ կոչում են իր հին անունով` Երեւանյան) ունեցած ելույթում հազարավոր հավաքվածներին բացատրում էր, որ Վրաստանը կովկաս-կասպյան տարածաշրջանում ժողովրդավարության փարոսն է: Սաակաշվիլու դեմքը մայիսյան արեւի տակ երջանկությունից պայթում էր:

Ընդամենը երկուսուկես տարի անց` 2007-ի նոյեմբերի 6-ին, Սաակաշվիլու ուժայինները ջրցան մեքենաներով, մահակներով, արցունքաբեր գազով եւ էլեկտրաշոկերով հազարավոր ցուցարարների հետապնդում էին Թբիլիսիի փողոցներով, դաժանաբար ծեծում անգամ նրանց, ովքեր թաքնվում էին եկեղեցում:

«Գունավոր հեղափոխություն» տերմինն արդեն քաղաքական բառապաշարի մաս է կազմում: «Վիկիպեդիա» ազատ հանրագիտարանը, ինտերնետը` ընդհանրապես, հարյուրավոր էջեր են տրամադրել հիմնականում ԱՊՀ երկրներում իրականացված եւ Արեւմուտքի անթաքույց հավանությունը, երբեմն` ֆինանսական եւ քաղաքական աջակցությունը ստացած թավշյա հեղափոխությունների պատմություններին:

Սակայն փորձը ցույց է տալիս, որ գունավոր հեղափոխությունները ժողովրդավարության հաստատման եւ տնտեսական բարգավաճման լավագույն միջոցները չեն: Նախկին խորհրդային հանրապետությունների անցած ճանապարհը ցույց է տալիս, որ զարգացման էվոլյուցիոն, այլ ոչ թե հեղափոխական տարբերակն է այս երկրներին ապահովել կայուն զարգացում:

Քաղաքագետներն ու փորձագետները ժողովրդավարության եւ տնտեսական բարեկեցության առումով նախկին խորհրդային 15 հանրապետությունները բաժանում են պայմանական երեք մեծ խմբերի: Առաջին խմբում բալթյան երեք երկրներն են` Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան, որոնք արդեն անդամակցել են ՆԱՏՕ-ին եւ Եվրոմիությանը: Այս երեք երկրների առաջնորդները շատ կարճ ժամանակահատվածում կարողացան իրենց ժողովուրդների համար ապահովել բարեկեցիկ կյանք:

Երկրորդ խմբում միջինասիական հինգ հանրապետություններից չորսն են (բացառությամբ Ղրղզստանի) եւ Բելառուսը: Այդ հինգ երկրներում հաստատվել են ավտորիտար վարչակարգեր կլանային տնտեսությամբ եւ ժողովրդավարության ու ազատ մամուլի կատարյալ բացակայությամբ: Անշուշտ, վերոնշյալ հինգ երկրներն էլ տոտալիտար հակումներով միմյանցից տարբերվում են: Եվրոպայում գտնվող Բելառուսը Թուրքմենստան չէ, իսկ Ղազախստանը, որտեղ բնակչության մի ստվար հատված ռուս է կամ ռուսախոս, անհամեմատ ազատ է, քան հարեւան Ուզբեկստանը կամ Տաջիկստանը:

Եթե բալթյան երեք երկրները անշրջելիորեն գնացել են ժողովրդավարության ուղղությամբ, իսկ միջինասիական չորս պետությունները եւ Բելառուսը` ավտորիտար կառավարման, ապա ԱՊՀ մյուս յոթ հանրապետությունները, այդ թվում` Հայաստանը, մաքառում են ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի միջեւ: Քրիստոնյա Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը, ինչպես նաեւ` Ղրղզստանը, ավելի հակված են դեպի ժողովրդավարությունը, քան Ադրբեջանն ու Ռուսաստանը, երկրներ, որտեղ տարիներ առաջ է հայտնի դառնում, թե ով է դառնալու երկրի հաջորդ նախագահը: Ադրբեջանում եւ Ռուսաստանում քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են առաջին հերթին ոչ այնքան ընտրելու, որքան այդ ընտրությունների նախապես հայտնի արդյունքը հաստատելու նպատակով:

Հետխորհրդային այն երկրներում, որտեղ իրականացվել են գունավոր հեղափոխություններ, ժողովրդավարության հաստատման կամ ամրապնդման իմաստով հաջողությունները տպավորիչ չեն: Ավելին, կարելի է անգամ բանավիճել` Վրաստանն ավելի ժողովրդավար էր մինչեւ 2003 թվակա՞նը, թե՞ դրանից հետո: Կամ` Ուկրաինան ու Ղրղզստանը, որտեղ իրականացվել են համապատասխանաբար «նարնջագույն» եւ «կակաչների» հեղափոխություններ: Ո՞վ էր ավելի ժողովրդավար ու այլակարծությունը հանդուրժող` Ասկար Ակաեւը, թե՞ նրան փոխարինած Կուրմանբեկ Բակիեւը:

Ժամանակին` նախորդ դարի 90-ականներին, երբ Խորհրդային Միությունը նոր էր փլուզվել, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ութ հանրապետություններից միայն երկուսն էին Արեւմուտքում ընկալվում որպես ժողովրդավարության օազիսներ` Հայաստանը եւ Ղրղզստանը: Եթե այնպես ստացվեր, որ Տեր-Պետրոսյանը կարողանար «անգույն հեղափոխությամբ» վերադառնալ իշխանության, ապա Հայաստանը կդառնա՞ր ավելի ժողովրդավար, քան Ռոբերտ Քոչարյանի իշխանության տասնամյակում: Համենայն դեպս, 1994-1997 թթ. Տեր-Պետրոսյանի Հայաստանը ավելի ժողովրդավար չէր, քան Քոչարյանի Հայաստանը նրա գահակալության առաջին հնգամյակում` 1998-2003 թթ.:

ԱՊՀ տարածքում հաջողությամբ իրականացված բոլոր երեք գունավոր հեղափոխությունները ունեն գլխավոր մեկ առանձնահատկություն. այդ երկրներում իշխանության են գալիս առաջնորդներ եւ վարչակարգեր, որոնք փորձում են դուրս գալ Կրեմլի տնտեսական, քաղաքական եւ ռազմական ազդեցության ոլորտից եւ ընդունել արեւմտամետ կողմնորոշում, ինտեգրում եվրատլանտյան կառույցներին: Եթե Եվրոպայից տարածությամբ շատ հեռու եւ ցամաքով շրջափակված Ղրղզստանը դեռ չի կարող պարծենալ հաջողություններով, ապա Վրաստանը եւ Ուկրաինան հույս ունեն, որ առաջիկա ապրիլին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովում միգուցե հրավեր ստանան անդամակցելու դաշինքին: Համենայն դեպս, ՆԱՏՕ-ին անդամակցելու Թբիլիսիի եւ Կիեւի հավակնություններն այլեւս ուտոպիական չեն հնչում, ինչպես մի քանի տարի առաջ:

Եվ վերջում, արդյոք Հայաստանում տեղի ունեցածը, որն ավարտվեց ութ մարդու սպանությամբ եւ ավելի քան 130-ի մարմնական վնասվածքով, գունավոր հեղափոխության փո՞րձ էր: Հավանաբար, այո, քանի որ երբ մինչեւ մարտի 1-ը տեղի ունեցած իրադարձությունները համեմատում ենք Վրաստանի կամ Ուկրաինայի դեպքերի հետ, շատ են նմանությունները, սկսած սիմվոլներից` վերջացրած ուսանողությամբ, որն անարյուն հեղափոխությունների շարժիչ ուժն է: Այսպես, Տեր-Պետրոսյանն ամենուր որպես լոգո օգտագործում էր բռունցքը որպես ուժի խորհրդանիշ, ինչպես վրացական «Կմարան» եւ ավելի վաղ սերբական «Օտպորը»: Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմը, ինչպես վրացականի եւ ուկրաինականի դեպքում, սկսել էին խաղաղ, անժամկետ ցույցերը, որպեսզի ժողովրդի ճնշման տակ ստիպեն Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հեռանալ կամ առնվազն նոր ընտրություններ նշանակվեն:

Կարելի է նաեւ այլ նմանություններ գտնել, բայց կանգ առնենք գլխավոր տարբերության վրա:

Ի տարբերություն Վրաստանի կամ Ուկրաինայի, միջազգային հանրությունը Հայաստանի նախագահական ընտրությունները որակեց հիմնականում համապատասխան եվրոպական չափանիշներին, եւ ի տարբերություն Միխեիլ Սաակաշվիլու եւ Վիկտոր Յուշչենկոյի, չաջակցեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Որքան էլ հակառակը պնդեն, թե Տեր-Պետրոսյանին դրսից աջակցում էին, ակնհայտ է իրողությունը, որ եվրոպական կառույցները Տեր-Պետրոսյանին չաջակցելով անուղղակիորեն աջակցում էին Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին:

«Ազգի» նախկին լրագրողներից Թաթուլ Հակոբյանը, որ այսօր աշխատակցում է Նյու Ջերսիում լույս տեսնող անգլիատառ «The Armenian Reporter» շաբաթաթերթին եւ Երեւանի Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետ է, այս հոդվածը հրապարակել է «The Armenian Reporter»-ի մարտի 15-ի համարում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4