Հանկարծամահ եղավ մոսկվացի ճանաչված շինարար Մերուժան Վրեժի Լալայանը: Աստծո նախախնամությունն էր, ինչ է` վախճանվեց Մոսկվայում կառուցվող եկեղեցական համալիրում, հանգավ բառացիորեն Ռուսահայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսի ձեռքերի վրա, նրա վիշտը դարձնելով անհուն...
Մերուժան Լալայանը ծնվել է Արտաշատի շրջանում: 70-ական թվականներին տեղափոխվել է Մոսկվա: Աշխատանքի տեղավորվելով որպես մոնտաժորդ, նա միաժամանակ ընդունվել է ինստիտուտ: Երբ եկան հետխորհրդային նոր ժամանակներ, Լալայանը արդեն որպես փորձառու շինարար ստեղծեց իր ընկերությունը, այնուհետեւ երկար տարիներ գլխավորում էր Մոսկվայի խոշորագույն շինկազմակերպություններից մեկը: Կառուցում էր մասշտաբային օբյեկտներ, տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ:
Երբ Սպիտակում տեղի ունեցավ դաժան տարերային աղետը, Լալայանն այնտեղ էր: Իսկ երբ Մոսկվայում սկսվեց նոր հայկական եկեղեցական համալիրի կառուցումը, նա ղեկավարեց շինարարական աշխատանքները: Ազնիվ, բարեհոգի անձ էր: Հավատացյա՞լ էր: Չգիտենք: Բանվորները նկատել էին, որ իրենց պետը հաճախակի է կանգնում հառնող տաճարի առջեւ, եւ նրա հայացքը բարձրանում է գմբեթից վեր:
Ավա՜ղ, նա չհասցրեց ավարտել սկսած գործը, որ դարձել էր նրա հոգու, սրտի, իր ժողովրդի նկատմամբ ունեցած սիրո հրամայականը: Սակայն շռայլ մեկենասն արդեն այս կյանքում կառուցեց իր տաճարը: Եվ այնտեղ մտնող ամեն ոք, մոմ վառելով, կվերհիշի շինողի անունը` Մերուժան Վրեժի Լալայան:
Իր ցավակցական խոսքն էր ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Իրավացի է Եզրաս սրբազանը` նա տաճարում թողեց իր հոգին` մարդու, հայի...