«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2008-03-26 | #58, 2008-03-27 | #59, 2008-03-28


ԱՐՈՆՅԱՆԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

Ինչպես եւ սպասվում էր, Լեւոն Արոնյանը շախմատի «Ամբեր» մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար եւ նվաճեց գլխավոր մրցանակը: 10-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն էր, որը Լեւոնի գլխավոր հակառակորդներից մեկն էր առաջին տեղի համար պայքարում: Մրցակցի նկատմամբ 2,5 միավորի տարբերությունը լրացուցիչ վստահություն էր հաղորդել Արոնյանին, որին ընդհանուր հաջողության համար բավական էր պարտիաներն ավարտել ոչ-ոքի: Դա նրան հաջողվեց: «Կույր» շախմատի պարտիայում մրցակիցները հաշտություն կնքեցին 23-րդ քայլին, իսկ արագում ոչ-ոքի արդյունք գրանցվեց 27-րդ քայլին:

Այսպիսով, 10 տուրից հետո Արոնյանը 13,5 միավորով վստահորեն ապահովեց առաջին տեղը: Նրան հետապնդող Վեսելին Թոփալովը, Վլադիմիր Կրամնիկը, Պետեր Լեկոն ու Մագնուս Կառլսենը հայ շախմատիստին զիջում են 2,5 միավորով: Այնպես որ վերջին տուրում նշված շախմատիստների միջեւ պայքար կընթանա մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերի համար: Անանդը, Մորոզեւիչը, Իվանչուկն ունեն 10-ական միավոր, Կարյակինը վաստակել է 8,5, Մամեդյարովը, Գելֆանդն ու վան Վելին` 8-ական միավոր:

Միեւնույն 1,5-0,5 հաշվով Մամեդյարովը հաղթեց Իվանչուկին, Թոփալովն առավելության հասավ վան Վելիի նկատմամբ, իսկ Մորոզեւիչը պարտության մատնեց Կարյակինին: Անանդ-Գելֆանդ, Լեկո-Կառլսեն պարտիաներում մրցակիցները մեկական միավոր վաստակեցին:

Լեւոն Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց նաեւ արագ շախմատի մրցաշարի հաղթողի կոչումը: Նա անցկացրած 10 պարտիաներում տոնել է 6 հաղթանակ, 3-ն ավարտել է ոչ-ոքի, կրել մեկ պարտություն` վաստակելով 7,5 միավոր: Իսկ «կույր» շախմատում Արոնյանը Կրամնիկի եւ Մորոզեւիչի հետ 6 միավորով կիսում է առաջատարի դիրքը: Նրանց կես միավորով են զիջում Անանդը, Թոփալովը, Լեկոն ու Կառլսենը:

Ավարտական տուրում Արոնյանը կմրցի Լեկոյի հետ: Կկայանան նաեւ Կրամնիկ-Կարյակին, Մորոզեւիչ-Կառլսեն, Թոփալով-Իվանչուկ, Անանդ-վան Վելի, Մամեդյարով-Գելֆանդ պարտիաները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4