«National Geographic Traveler» հանդեսի «Չտեսնված Հայաստան» խորագիրը Հայաստանը ճանաչելի (2008 թ. Ձմեռ) դարձնելու նպատակ ունի, առավել հետաքրքրական տեսանկյունից նկատելի դարձնելու սովորական կամ աննկատ թվացող վայրերը: Հայկական լեռնաշխարհի, նրա բնության, կենդանական աշխարհի, պատմական հնավայրերի, տարաշխարհիկ, քչերին հայտնի երեւույթների մասին հրապարակումները ճամփորդական, տեսնել-զգալու տրամադրություն ստեղծելու միտում ունեն:
Հայ առաքելական եկեղեցին խաղողօրհնեքի` Սուրբ Աստվածամորը նվիրված տոնը նշում է օգոստոսի 15-ին անմիջականորեն նախորդող կամ հաջորդող կիրակի: Հանդեսի այս համարի (տպագրվել է վերջերս) անդրանիկ հրապարակումը (հեղ.` Ազնիվ Անդրեասյան) նվիրված է խաղողօրհնեքի եկեղեցական տոնի ծիսական արարողության նկարագրությանը, տոնի խորհրդին, հաղորդվում են նաեւ տեղեկություններ այս տոնի եւ դրա հնագույն, հեթանոսական առնչությունների մասին:
Հայաստանյան ճամփորդությունները սկսվում են դեպի Խուստուփի բարձունքներ: Հեղինակը` Ռուբեն Մանգասարյանը, իր զգացական տպավորություններն է փոխանցում սարի գագաթը նվաճելու ճանապարհին: Աշխարհագրական փոփոխությունները առաջացնում են գիտակցական փոփոխություններ` առօրեական, ներքեւի, ցածր աշխարհի եւ ավելի բարձր, երկնքին մոտ գտնվող հարթություն-վիճակների միջեւ. «Աշխարհը սկսվում է նմանվել մրջնանոցի` ունայն եւ հոգսաշատ»:
Հայրենի երկրի հաջորդ բացահայտումը Գայանե Մկրտչյանի ուղեւորության տպավորություններն են Գեղարդ գյուղի բարձրադիր լեռներում, ուր վիշապաքարերի հետքերում որոնում է վաղնջագույն ժամանակներից մնացած գեղեցիկ ավանդույթներ: Հեղինակային ճամփորդությունները շարունակվում են Սեւանա լճի տարածքում, հանգրվանում Ճայերի կղզում, Այրիվանքում, Նորադուսում: Ճամփորդական նոթերը տպավորությունների անմիջական արձագանքներ են պարզ նկարագրություններով` տեղանքի, բնության, օրվա պահի, միջավայրի: Սրանց զուգընթեր զետեղված են նաեւ թեմային առնչվող հակիրճ գիտական տեղեկանքներ:
Զբոսաշրջության հայրենի աշխարհագրությունը տեղափոխվում է հարավ` Որոտան գետի վրա, Գորիսից Տաթեւ ճանապարհին գտնվող Սատանի կամուրջ, որը ներկայացվում է քարի բնակերտվածքի իր անսովոր գեղեցկությամբ, իբրեւ անձեռակերտ վայր, որի քարանձավային անկյուններում տաք ու սառը հանքային ջրերի ավազաններ կան:
Հայաստանի հյուսիսային շրջանում գտնվող Ֆեոլետովո գյուղը բավական հայտնի է: Այստեղ 19-րդ դարի 1-ին կեսերից վերաբնակվել են մոլոկանները, որոնք Եկատերինա թագուհու աքսորականներից էին: Այդ ժամանակից ցայսօր նրանք բնավորված Հայաստանում` հնարավորինս ամբողջական պահպանել են իրենց լեզուն, կենցաղն ու սովորությունները, կրոնական հավատալիքները: Նախնական իր կոլորիտով, անխաթարությամբ ուրույն այս բնակավայրի եւ իր բնակիչների մասին է Մարկ Գրիգորյանի «Փոքրիկ Ռուսաստան` Հայաստանի հյուսիսում» հրապարակումը:
Ճամփորդական նոթերը ուղեկցվում են նաեւ գովազդ-տեղեկանքներով. Ֆեոլետովոն, օրինակ, գովազդվում է որպես առանձնահատուկ հանգստի վայր: «Եթե դուք հոգնել եք քաղաքակրթությունից: Հեռու հեռուստացույցից, ռադիոյից, թերթերից, ալկոհոլից, ստից եւ հայհոյանքից` այստեղ դուք կարող եք հանգստանալ խաղաղ գյուղական միջավայրում...»:
Հայաստանից դուրս ճամփորդական աշխարհագրությունը տարածվում է Կարիբյան կղզիներով: Հանդեսի կարեւոր բաղկացուցիչը եւ առավելությունը հագեցվածությունն է լուսանկարչությամբ (հանդեսի գլխավոր խմբագիր Ռուբեն Մանգասարյանը բազմափորձ, արդեն վաստակ ունեցող լուսանկարիչ-լրագրող է): Այս պարագայում սա պարտադիր պայման է, որի պրոֆեսիոնալ գրագիտությունը եւ գրավչությունը ավելի դիտողունակ են դարձնում հանդեսի էջերը: Շարադրանքների լեզուն նյութին համարժեք պարզ, մատչելի է` նկարագրական մակարդակներում, երբեմն էլ` լեզվական մեղանչումներով:
Զբոսաշրջության, Հայաստանն իր բնությամբ, ճարտարապետական կոթողներով ու ժողովրդագրական գույներով աշխարհին ու մեզ ներկայացնելու, նաեւ բնապահպանական իմաստով կարեւոր դեր է վերապահված մեծահամբավ National Geographic Traveles-ի հայերեն ու հայկական այս եւ հետագա նմանատիպ համարներին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ