«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Մինչեւ վերջերս Արցախում ինտերնետ ծառայություն մատուցող երկու ընկերություն կար` ի դեմս «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական եւ «Արմինկո-ՆԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների: Այսուհետեւ, սակայն, Արցախի հեռահաղորդակցության եւ էլեկտրոնային հաղորդակցության դաշտում կգործի նաեւ երրորդ պրովայդերը` «Արդի տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն: Դա հնարավոր է դարձել, երբ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերջինիս տրամադրել է համապատասխան լիցենզիա:

Արդյոք Ղարաբաղի նման փոքր երկրի համար երրորդ պրովայդերի առկայությունը շքեղությո՞ւն կլինի: Համենայն դեպս, ՀԾՏՄԿՊՀ-ն ելնելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ԼՂՀ օրենքի պահանջներից` հանձնաժողովն օրերս կայացած նիստում ընդունել է նման որոշում: Հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի խոսքով` անհրաժեշտ է խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, որովհետեւ բարեխիղճ մրցակցությամբ ստեղծվում է այնպիսի միջավայր, որտեղ վերջում շահում են սպառողները եւ հենց իրենք` ծառայություն մատուցողները: Բացի այդ, շուկան հագեցած լինելու պատրվակով բնագավառ մուտք գործելու հայտ ներկայացրած ընկերությանը մերժելով` իրենք ոչ միայն չեն խթանի տնտեսական մրցակցությունը, այլեւ կխրախուսեն անբարեխիղճ մրցակցությունը, եւ գերիշխող դիրք գրավող ընկերությունը կարող է չարաշահել իր դիրքը:

Դա իրոք այդպես է, սակայն եթե «Ղարաբաղ Տելեկոմի» ներկայացուցիչը վերոհիշյալ նիստում շատ լոյալ ընդունեց ՀԾՏՄԿՊՀ այդ որոշումը, ապա «Արմինկո-ՆԿ» ընկերության ներկայացուցիչը չթաքցրեց իր դժգոհությունը, նշելով, որ արդեն մի քանի տարի հաջողությամբ գործունեություն ծավալող երկու ընկերությունները կարողանում են Ստեփանակերտում յուրաքանչյուրի համար ինտերնետ հասանելիության հնարավորություն ապահովել: Նա մասնավորապես առաջարկեց նոր պրովայդերի համար նախ փորձարկման մի փոքրիկ տարածք տրամադրել` փորձելու համար նրա հնարավորությունները, որից հետո միայն լիցենզիա տրամադրել:

Հանձնաժողովի նախագահի համար անընդունելի էր այդպիսի մոտեցումը, քանի որ անօրինական կլիներ առանց լիցենզիայի գործունեություն ծավալելը:

Հարկ է նշել, որ նոր պրովայդերը` «Արդի տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն նպատակ ունի ավելի էժան ու որակով ինտերնետ ծառայություններ մատուցել, որի տեխնիկական ու ֆինանսական հնարավորությունները, ընկերության ներկայացուցչի հավաստմամբ, ընկերությունն ունի: Այդ պարագայում, հավանական է, շուտով Արցախում կսկսեն գործել էլեկտրոնային հաղորդակցության նոր, ավելի մատչելի սակագներ: Եվ սա կլինի ազատ տնտեսական մրցակցության իրական արդյունքը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4