«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԱԿԱՆԱՏԵՍ-ՎԿԱ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԻՑ

Գրեթե մեկ դար առաջ հայոց հնագույն մայրաքաղաք Տուշպա-Վանում ծնված Վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Վասպուրական» հայրենակցական միության պատվավոր նախագահ Վարազդատ Հարությունյանը մեզ հետ չէ այլեւս:

Հայրենի բնօրրանի ակունքներից եկող նրա երիտասարդական ուժն ու եռանդը մշտապես զարդարել են իր վաստակաշատ կյանքի իմաստալից ուղին:

Մինչեւ վերջ էլ նա սքանչելի հիշում էր իր հայրական տունն Այգեստանի Խաչփողանում...

Դժվար է եղել նրա մանկությունը: Նա անցել է գաղթի դաժան ճամփաներով, որպես ականատես-վկա տեսել հայ ժողովրդի անասելի տառապանքները: Նրա ականջներում դեռ հնչում էին ժողովրդական «Դլե յաման» եղերերգի տխուր հնչյուններն այլազան խոսքերով.

«Գիշեր ու զօր լաց ու ողբ եմ ես լսում,

Չունիմ հանգիստ, չունիմ դադար, չունիմ քուն,

Աչքս փակում` մեռելներ եմ միշտ տեսնում,

Կորցրեցի ազգ, բարեկամ, հող ու տուն»:

Սակայն Վարազդատ Հարությունյանը մեր տառապած, բայց փառապանծ հայ ժողովրդի նման հաղթահարել է բոլոր տեսակի դժվարությունները եւ իր կյանքը դարձրել բեղուն աշխատանքով եւ ստեղծագործական հաջողություններով առլեցուն մի դարաշրջան: Քանզի առաջնորդվել է «Մենք պիտի հաղթենք նաե՛ւ ապրելով» նշանաբանով եւ ոչ միայն վերապրել է, այլեւ անկասելի հրայրքով նվիրվել գիտական, հասարակական, հրապարակախոսական, ստեղծագործական ասպարեզներին, հեղինակել մի շարք կոթողային մենագրություններ, որոնցով աշխարհին է ներկայացրել հազարամյակների հնություն ունեցող մեր մշակույթը, մեր ճարտարապետական անկրկնելի հուշարձանները, որոնք, ավա՜ղ, այժմ ավերվել են, եւ նա ափսոսանքով միշտ կրկնում էր. «Այժմ Եղեռնը վերաբերում է հայկական հուշարձաններին...»: Սակայն որպես ազգանվեր հայ մտավորական նա չի լռել, այլ իր համարձակ եւ խրոխտ ձայնը բարձրացրել է ի լուր մարդկությանը, որպեսզի չարին վերջ տրվի եւ բարին հաղթանակի աշխարհում...

Վարազդատ Հարությունյանը, որպես Հայոց ցեղասպանությունից վերապրած ականատես-վկա, խորհրդանշում էր հայ ժողովրդի կորցրած Էրգիրը, ուստի պահանջատիրության կրակը միշտ բորբոք էր նրա սրտում: Իզուր չէ, որ Վան-Վասպուրական հայրենակցական միության պատվավոր նախագահն էր եւ վաստակյալ նահապետին հատուկ իրավունքով նա այցելել է մեր պապենական վայրերը: Իր աչքերով տեսել Աղթամարի Ս. Խաչ հոյակերտ եկեղեցին, կրկին մկրտվել Վանա ծովի ջրերում եւ, ստեղծագործական նոր ուժ ու ավյուն ստացած, վերադարձել` օրինակ ծառայելով շատ-շատերին: Եվ մեկը մյուսի հետեւից սկսել են լույս տեսնել նրա արդեն վերջին շրջանի աշխատությունները, որոնք վերաբերում էին ոչ միայն աշխարհով մեկ սփռված հայ ճարտարապետների կյանք ու գործին, այլեւ տարբեր երկրներում իր անթիվ ու անհամար հանդիպումներին, հրապարակախոսական ելույթներին, հարցազրույցներին, հուշագրություններին, որոնք դարակազմիկ էին, ինչպես նրա գրքերից մեկի խորիմաստ խորագիրը` «Դարը մեր մեջ, մենք` դարի», քանի որ Վարազդատ Հարությունյանի գործերը մնալու են դարերին...

Ստորեւ ներկայացնում եմ Հայոց ցեղասպանության ականատես վկա վերապրող Վ. Հարությունյանի պատմած հուշ-վկայությունը, որը ես գրառել եւ տեսագրել եմ 1997 թ.: Հուշն ամբողջությամբ տես` Վ. Սվազլյան, «Հայոց Ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» (Երեւան, 2000, թիվ 43, էջ 123-124) գրքում: Հարցազրույցի տեսագրությունը պահվում է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում:

ՎԱՐԱԶԴԱՏ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

(ԾՆՎ. 1909 Թ., ՎԱՆ)

Ծնվել եմ Վան քաղաքի Այգեստաններում, Չաղլի փողանում: Իմ մայրն ասում էրՙ ամեն աշուն մեկը կգլորեինք, այսինքնՙ մի զավակ կունենային: Հայրս ու մայրս ունեին յոթը երեխաՙ չորս որդի, երեք դուստր:

Մենք ապրում էինք Չաղլի փողանում, նահապետական մի տան մեջ: Փողոցի կողմում ապրում էր իմ Զատիկ տատիկը, որը չուզեց տունը թողնել եւ նահատակվեց: Մի կողմում հորեղբայրներս էին ապրում, մյուս կողմումՙ մորեղբայրներս: Բայց հիշարժանը մեր այգիներն էին: Հորեղբայրսՙ Տեր¬Արթինենց Հարությունը ծաղիկներ էր աճեցնում: Ում տանը որ ուրախություն լիներ, գալիս ծաղիկ էին տանում:

Հայրս գնացել էր Պոլիս ղարիբության, սովորել էր դերձակություն եւ վերադարձել Վան: Մենք ապրում էինք խաղաղ, երջանիկ ու ստեղծագործական կյանքով:

Հիշում եմ Վանի 1915 թ. իրադարձություններըՙ ապրիլի 7-ին սկսվեց հայերի ապստամբությունը, որը մայիսի 4-ին հաղթանակով ավարտվեց: Թուրքերը շատ վայրագ էին: Շատ նշանավոր հայ մտավորականների նախօրոք բանտարկել էին: Նրանց մեջ էին Արշավիր Սոլախյանն ու իր ընկերները, որոնց բոլորին սպանել էին թուրքերը: Ամբողջ ժամանակ կրակոցները գալիս էին Քաղաքամիջում եւ Այգեստանում: Մերոնք սահմանափակ փամփուշտներով կռվում էին բազմահազար կանոնավոր թուրքական զորքերի դեմ, որոնք լսելով ռուսական զորքերի գալուստըՙ ճողոպրեցին:

Ռուսական բանակի քաղաքականությունն էր: Ստիպված հետ քաշվեցինք: Հիշում եմ, մայրս ու քույրս հաց էին թխում: Հայրս խուրջիններն էր պատրաստում, որ մեր ունեցածը տեղավորենք:

Խաչփողան փողոցից դուրս եկանք: Մեր ունեցածը բարձել էինք կովի վրա, որն իր համար անսովոր բեռը իր թիկունքից գցեց ու փախավ: Ստիպված մեր ունեցածը մենք շալակեցինք, դուրս եկանք Վանից, դեպի Բերկրի բարձրացանք:

Բանդիմահու կամուրջով անցնելիս վանեցիները շատ զոհ ունեցան: Կամուրջը նեղ էր, այնքան ցավալի էր, շատերն ստիպված էին երեխաներին գետը նետել:

Ամենից կատաղի կռիվների մենք հանդիպեցինք Բերկրիի մոտ: Ռուսական զորքերը երեխաներին վերցրել էին ռուսական ֆուրգոնների վրա, եւ քրդերը, որոնք էն ժամանակ վարձված էին հայերին կոտորելու համար, հարձակվեցին մեզ վրա: Ֆուրգոնները շուռ էին գալիս: Երեխաները ջուրն էին թափվում, եւ մեզ ուղեկցող ռուս զինվորները քրդերին քշեցին, որ ձորի բերանը բացեն: Նրանք քրդերին քշեցին, ձորի բերանը բացեցին, իրենք վերադարձան: Ինձ նստեցրել էին ֆուրգոնի մեջ: Ճանապարհին Իգդիրում մնացինք: Ոմանք դժգոհեցին, որ մենք սոված ենք ու հաց ենք ուզում:

Արաքս գետն անցանք: Եկանք, Էջմիածնի վանքի պատերի տակ գաղթականները լցված, տիֆի համաճարակից օրական հարյուրավոր մարդիկ էին մեռնում: Վիճակը շատ ծանր էր: Տներն անգամ հիվանդանոց էին դարձել: Եղբայրսՙ Գուրգենը, երբ մահացավ, ես տեսա, թե ինչպես փայտը թարս ու շիտակ շարում են իրար վրա, այնպես էլ մեռելներին էին իրար վրա շարում, որ գիշերը տանեն եղբայրական գերեզմանը գցեն:

Հայրս տեսավ, որ մենք եւս պիտի մեռնենք, մեզ հավաքեց, տարավ Թիֆլիս: Այնտեղ էին հորեղբայրսՙ Տեր-Հարությունյաններն իրենց ընտանիքով, որոնք 1896 թ. դեպքերից հետո գաղթել էին: Ես, մայրս, հայրս, եղբայրսՙ Արծրուն Հարությունյանըՙ Արաքսյայի հայրը: Մեզ տեղավորեցին Արամյան հիվանդանոցում: Այնտեղ տիֆից վախճանվեց հայրս:

Մենք մեզ գտանք որբանոցում: Ես, քույրս եւ եղբայրս Բարեգործականի որբանոցում ենք մեծացել, որի շեֆությունը Հովհաննես Թումանյանն էր իրականացնում: Նա որդեգրել էր երեք տղաներիՙ ապագա բանաստեղծ Վաղարշակ Նորենցին, գրականագետ Նորայր Դաբաղյանին եւ Միհրան Թյությունջյանին: Թիֆլիսի Ծիրանավոր վանքի բակում էր որբանոցը: Ուխտավորները գալիս էին մատաղ անելու, եւ մենք սնվում էինք, բայց հետո դժվարացավ:

Մեր հայոց լեզվի ուսուցիչ Ծերուն Թորգոմյանը հրատարակում էր «Համբավաբեր» հանդեսը, 1916 թ. մարտ ամսվա համարում լույս է տեսել մեր որբանոցի լրիվ ցուցակը: Այդտեղ ես երկու հարյուր չորս համարն եմ, ընդամենը յոթը տարեկան, եղբայրսՙ ինը, քույրսՙ տասնմեկ տարեկան: Ծնված օրս հայտնի չէր, ես գրեցի նոյեմբերի 29-ըՙ հայ ժողովրդի վերածննդի օրը:

Որբանոցում դրությունը շատ վատացավ: Կիսասով վիճակում ես ու եղբայրսՙ Արծրունը, որբանոցից փախանք, եկանք մեր հարազատների մոտ: Հորեղբայրս ասաց. ¬«Տղաք, որու՞ հույսին եք եկել»:

Եթե թուրքերը մեզ չկոտորեցի՞ն, ապա գաղթից հետո մեր ինը հոգիանոց ընտանիքից միայն ես, մայրս ու եղբայրս մնացինք:

Ես փողոցներում կոշիկ եմ ներկել: Ջուր եմ ծախել: Սիգարեթ եմ ծախել: Շապիկ չունեի: Մայրիկս հովանոցի կտորից ինձ շապիկ կարեց, որ դպրոց գնամ: Բայց ոտքիս կոշիկները երկուսն էլ նույն ոտքին էին: Ես ասացիՙ ես էդպես դպրոց չեմ գնա: Եղբայրս գիշերով ելել հարմարեցրել էր, եւ ես կոշիկները հագա:

Թիֆլիսում կար Տիգրան Նազարյանի ճաշարանը, գաղթականներին այնտեղ կերակրում էին: Իր այգու մեջ կար փայտաշեն մի թատրոն, եւ գաղթականներին այնտեղ քնեցնում էին բեմի գետնի վրա: Եղեռնից վերապրած վանեցիների մեջ երեւի ես միակ բախտավորն էի, որ առիթ ունեցա Հայաստանից գնալ եւ տեսնել Վանը:

Վասպուրական հայրենակցական միությունը կազմակերպեց դեպի Վան¬Վասպուրական խումբ. երեսունմեկ հոգուց միայն ես էի Վանում ծնված: Վանը մ.թ.ա. իններորդ դարում հիմնադրված Տուշպա քաղաքի վրա է կառուցվել:

Մենք չորս օր մնացինք Վանում: Բարձրացանք Վանի բերդը: Հուզումնալից պահեր ապրեցինք Վանում: Ոչ մի եկեղեցի չի մնացել: Վանը վերածվել է նոր քաղաքի, որտեղ ապրում է հարյուր յոթանասուն հազար բնակիչ: Իսկ մեր ժամանակՙ երեսունհինգ-քառասուն հազար էր, որի մեծ մասը հայեր էին:

Եղեռնը հիմա վերաբերում է հայկական հուշարձաններին:

ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4