«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2008-03-26 | #58, 2008-03-27 | #59, 2008-03-28


ԱՍՔ ՀԱՅՈՑ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ` ՆԱՏՕ-Ի ՇՈՂՔԻ ՏԱԿ

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը մեզ չի՞ հուզում, թե ...

Երբ մարդ ասելիք ունի, թող ուրիշներին հիմարի տեղ չդնի` վայրիվերումներով խոսելով այլ թեմաներից ու կիզակետում պահելով մեկ այլ բան: Ավելի հաճախ պատահում է, երբ նույն մեր իրականության մեջ եւ դրա սահմաններից դուրս տպագիր նյութերի վերնագրերը չեն համապատասխանում նյութին ճիշտ այնպես, ինչպես շատ սեմինար-կոնֆերանս-քննարկումների պարագայում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ), որ մեզանում ավելի շուտ որպես Րաֆֆու («Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի) կենտրոն է հայտնի, «ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի Կովկաս. հայացք Երեւանից» սեմինար-քննարկումը սկսած միջոցառման մասին հայտարարությունից մինչեւ զեկուցումների զգալի բաժինը չէր համապատասխանում վերտառության հուշած բովանդակությանը:

Մասնակիցների եւ հրավիրյալների ավելի քան 50 անուն պարունակող ցուցակից ներկայացել էին տասից քիչ ավելին: Իսկ զեկուցողների խոսքում ավելի գերակշիռ էին Հայաստանի ներքաղաքական իրողության առումով հնչող գնահատականները, քան եվրատլանտյան դաշինքին առնչվող դիտարկումները: Ամեն դեպքում, առաջին զեկույցը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը գոնե ընդհանուր խոսքով սահմանափակեց ներքաղաքական իրականության իր որակումներն ու ավելի շատ խոսեց ըստ իր նյութի` «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությունը եւ Վրաստանի հավանական անդամակցությունը ՆԱՏՕ-ին» թեմայով:

Ըստ Շիրխանյանի, առկա իրողությունների պայմաններում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերության հնարավոր երեք սցենար կա: Առաջինը տեղայնացված բալկանյան սցենարն է, որի դեպքում Վրաստանը, արդեն անդամ դարձած, ՆԱՏՕ-ի միջոցով վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը, սրվում են Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները, Հայաստանում կենսապահովման խնդիրներ են առաջանում: Ընդ որում, Վրաստանի ռազմական գործողությունները ռեզոնանսային արձագանք կունենան Ադրբեջանի վրա` նոր պատերազմ սանձազերծելու առումով:

Երկրորդ սցենարով Բուխարեստում ՆԱՏՕ-ի օրերս կայանալիք գագաթաժողովում Վրաստանի համար կանաչ լույս է վառվում, սկսվում է անդամակցության գործընթաց, որը հակազդեցությունը կտեղափոխի տնտեսական դաշտ: ՆԱՏՕ-ական ցանկություններ է հայտնում նաեւ Ադրբեջանը, եւ ՆԱՏՕ-ի անդամ ու թեկնածու երեք երկրների արանքում է մնում Հայաստանը` միակ ելքով դեպի Իրան:

Վերջին սցենարն, ըստ Շիրխանյանի, ավելի հավանական է, որ Վրաստանին չի տրվում անդամության գործընթացի սկիզբ, չեն լինում ռազմական բախումներ` հաշվի առնելով ՆԱՏՕ-ի լրջությունը:

Թե ինչից էր խոսում ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը, կդժվարանամ բացատրել: Ընդհանուր առմամբ, այնպիսի տպավորություն թողեց, թե Հայաստանում ամեն ինչ այնքան վատ է, որ կդառնա Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ, թե ոչ` մեզանում գրեթե ոչ մի նշանակություն չի ունենա, քանի որ ժողովրդավարությունն, ըստ Խուրշուդյանի, Հայաստանում տխուր վիճակում է, Հավաքական անվտանգության պայմանագիրն էլ դրա անդամ երկրների համար միայն առկա ռեժիմների պահպանության հարց է լուծում:

Անկախ փորձագետ Մանվել Սարգսյանն ընդհանրապես փոխանակ իր զեկույցի «Տարածաշրջանային փոփոխությունները Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցության պարագայում» թեմայից խոսելու, «վերուվար» էր անում մեր տարածաշրջանում այդպես էլ իր կողմից ոչ մի որակման չարժանացած ինչ-որ ուժերի միջեւ` այնպիսի գլոբալ անուններով, ինչպիսիք Արեւմուտքն ու Ռուսաստանն են: Այնպես էր ստացվում, թե աշխարհում ոչինչ եւ ոչ մի պետություն ու դրանց միություն ուժ չունի, բացի Արեւմուտքից, Ռուսաստանն էլ զրոյին մոտ կատեգորիա է ու անուժ է հակադրվելու Արեւմուտքին:

Հետաքրքրական է, թե այսպիսի ուլտրաարեւմտամետությունը փորձագետին ո՞ւր է տանելու...

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4