«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2008-03-26 | #58, 2008-03-27 | #59, 2008-03-28


ՍԻՄ-ԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՌՎԵԼ

Հունվարի 19-ին ՀՀ վերաքննիչ դատարանը վճիռ էր կայացրել Հովհաննես Գալաջյանին եւ Գեղամ Գրիգորյանին վերականգնելու որպես «Իրավունք» թերթի խմբագրի եւ տնօրենի: Երեկ ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանը լրագրողներին շատ հուզված հիշեցրեց այս, մինչ այդ էլ երկու սենյակ ոստիկանության օգնությամբ տրամադրվել էր Հայկ Բաբուխանյանին: Դրանից էլ առաջ Հայկ Բաբուխանյանն էր համագումար հրավիրել, որում իրեն կուսակցության նախագահ հռչակեց` ըստ Հրանտ Խաչատրյանի դրա համար կանոնադրական հիմք չունենալով: Երեկ «Ազդակ» ակումբում Հ. Խաչատրյանն ասում էր, որ այն ժամանակ իրեն հաջողվել է գործընթացը տեղափոխել իրավական հուն, բաբուխանյանական համագումարի արդյունքները պետական ռեգիստրում գրանցված չեն: Իրավական փակուղի է առաջացել: Այդ պահին ներս մտավ Հայկ Բաբուխանյանը եւ ընդհատելով Հ. Խաչատրյանին` նկատեց, թե փակուղի չի առաջացել, այս անձնավորությունը (Հ. Խաչատրյանը-Մ.Խ.) հեռացված է կուսակցությունից, կուսակցության համագումարը լուսաբանել են բոլոր հեռուստաընկերությունները: «Եթե դու դուխ ունենայիր` կգայիր, համագումարին կկանգնեիր կուսակցականներիդ առաջ...»: Եվ այս ոգով երկուսն էլ շարունակեցին մեզՙ լրագրողներիս կոչելով ճշմարտությունը գրել: Այդ պահին հարցականի տակ էր անգամ «Իրավունքի» համարի նյութերի հավաքումը:

Ասեմ, որ ե՛ւ «Իրավունքում», ե՛ւ «Իսկական իրավունքում» մեր ընկերներն են աշխատում, եւ չէինք ուզենա որեւէ մեկին հատուկ պաշտպանել կամ ընդհակառակը, իսկ ՍԻՄ-ի շուրջը կատարվող տխուր իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան կախված են Հայաստանի կուսակցությունները զանազան տնտեսական եւ այլ շահագրգռություններից, այն աստիճան, որ անգամ քաղաքական դաշտի հնաբնակ Հրանտ Խաչատրյանին չեն խնայում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4