Երեկ Վանատուր գյուղում ի պաշտպանություն ձերբակալված պատգամավոր Սասուն Միքայելյանի հանրահավաքի լուսաբանումից հետո իրավապահ մարմինները բռնություն են կիրառել լրագրողների նկատմամբ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «Չորրորդ իշխանության» թղթակիցներ Թագուհի Թովմասյանից եւ Գագիկ Շամշյանից փորձել են խլել ձայնագրիչը եւ լուսանկարչական ապարատը, իսկ «Ժամանակ Երեւան» թերթի լրագրող Կարինե Հարությունյանին բերման են ենթարկել Հրազդանի ոստիկանության բաժին: Ըստ ռադիոկայանի, Կարինե Հարությունյանին բռնի ուժով նստեցրել են մեքենան եւ տարել ոստիկանություն:
Ոստիկանության բաժանմունքում ստուգել են լրագրողի վկայականը, պահանջել են ջնջել արված լուսանկարները: Մեկ ժամ անց լրագրողին ազատ են արձակել, ինչպես ավելի ուշ պարզվել է` տեղի ոստիկանապետին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հեռախոսազանգից հետո: