«Օրինաց երկիր» կուսակցությունը փորձ ուներ կոալիցիայում աշխատելու եւ ընդունեց քաղաքական համագործակցության պարզված ձեռքն ու կրկին հայտնվեց իշխանական կոալիցիայում: Պատճառները երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Կոալիցիոն հուշագրում արտացոլված են թե՛ ՕԵԿ թեկնածուի նախագահական ընտրությունների եւ թե՛ կուսակցության խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրերում առկա բարեփոխումները, բացի այդ, կուսակցությունը իր նախընտրական ծրագրերն իրականացնելու հնարավորություն է դիտարկում իշխանությունում գտնվելը: «Ինքներդ գիտեքՙ լինել ընդդիմության մեջ եւ իրականացնել կամ խոսել ծրագրերի մասին ավելորդ է», տեղեկացրեց Հեղինե Բիշարյանը: Կոալիցիայում գտնվելու ՕԵԿ պատճառներից մեկն էլ քաղաքական պատերազմից քաղաքական երկխոսությունը գերադասելու մոտեցումն է:
Ի դեպ, ՕԵԿ-ի այդ ընտրությունը, նախագահի տարբեր թեկնածուներին ձայն տված 250 հազար ընտանիքում իր իսկ անցկացրած հարցման արդյունքներով, արժանացել է հարցվածների 65 տոկոսի դրական գնահատականին: Հարցումը հաջորդել է կուսակցության կոալիցիա մտնելուն:
Ժամանակագրությունն ու ՕԵԿ պատասխանատվությունը
Արթուր Բաղդասարյանն ու Սերժ Սարգսյանը փետրվարի 29-ին գործակցության հուշագիր ստորագրեցին կառավարությունում: Հետեւեց հայտարարություն, որ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուն կհաջորդի Արթուր Բաղդասարյանի պաշտոնավարումը ՀՀ նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Հարցին, թե արդյոք մարտի մեկին ցուցարարներին ցրելու պատասխանատվությունը նաեւ Արթուր Բաղդասարյանինն ու ՕԵԿ-ին էլ չէ՞, Հեղինե Բիշարյանը պատասխանել է. «Թուղթ ստորագրելն ինչ կապ ունի»: Բանախոսն այնուհետեւ փաստեց, որ Արթուր Բաղդասարյանը դեռեւս ԱԽ քարտուղար չէ եւ միայն պաշտոնը ստանձնելուց հետո պատասխանատվության մասին կարող է խոսք լինել: Համանման էր բանախոսի պատասխանը Հյուսիսային պողոտայում զբոսանքի ելածներին ոստիկանություն բերման ենթարկելու հարցում ՕԵԿ պատասխանատվության մասին հարցին:
Ըստ Հեղինե Բիշարյանի, ՕԵԿ պատասխանատվության ժամանակը կմեկնարկի ապրիլի 15-ից, երբ կուսակցությունն իշխանության մաս կկազմի: Ի պատասխան համապատասխան հարցի, բանախոսը հույս է հայտնել, որ նոր կոալիցիան կաշխատի մինչեւ ժամկետի ավարտը, իսկ ՕԵԿ-ն այդ կոալիցիայում է ոչ պաշտոնների ակնկալիքով:
Երկկողմանի լարվածություն
Ստահոդ, լկտի բամբասանք որակելով «Ժամանակ Երեւան» թերթի «Հեղինե Բիշարյանի լռությունը» հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունը, որ ՕԵԿ փոխնախագահն իշխանություններից մեքենա է նվեր ստացելՙ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ դիմել է դատախազություն. «Թող պարզաբանեն, թե ո՞վ է դրա հեղինակը եւ ինչո՞ւ է մարդկանց բարի համբավը կեղտոտում»: Ի պատասխան լրագրողների զայրույթով տրված հարցին, թե ինչու նախ թերթից հերքում չի պահանջել, պատգամավորը տեղեկացրեց, որ իմանալով օրենքը, նախօրեին երեկոյան փորձել է կապվել թերթի պատասխանատուների հետ, բայց պատասխան չի ստացել: Աճող զայրույթով լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու նույնքանՙ դատախազություն դիմելու չափ, օպերատիվություն ու հետեւողականություն չի դրսեւորվել, երբ հեռուստաընկերությունները պնդում էին, որ սուտ է Արթուր Բաղդասարյանի դեմ մահափորձի սպառնալիքի մասին լուրը կամ ինչու դատախազություն դիմելու անհրաժեշտությունը չտեսավ արտակարգ իրավիճակի փուլում հանրությանը մատուցվող լրատվության համար: Ըստ պատգամավորի, առաջին դեպքում չի հաղորդվել թե լուրը սուտ է, իսկ երկրորդ պարագայում կուզենար տեղեկանալ, թե ինչ սուտ է հաղորդվել:
Ի վերջո լարվածությունը հասավ ասուլիսը ժամանակից շուտ դադարեցնելու կետին:
Ն. Պ.