«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2008-03-29 | #61, 2008-04-01 | #62, 2008-04-02


ԿՎԱՌԵ՞Ն ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ «ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ» ԴԵՊԻ ՆԱՏՕ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Այսօր Բուխարեստում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որում մեր տարածաշրջանի կտրվածքով ամենահետաքրքրական հարցը վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագրին Վրաստանի եւ Ուկրաինայի անդադմակցելուն: Ի շարս նշվածի, ՆԱՏՕ-ի այս գագաթաժողովում կարեւորագույն են համարվում նաեւ երկու այլ հարցեր. Եվրատլանտյան դաշինքի ռազմական խմբի ուժեղացումը Աֆղանստանում եւ դաշինքին անդամակցելու բալկանյան երկրներին ուղղված հրավերը: Ընդ որում, այս հարցերի հնարավորինս արագ լուծումը պատճառաբանվում է ԱՄՆ եւ Եվրոպայի անվտանգության նկատառումներով:

Ամեն դեպքում, եթե Միացյալ Նահանգները ամենայն ջանք գործադրում է հօգուտ Վրաստանի եւ Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրում ընդգրկելու համար, եվրոպական որոշ տերություններ, նաեւ Ռուսաստանը ընդգծված դեմ են դրան: Մասնավորապես, Գերմանիան արդեն իսկ հայտարարել է, թե Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցության փուլային գործընթաց սկսելու առկա նախադրյալները բավարար չեն, որոշ դրույթներ պարզաբանման կարիք ունեն: Վրաստանի համար դա «չլուծված ներքին հակամարտությունների» խնդիրն է, իսկ Ուկրաինայի դեպքում անդամակցության գաղափարը բավարար աջակցություն չունի հենց Ուկրաինայում:

Ֆրանսիան եւս հայտարարել է, որ չի աջակցի նախկին խորհրդային պետություններ Վրաստանի եւ Ուկրաինայի` ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու դառնալու նախաձեռնությանը: Ըստ ֆրանսիական տեսակետի, Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությունը ոչ ճիշտ ռեակցիա է Եվրոպայում, Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությանը: Դեմ արտահայտվելու հավանականություն է նշվում նաեւ Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Բելգիայի եւ Լյուքսեմբուրգի դեպքում:

Ռուսաստանի դիրքորոշման պարագայում Ուկրաինային եւ Վրաստանին ուղղված հայտարարություններում ուղղակի ընդգծվում է ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության դեպքում «ՌԴ կողմից համարժեք քայլերի նախաձեռնման ստիպողականության» հանգամանքը: Ընդ որում, հատկապես Ուկրաինայի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ի` ռուսաստանյան սահմաններին այդքան մոտենալը գնահատվում է որպես անընդունելի իրավիճակ: Ի դեպ, Ռուսաստանի նման հակազդեցությունը չի վերաբերում միայն Ուկրաինային ու Վրաստանին, այլեւ ընդհանրապես ՆԱՏՕ-ի անդամ դառնալու նկրտումներ ունեցող հետխորհրդային տարածքի մյուս երկրներին:

Մասնավորապես, ռուս-ուկրաինական հարաբերությունները դեպի ՆԱՏՕ Ուկրաինայի քայլի դեպքում ամենայն հավանականությամբ կվերանայվեն, իսկ ավելի պարզ` ռուսական կողմը կանցնի շատ ավելի անբարյացակամ մոտեցումների, քան մինչ օրս: Դե, ռուս-վրացական հարաբերություններում էլ առանձնակի փչացնելու քիչ բան է մնացել, այնպես որ Վրաստանի պարագայում կիսատ կարող են մնալ օդային ու ցամաքային կապերով հարաբերություններ վերականգնելու փորձերը:

Բնականաբար, յուրօրինակ է այս երկու երկրների անդամակցության գործընթաց սկսելուն Ռուսաստանի հակադրվող մոտեցումը, հաշվի առնելով հատկապես, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ռուսաստանը չունի ուղղակի լծակ` անդամակցության որեւէ գործընթաց սկսելու դեմ վետո կիրառելու հնարավորություն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի խոսքերով, Ռուսաստանի այս հակադրությունը չի կարող անմիջականորեն ազդել անդամակցության գործողությունների ծրագրում Վրաստանն ու Ուկրաինան ընդգրկելու հանգամանքի վրա, միայն կարող է հետաձգել այդ գործընթացի ժամկետները:

Դրա փոխարեն Միացյալ Նահանգների նախագահը, որ դեռ երեկ Ուկրաինայում էր, կրկին ու կրկին հայտարարում է ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն հայտնած Ուկրաինային եւ Վրաստանին աջակցելու մասին: Ընդ որում, ըստ Բուշի, Ռուսաստանը հիմք չունի հակադրվելու Ուկրաինայի եւ Վրաստանի ծրագրերին, ուստիեւ ԱՄՆ նախագահը որոշել է ապրիլի 6-ին Սոչիում կայանալիք ՌԴ նախագահի հետ հանդիպմանը վերջինին «համոզել», որ Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերը ոչ մեկին չեն սպառնում:

Ամեն դեպքում, Բուշի այս արտահայտությունից կարելի է ենթադրել, որ այսօր եւ հաջորդ երկու օրերին Բուխարեստում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ոչինչ չի որոշի Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության գործընթաց սկսելու առնչությամբ: Իսկ մոտ ապագայում դրա հավանական դառնալու մեծ տոկոսների պատճառով մեր տարածաշրջանում եւս ուժային եւ մի քանի այլ կտրվածքներով փոփոխությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4