«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2008-03-26 | #58, 2008-03-27 | #59, 2008-03-28


ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ

Երկու բանախոս` ՀՀԿ-ից Համլետ Հարությունյանն ու «Ժառանգությունից» Վարդան Խաչատրյանը երեկ փորձեցին իրավիճակի իրենց գնահատականները եւ երկիրը բնականոն հուն վերադարձնելու ելքերի պատկերացումները ներկայացնել «Ազդակ» ակումբում:

Ըստ Համլետ Հարությունյանի` տեղի ունեցածը զուտ ներքաղաքական զարգացումների հետեւանք չէր եւ միայն ընտրությունների հետ չէր կապված. միջազգային դավադրություն էր Հայաստանի նկատմամբ, որին ուղղակի անգիտակցորեն, թե գիտակցորեն մասնակցեցին ներքին քաղաքական ուժերը: Կան հիմնադրամներ, որոնք պետական հեղաշրջումների խոշոր մասնագետներ են եւ սուբյեկտ երկրի ներսում ունենում են իրենց պաշտպանները, ավելի շուտՙ իրենց գործողություններն իրականացնողները: Բարեբախտաբար այդ դավադրությունը պարտություն կրեց, դավադրության հետեւանքով ստեղծվեց որոշակի քաղաքական լարվածություն, հասարակության որոշ մասի երկփեղկվածություն. «Գտնում եմ, որ իշխանությունների եւ քաղաքական կուսակցությունների հստակ գործողությունների շնորհիվ կարողացանք այս դավադրությունից շատ քիչ կորուստների գնով դուրս գալ եւ պետք է այսուհետեւ մտածենք, թե ինչպես անենք, որ զերծ մնանք արտաքին ազդակներից»:

Վ. Խաչատրյանը չկիսեց գործընկերոջ կարծիքը` ներկայիս շրջաբերվող պարզունակ մոտեցումներից մեկը համարելով այն, քանի որ համահասարակական բնույթ կրող այսպիսի իրավիճակները երբեք չեն լինում դավադրության արդյունքում` դավադրությունը սահմանափակ մարդկանց խումբ է, որն ուղղակի ձգտում է իշխանությունը գրավել: Նրա կարծիքով`առճակատումը հասարակության մեջ բացահայտ երեւում է, որեւէ մեկը չպետք է փորձի սքողել այս ամենն ինչ-որ վհուկների որսով, ծխածածկույթներով, «նեյրոլինգվիստիկ-փսիխոլինգվիստիկ» բնորոշումներով. «Այս ամենը վկայում է իշխանական բավականին լուրջ ներքին ճգնաժամի մասին, վտանգավոր ժամանակաշրջան է իսկապես, եւ ամեն ինչ պետք է անենք այս ամենը հաղթահարելու համար առավելագույնս քիչ կորուստներով», ասաց նա:

Քաղաքական հետեւանքների համար ո՞վ է պատասխանատու, ինչո՞ւ ոստիկանությունը պատրաստ չէր` այս հարցին երկու բանախոսն էլ անդրադարձան:

Համլետ Հարությունյան. «Ես չեմ կարող ասել` ինչու պատրաստ չէր ոստիկանությունը: Նույն գիշեր ես ելույթ եմ ունեցել Ազգային ժողովի նիստում, ինձ համար շատ ակնհայտ էր, որ Ղարաբաղի համար ճակատամարտ էր գնում Մաշտոցի պողոտայի սկզբնամասում. ոստիկանությունը չէր սպասի, որ հայկական որեւէ ուժ, երբ Ադրբեջանն իր ռազմական ոտնձգություններն ակտիվացնում էր մեր սահմանում, այդպիսի դեպքեր տեղի կունենան Հայաստանում: Այս դեպքերի մեծ մասը ղարաբաղյան գործընթացների հետ էր կապված: Դեռ պետք է պարզենք այդ շարժմանը նպաստած ուժերի ծագումնաբանությունը, չգիտենք էլ` ի՞նչ ուժեր են, ինչպե՞ս հայտնվեցին մեր քաղաքական թատերաբեմում, ո՞ր ուժերի հետ են կապված: Բոլոր մանրամասնությունները պետք է պարզվեն այս դժվար իրավիճակի: Կուսակցություններ կան, որ միջոցներով կապված են օտարերկրյա կենտրոնների հետ: Այս կարգի հարցերին պետք է պատասխանել, իսկ ոստիկանությունը պատրաստ է եղել ցույցերի, ինչպես որ պատրաստ է լինում»:

Վարդան Խաչատրյանի համոզմամբՙ պատասխանատվությունը կրում են մի թեւում հասարակական շարժումը, եւ մյուս թեւում` իշխանությունը. զանգվածային անկարգությունների պայմաններում, երբ բողոքի էին դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ, նախ իշխանությունները պետք է խոստովանեին իրենց մեղքի բաժինը: Նա օրինակ բերեց Ֆրանսիան, երբ հրո ճարակ էին դառնում Փարիզի արվարձանները, ֆրանսիական իշխանությունները հանդես եկան իրենց մեղքերի ցուցակի հերթական հրապարակմամբ, խոստովանելով բացթողումները: Այսինքն` նախ իշխանությունները պետք է պարզեն իրենց մեղքի աստիճանը, հետո արդեն իրավիճակի մեջ սուբյեկտիվ ընթացած պրոցեսների մեղավորներին գտնեն. «Եթե ասում են ոստիկանությունը պատրաստ չէր` նույնն է, թե ասեն` դարպասապահը չէր սպասում գնդակին` բա ինչի՞ն է սպասում դարպասին կանգնած` հեչ պարզ չէ», ասաց նա: Իսկ վհուկների որսի տարբերակը միշտ էլ կարելի է կիրառել, բայց դա անշնորհակալ տարբերակ է եւ երբեք չի արդարացրել իրեն: Ծագումնաբանությունը պարզելը եւս ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

Երկու բանախոսներն էլ համաձայնեցին, որ մեր հասարակությունը երկխոսության կարիք ունի, որն ինչ-որ լույսի շող ցույց կտա այս խավար թունելի վերջում:

Հ. Հարությունյան. «Ես չեմ կարծում, որ առանց երկխոսության կարելի է դուրս գալ որեւէ քաղաքական ճգնաժամից, հասարակության երկփեղկված մասը պետք է գնա երկխոսության` բոլորս էլ հայեր ենք եւ ապրում ենք մեր հայրենիքում: Այդ երկփեղկվածությունն արհեստականորեն դրսից ներմուծված, ներքին ուժերի ստեղծած արհեստական քաղաքական վիճակ է, որը տանում է միայն պետականության կորստի»:

Վ. Խաչատրյան. «Երկխոսությունը որպես այդպիսին մեկը մյուսին ընդառաջ քայլերից է սկսվում, օրինակ` ես առաջարկել էի, որ զոհվածների հետ կապված սգո օր հայտարարվեր, որը ինչ-որ չափով համերաշխ կդարձներ, իմ առաջարկը որեւէ սատարում չգտավ: Երկխոսությունը ճիշտ կլիներ սկսել նաեւ ձերբակալված քաղաքական գործիչներին մինչեւ վերջինը բաց թողնելով, այլապես երկխոսության նստող ուժը բանակցությունների սեղանի մոտ լինելու է ուղղակի ճնշման ներքո, խոսքը քրեորեն հետապնդելի արարք թույլ տվածներին չի վերաբերում»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4