(լրաքաղ երեկվա ԶԼՄ-ներից)
Արամեերեն ձեռագրերը պարունակել են բռնության կոչեր
Մարտի 24-ի գիշերը ձերբակալվել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Նրա տանը կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել է հին արամեերեն տեքստերը վերծանելու դեռեւս անհայտ մեթոդի նշանների քարտեզ: Բանուչյանն այդ մեթոդից օգտվել է միայնակ եւ չի հայտնել ուր որ հարկն է` սասանելով մեր պետականության հիմքերը: Ժամը 9-ից մինչեւ ուշ գիշեր տեւած հարցաքննության ժամանակ հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ այդ մեթոդով վերծանված հին արամեերեն ձեռագրերը պարունակում են Հայաստանի պետության հիմքերը սասանող բռնության կոչեր:
«Ազատություն»
Լույս կտեսնի նոր օրաթերթ` «Թուքումուր»
Շուտով նոր ոճով լույս կտեսնի նոր օրաթերթ` «Թուքումուր»: Այնտեղ կլինեն դատարկ էջեր` թքով թրջելու համար, էջերից մեկը կունենա թիրախ` մեջտեղում որեւէ պաշտոնյայի կամ կառավարության շենքի պատկերով, որը կախելով «Ազատության» հրապարակում` թքի մրցում է կազմակերպվելու. «Ով ավելի երկար կթքի» եւ «Ով կթքի թիրախի կենտրոնին» մրցաձեւերում կվճռվեն հաղթողները, որոնց որպես մրցանակ տրվելու են «վազվռատ» եղած «Թուքումուրի» տրցակները: Շտապեք բաժանորդագրվել, նախկին հանրահավաքայինների բաժանորդագրությունը խրախուսվում է:
«Ա1 պլուս» + «Ժամանակ Երեւան»
Ֆիզիկական սպառնալիքներ Նիկոլին
ԿՀՎ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Հայաստանի ԱԱԾ-ին հրամայված է ոչ թե ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, այլ ֆիզիկապես ոչնչացնել` զինված դիմադրության իմիտացիա ստեղծելով: Լուրը հայտնում է նաեւ, որ նախապես ճշտվել է` արդյոք ԿՀՎ-ն ցանկանո՞ւմ է, որ հայկական կողմը Նիկոլին հանձնի ամերիկյան կողմին: ԿՀՎ-ից ստացվել է բացասական պատասխան. «Բա դիմադրության իմիտացիա՞ն, բա «Պայքար մինչեւ վերջը»:
Լուր` մեկ տողով
Էն Սուրենյանցին ընչի՞ բռնեցին:
Ընդհատակյա մամուլից
ԱԳ նախկին աշխատակիցները զարթնեցին
Վերջապես ԱԳ 4 աշխատակիցները, ում աշխատանքից հեռացրել էին «քաղաքականություն ծավալելու փորձ» իրականացնելու պահին, որոշել են հայց ներկայացնել վարչական դատարան. «Չէ, էլի, ասացինք` վպՑ, այդպիսի փորձ չենք արել, հետ տվեք մեր պաշտոնները, դեռ հարկադիր պարապուրդի համար էլ վճարեք»: Մերժման դեպքում ԱԳ նախկիններն անցնելու են բոլոր դատական ատյաններով, հետո դիմելու են Սահմանադրական դատարան, դրանից հետո էլ` Եվրոդատարան: Բա:
«Առավոտ», «Ազգ»