«Ադրբեջան. Կամուրջ Եվրոպայի ու Ասիայի միջեւ»: Այս վերնագիրն է զետեղված ԳԴՀ արտգործնախարարության պաշտոնական կայքում, որից տեղեկանում ենք, թե մարտի 27-ին Բեռլինում մեկնարկել է 2008-ին Գերմանիայում անցկացվող Ադրբեջանի մշակութային տարին: Ստորեւ ներկայացնում ենք արտգործնախարարության հաղորդագրությունըՙ հնարավորինս անփոփոխ:
Կովկասյան այս հանրապետությունն առաջին անգամ է իր հարուստ պատմության ու մշակույթի միջոցով ճամփորդական բացահայտումների հրավեր անում: Ողջ տարին «Կրակի երկիրը» կներկայացնի մշակութային իր բարձրակետերըՙ լինի երաժշտության, գրականության, ֆիլմի, թե արվեստի այլ ոլորտՙ ընդգծելով ավանդականի ու մոդեռնի միջեւ ներդաշնակող երկրի դեմքը:
Տարվա շրջանակներում ելույթներ կունենա Ադրբեջանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, կանցկացվի կինոփառատոն, կլինեն ընթերցումներ, ելույթ կունենա խամաճիկների թատրոնը, կբացվի ժամանակակից նկարիչների ցուցահանդես:
Գիտությունների Բեռլին-Բրանդենբուրգյան ակադեմիայում կայացած մշակութային տարվա հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքում պետնախարար Էրլերն ասել է. «Սա մեզՙ գերմանացիներիս համար բացառիկ առիթ է բոլոր նրբերանգներով ծանոթանալու մի երկրի հետ, որ շատերիս համար անծանոթ է: Անիրավորեն անծանոթ, որովհետեւ Ադրբեջանն աշխարհի հնագույն մշակութային վայրերից մեկն է, որ իր բազմազանությամբ Եվրոպայի ու Ասիայի միջեւ կամրջող գործառույթին չէ, որ միայն պարտական է»: Նա նշել է նաեւ, որ վերջին տարիներին երկիրը տպավորիչ տնտեսական թռիչք է գրանցել: Աճել է Ադրբեջանիՙ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա նավթ ու գազ արտադրող ու տարանցիկ երկրի դերը: Նավթի ու գազի տնտեսական արդի վերելքը եզակի հնարավորություն է տալիս արդիականացնելու երկիրը: Բարեփոխումների ընթացիկ գործընթացը սատարվում է ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ-ի, առավելաբար Գերմանիայի կողմից խրախուսվող Եվրոպական հարեւանության ծրագրի միջոցով: Պետնախարար Էրլերը խոսել է նաեւ հասարակության տեւական արդիականացման մասին, ինչը նշանակում է նաեւ անհաճո թեմաների ու կարծիքների բովանդակային պարզաբանում: Այստեղ էլ Գերմանիան ու Ադրբեջանը կշարունակեն բանավեճն առաջնորդել:
ԳԴՀ պետնախարարը ծանուցել է, որ 2009-ին էլ Գերմանիան է ծրագրել Ադրբեջանում մշակութային շաբաթներ անցկացնել:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա