«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ՀՈԳԵՎՈՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸՙ ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ

Այսօր Շիրակի թեմն ունի գործող 25 եկեղեցի, 14 քահանա: Եկեղեցական շենքերի նորոգման, վերակառուցման եւ նորերի կառուցման աշխատանքները, հիմնականում տարբեր բարերարների միջոցներով ու նվիրատվություններով, շարունակվում են նաեւ այսօր:

Այս տարի պետք է ավարտվի Գյումրու Սբ. Աստվածածին (Յոթվերք) գործող մայր եկեղեցու վաղուց սկսված նորոգումը: Այստեղ շարունակվում է նաեւ երկրաշարժից խոնարհված Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցումը: Եկեղեցաշինական զգալի աշխատանք է կատարվում մարզի մյուս բնակավայրերում: Ինչպես տեղեկացրեց թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը, այս տարի հավանաբար գումարներ կտրամադրվեն Հառիճավանքի մայր եկեղեցու վնասված հատվածի նորոգման համար: Վանքային այս համալիրի տարածքում նորոգման աշխատանքներ սկսվել են ավելի վաղ: Հույս կա տարվա ընթացքում եկեղեցաշինական լուրջ գործունեություն ծավալելու Արթիկ քաղաքում: Արդեն պատրաստ է Մեծ Մանթաշի գյուղական եկեղեցին, անցյալ տարի հավատի երկրորդ տունը կառուցվեց եւ օծվեց Լեռնակերտում: Վերակառուցվում են Ախուրյանի, Սարատակի եկեղեցիները, նորերն են կառուցվում Ղարիբջանյան, Զույգաղբյուր գյուղերում: Իսկ մոտ երկու շաբաթ առաջ նոր առաջարկներ են եղել նաեւ Հովիտի եկեղեցու վերակառուցման, Հայկավանում կառուցման վերաբերյալ:

Սակայն եկեղեցական շենքն ինքնին շատ բան չի նշանակում առանց ամենից կարեւորիՙ հոգեւոր գործունեության ու դաստիարակության, այլ կերպ ասածՙ մեր ներսում հոգեւոր եկեղեցու կառուցման: «Եթե հոգեւոր եկեղեցին կառուցվի,- «Ազգի» թղթակցի հետ զրույցում ասաց առաջնորդ սրբազանը,- նյութական եկեղեցին հեշտ կլինի կառուցել: Եվ փառք Աստծո, այս տարիների ընթացքում ամենադրականը ես տեսնում եմ հոգեւոր կյանքի վերազարթոնքին ուղղված մեր գործունեության մեջ: Վստահ կարող եմ ասել, որ այսօր Շիրակի թեմում չկա մի գյուղ, որտեղ քահանայի ներկայություն չլինի. նրանք ամսվա մեջ առնվազն մեկ անգամ լինում են իրենց կցված բոլոր գյուղերում, ինչը մի քանի տարի առաջ նույնիսկ անհնար էր պատկերացնելՙ թեկուզ քահանաներ չլինելու պատճառով»: Առաջնորդն ինքը եւս կանոնավորապես այցելում է մարզի համայնքները, շփվում ժողովրդի հետ եւ հավաստում է, թե այսօր աղանդավորական եւ նման շարժումների վտանգը թեմում չկա, ժողովուրդը նման վտանգներից պաշտպանված է ավելի, քան մոտ մեկ տասնամյակ առաջ: Թեմն ակտիվ գործունեություն է ծավալել նաեւ հեռավոր շրջաններում, մասնավորապեսՙ նախկինում իսպառ մոռացված Ամասիայում. այստեղ հիմնվել եւ գործում են եկեղեցու համար հարմարեցված շինություն, սոցիալ-մշակութային կենտրոն, մանկական ամառային ճամբար Եղնաջուր գյուղում, որտեղ ամեն տարի 150 երեխա է հանգստանում ու հայեցի դաստիարակություն ստանում:

Թեմում նաեւ մշակութային, կրթական, սոցիալական գործունեություն է ծավալվել: Հանրակրթական դպրոցներում Հայ եկեղեցու պատմության դասավանդմանը մշտապես հետեւելուց բացի նաեւ խրախուսվում է երիտասարդական միությունների աշխատանքը, կառուցվել եւ գործում է սոցիալական կենտրոնը, այս տարվա աշնանը պետք է պատրաստ լինի Հայորդյաց տունը, որտեղ նաեւ կլինի բարեգործական ճաշարանի հատված:

Կրկին անդրադառնալով եկեղեցական կառույցների խնդրին, առաջնորդ սրբազանը նշեց, թե անհրաժեշտ է, որ պետությունն աջակցի թեմի տարածքում գտնվող գոնե երկրաշարժից խոնարհված եկեղեցիների վերակառուցմանը: Մարզի գյուղերում դրանց թիվը երեք-չորս տասնյակի է հասնում: Նախընտրական այցի ժամանակ այս խնդիրը ներկայացվել է նաեւ հանրապետության վարչապետ, արդեն նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4