«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ 2008-ԻՆ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստեղծագործական միությունների դերակատարումն ու ընդհանրապես նշանակությունը կարեւորելով` Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունն անցյալ տարի անցկացրեցին մրցույթներ` ժուռնալիստների եւ գրողների միությունների հետ համատեղ: «Ազգն» անդրադարձել է այդ թեմատիկ մրցույթներին ու մրցանակաբաշխությանը: Օրերս արդեն այս տարվա մրցույթների հայտարարման առնչությամբ քննարկում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի հայաստանյան մասնաճյուղում` կոնգրեսի հիմնադիր անդամներ գրողների, ժուռնալիստների, կոմպոզիտորների, նկարիչների միությունների եւ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը հանդիպմանը նախ ընդգծեց, որ երկու կազմակերպությունների մոտեցումը ստեղծագործական միություններին մնում է նույնը, ավելին, այս տարի նախատեսվում է մրցութային խրախուսման մեջ ներգրավել նաեւ ՀՀԿ հիմնադիր մնացյալ կազմակերպություններին: Աղայանը կարեւորեց այն հանգամանքը, որ արդեն իսկ կոնգրեսի հիմնադիր երկու կազմակերպություններում գործում են առանձին` Գրականության եւ գիտության աջակցության հիմնադրամները: Անցյալ տարի մեկնարկած մրցանակաբաշխություններն էլ աննախադեպ էին իրենց մրցանակային ֆոնդի ծավալներով:

Ամեն դեպքում, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը նշեց, որ նախորդ տարվա մրցանակային 10000 դոլար ֆոնդը ընդունելի է նաեւ այս տարվա համար, իսկ թեմայի առնչությամբ մի քանի տարբերակ առաջարկեց: Մասնավորապես, կարող է թեմա դառնալ «Հայաստանը բոլոր հայերիս հայրենիքն է» կարգախոսը, կամ անդրադարձ կատարվի արցախյան անկախության հռչակման 20-ամյակին:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքերով, ցանկալի է պահպանել նախորդ տարվա մրցանակային 18000 դոլար ֆոնդը, ընդ որում, հավանական է նաեւ պահպանել նույն խորագիրը` «Հայը 21-րդ դարասկզբին», քանի որ այն մնում է արդիական: Ամեն դեպքում, Անանյանը ընդգծեց, որ այս տարի հատուկ պետք է շեշտել սփյուռքի գրողների համար մրցույթի բաց լինելը:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն անդրադարձավ միության խնդիրներին` դրանցով բացատրելով նաեւ նախորդ տարի նկարիչների համար մրցույթի բացակայությունը: Ամենից առաջ խնդիրն այն է, որ միությունը դեռեւս ցուցասրահի նորոգման աշխատանքներ է իրականացնում, ինչը հնարավորություն չի տալիս կազմակերպելու ստեղծվող գործերի ցուցահանդեսներ: Աղամյանը նաեւ ընդգծեց, որ վերջին տարիներին կարծես ոչ մի մեծ կտավ չի ստեղծվել կամ քանդակ, որ արժանանար մրցանակի: Այս տարվա մրցույթի դեպքում կսահմանափակվեն ավանդական ընդհանուր ցուցահանդեսում աշխատանքները ներկայացնելով: Նկարիչների միության նախագահը ցանկություն հայտնեց մրցանակաբաշխության մեջ տարբեր անվանակարգեր տեսնելու` լավագույն գեղանկար, քանդակ, գրաֆիկա եւ այլն:

Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը կարեւորեց մրցութային երեւույթների մի պարագա. գործեր են ստեղծվում գումարի համար: Այս ստեղծագործական միության դեպքում խնդրահարույց է այն հանգամանքը, որ որեւէ գործ նախ պետք է կատարվի, ապա նոր կարողանա հավակնել մրցանակի, մինչդեռ այդ կատարումն իսկ կազմակերպելը բավականին բարդ ու դժվար գործ է: Այս մտահոգությամբ, եւ ոչ միայն, Ամիրխանյանը առաջարկեց մշակույթի հիմնադրամ ստեղծել, որը, մասնավորապես, հնարավորություն կտա լուծելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիններից է նոր ստեղծագործությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է գիտությանը, ապա այստեղ թեմատիկ մրցույթի մասին խոսք լինել չի կարող: Այս դեպքում ամենայն հավանականությամբ կլինեն մի քանի անվանակարգեր` յուրաքանչյուրում մեկ մրցանակ: Բնականաբար, գիտության պարագայում տարբեր կլինի նաեւ մրցանակային ֆոնդը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4