Այսօր ՀՀ հավաքականը կմրցի ղազախների հետ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր հոլանդական Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում ստուգողական հերթական խաղում ուժերը կչափի Ղազախստանի ընտրանու հետ: Դանիացի մասնագետ Յան Պոուլսենի գլխավորությամբ այդ հանդիպումը կլինի հավաքականի չորրորդ մրցախաղը: Հիշեցնենք, որ փետրվարին նրա գլխավորությամբ մեր հավաքականը մասնակցել էր Մալթայում անցկացված մրցաշարին: Յան Պոուլսենի նորամուտը բավական հաջող էր: Մեր ֆուտբոլիստները 2 անընդմեջ հաղթանակ տոնեցին` պարտության մատնելով Մալթայի (1-0) եւ Բելառուսի (2-1) հավաքականներին եւ միայն վերջին խաղում զիջելով իսլանդացիներին (0-2), զրկվեցին գլխավոր մրցանակից ու զբաղեցրին 2-րդ տեղը:
Մալթայի մրցաշարում մեր հավաքականի կազմում բացակայում էին մի խումբ լեգեոնականներ, ուստի Յան Պոուլսենը հնարավորություն չէր ունեցել ծանոթանալու նրանց խաղային ունակություններին: Այդ բացը մարզիչը կլրացնի ղազախների հետ խաղում:
Մարտի 24-ին Հայաստանի հավաքականը մեկնել է Ռոտերդամ եւ տեղում կնախապատրաստվի ընկերական հանդիպմանը: Յան Պոուլսենը հավաքականում ընդգրկել է 18 ֆուտբոլիստի, որոնցից 10-ը լեգեոնականներ են: Նրանցից բացակայում են Ռոման Բերեզովսկին, վերջերս Դոնեցկի «Մետալուրգ» հրավիրված Սամվել Մելքոնյանն ու Արարատ Առաքելյանը, ինչպես նաեւ Քարամյան եղբայրները: Վերջիններս գտնվում են լավ մարզավիճակում, հատկապես Արմանը, որը սկսել է գոլեր խփել «Պոլիտեխնիկում»: Ուստի շատ ցավալի է, որ վիզայի հետ կապված խնդիրների պատճառով Քարամյան եղբայրները հնարավորություն չունեցան ընդգրկվելու հավաքականում: Վնասվածքի պատճառով Հոլանդիա չի մեկնել Կարեն Դոխոյանը:
Ֆուտբոլասերներին հիշեցնենք, որ Ղազախստանի հավաքականի հետ մեր ֆուտբոլիստները 4-րդ անգամ են հանդիպելու: Առաջին հանդիպումը կայացել է 2004-ին Կիպրոսի մրցաշարում եւ ավարտվել է ոչ-ոքի (3-3): Մյուս երկու խաղերը կայացել են Եվրո-2008-ի ընտրական մրցաշարի շրջանակներում, 2007-ին: Առաջին խաղում, Ալմա Աթիում Իան Պորտերֆիլդի գլխավորությամբ մեր ընտրանին հաղթեց 2-1 հաշվով, իսկ ահա Երեւանում, երբ Պորտերֆիլդը վաղաժամ հեռացել էր կյանքից, ղազախները ռեւանշի հասան (1-0):
Ստորեւ ներկայացնում ենք Հոլանդիա մեկնած ֆուտբոլիստների ցանկը:
Դարպասապահներ
Գեւորգ Կասպարով («Ռահահան», Իրան)
Մայիս Ազիզյան («Ուլիս»)
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Ալեքսանդր Թադեւոսյան («Վիտեբսկ», Բելառուս)
Հրայր Մկոյան («Արարատ»)
Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս)
Կիսապաշտպաններ
Լեւոն Փաչաջյան (ԳԱԻՍ, Շվեդիա)
Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Ռոմիկ Խաչատրյան («ԱՊՈՊ Կինիրաս», Կիպրոս)
Կարեն Ալեքսանյան («Բանանց»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Վահագն Մինասյան («Արարատ»)
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Համլետ Մխիթարյան («Ռահահան», Իրան)
Արա Հակոբյան («Զիմբրու», Մոլդովա)
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ