ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սեւանը ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում անդրադառնում է Կիպրոսում մարտի 21-ին տեղի ունեցած հունական եւ թուրքական համայնքների առաջնորդների հանդիպմանը: Հոդվածը հրատարակվել է կիպրական «Սայփրս Մեյլ» թերթի մարտի 27-ի համարում:
Ինչպես բազմաթիվ կիպրոսցիներ, ես նույնպես ողջունեցի մարտի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մայքլ Մոլլերի կենտրոնակայանում Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթի միջեւ կայացած հաջող հանդիպումը:
Առաջնորդների անունից ելույթ ունենալով, պրն Մոլլերը, որը մեծ ջանքեր գործադրեց նախապատրաստելու համար այդ հանդիպումը, հայտարարեց, որ երկխոսությունը ընթացել էր «չափազանց դրական եւ սիրալիր մթնոլորտում», եւ որ շատ հարցերում կողմերի տեսակետները «համընկնում էին»: Երկու առաջնորդները, ըստ նրա, որոշել են խնդրել իրենց խորհրդատուներին հանդիպում կազմակերպել շաբաթվա ընթացքում, «հնարավորինս արագ աշխատանքային եւ տեխնիկական խմբեր կազմել եւ գործունեության ծրագրեր մշակել»: Մարտի 24-ից նախագահական հանձնակատար Ջորջ Յակովուն եւ թուրքական կողմիցՙ Օզդիլ Նամին ամենօրյա հանդիպումներով արդեն իսկ սկսել են իրագործել այդ գործընթացը:
Ավելին, ըստ պրն Մոլլերի, առաջնորդները «համաձայնել են 3 ամիս հետո հանդիպել վերանայելու այդ աշխատանքային եւ տեխնիկական խմբակների աշխատանքները եւ ձեռք բերված արդյունքներն օգտագործելով անցնել առավել համապարփակ բանակցությունների ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հովանու ներքո»:
Անշուշտ սա աննախադեպ քայլ է դեպի առաջընթաց: Հաշվի առնելով երկու առաջնորդների պարտավորվածությունն ու վճռականությունը, պետք է ակնկալել, որ նման առաջընթացը կարող է եւ պետք է նպաստի հետագա բանակցությունների համար քաղաքական դրական մթնոլորտ ստեղծելուն: Միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել հակամարտության խաղաղ ու բանակցային կարգավորմանը:
Անկասկած խոչընդոտներ եւ դժվարություններ կլինեն այդ ճանապարհին: Ակնկալվում է, որ ՄԱԿ-ը ամեն ինչ կանի դյուրացնելու վերոնշյալ աշխատանքային եւ տեխնիկական խմբերի գործունեությունը:
Այդ առումով չափազանց տարօրինակ եւ զարմանալի է իմանալ, որ որպես հատուկ ներկայացուցիչ պրն Մոլլերի պարտականություններն ավարտվում են մարտի 29-ին: Նա երկու տարուց մի փոքր ավելի զբաղեցնում է այդ պաշտոնը Կիպրոսում, եւ պետք է ասել, որ բացի իր դիվանագիտական հմտություններից, հիանալի տիրապետում է կիպրական հակամարտության բոլոր խնդիրներին: Ավելին, անձամբ ճանաչում է երկու կողմերի բարձրաստիճան ղեկավարներին, ծանոթ է համայնքներին հուզող հարցերին: Իր ծառայությունները շարունակելով, նա մեծապես կնպաստեր կղզու հիմնահարցի լուծմանը եւ հետագա զարգացմանը, կիրականացներ խոսքից գործի անցնելու գլխավոր քարտուղարՙ Բան Կի Մունի հորդորները: Այդ փորձառու անձնավորությանը կղզու համար վճռորոշ պահին մեկ ուրիշ պաշտոնի նշանակելը բոլորովին անհասկանալի է եւ անտեղի, մանավանդ, որ դեռ պարզ չէ, թե ով պետք է փոխարինի նրան: Տեղեկացել ենք միայն, որ գլխավոր քարտուղարը քաղաքական հարցերով իր տեղակալինՙ Լին Պասկոյին է հանձնարարել գլխավորել մի պատվիրակություն, որը պետք է Կիպրոս ժամանի մարտի 30-ինՙ Մոլլերի մեկնումից մեկ օր հետո: Լավ չէ՞ր լինի արդյոք, որ երկու դիվանագետները հանդիպեին միմյանց եւ առաջինը կարողանար որոշ տեղեկություն փոխանցել մյուսին: Ժամանակի սխալ ընտրություն չե՞ք կատարել, պրն գլխավոր քարտուղար:
ԲԵՆՈՆ ՍԵՎԱՆ, Թարգմ. Հ. Ծ.