Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին ռեժիսոր Արմեն Մազմանյանը եւ ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը: Թեման Հայաստանում ստեղծված իրավիճակի քննարկումն էր, ինչպես նաեւ մարտի մեկին տեղի ունեցած դեպքերի վերլուծությունը: Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը կարծում է, որ ստեղծված եւ խորացող ատելությունը ժողովրդի մեջ սերմանում էին հակամարտող տարբեր` ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական թեւերը. «Կա այդ ատելությունը եւ խորանում է, որը պետք է լիցքաթափվի: Կոնստրուկտիվ մթնոլորտ պետք է ձեւավորվի: Հայաստանում երկխոսության ծավալում է պետք` առաջին հերթին դա հարկավոր է հասարակության համար` ներքին ծանր իրավիճակից դուրս գալու: Երկխոսությունը առաջին հերթին պետք է լինի այն երկու բեւեռների միջեւ, որոնք ստեղծել են ներկայիս իրավիճակը»:
Մազմանյանն էլ նշում է, որ ՀՀՇ-ի հետ ընդհանրապես պետք չէ երկխոսություն տանել. «Լեւոնը ստում էր, երբ ասում էր, որ ինքն է նախագահ ընտրվել: Ես դեմ եմ Տեր-Պետրոսյանի քաղաքական ծրագրին. ռեւանշիզմ էր, որի մեջ ոչ մի կոնստրուկտիվ ծրագիր չկար: 300-400 հազար մարդ Լեւոնին են ընտրել` հանդիսանալով ոչ թե վերջինիս իդեաները կրողներ, այլ մարդիկ են, որոնք բողոքավորներ են, ունեն իրենց օբյեկտիվ բողոքները: Լեւոնն էլ օգտվելով երկրում ստեղծված սոցիալական իրավիճակից, մարդկանց բողոքներից` առաջ քաշեց ռեւանշիզմը: ՀՀՇ-ն` իր լիդերով հանդերձ, ավարտված է»:
Աղասի Թադեւոսյան. «Արդյոք պրոբլեմը ճի՞շտ է ընկալված եւ մատուցված հասարակությանը: Պրոբլեմը ոչ թե այս կամ այն թեկնածուի հաղթանակն է, այլ հասարակության զարգացման համար երաշխիքների ձեւավորումն է: Այսօր մենք այն վիճակում չենք գտնվում, որ ժամանակավոր լուծումներով բավարարվենք:
Պետք է հաշվի առնել, որ Տեր-Պետրոսյանի գործոնը կա այսօրվա պրոբլեմի մեջ: Երկու կողմն են ստեղծել այս մթնոլորտը, նրանք էլ պետք է լուծեն»:
Քանի որ երեկ էլ թատրոնի միջազգային օրն էր, Մազմանյանն անդրադարձավ թատրոնի խնդիրներին, եւ մասնավորապես «Մոսկվա» կինոթատրոնում կայանալիք «Արտավազդ» մրցանակաբաշխությանը` նշելով, որ «Արտավազդը» կլանային, կեղծ մրցանակ է. «Թատերական դաշտը Հայաստանում ամենառեգրեսիվն է: Թատերական գործիչների միությունը դեռեւս 91-ից, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեթեւ ձեռքով մի կարգավիճակ ստացավ, որից չենք ձերբազատվում այսօր: Թատրոնը կորցրել է իր անկեղծությունն ու ազնվությունը: Այսօր կիսաքանդված, վերադասավորման, վերակառուցման մեջ է. ես որոշ չափով գոհ եմ, քանի որ պրոցես է տեղի ունենում: Վերջապես կառավարությունն էլ թատրոնից հաշիվ է պահանջում` ի՞նչ է տալիս, ի՞նչ է պահանջում: Պետությունը գումար է հատկացնում թատրոնին, փոխարենը ակնկալում է` ինչ պետք է թատրոնը տա հասարակությանը»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ