ԼՂՀ Քաշաթաղի շրջանում լինելու երեք օրը մեզ կտրել էր երեւանյան ու հատկապես քաղաքական առօրյայից: Այնտեղ ուրիշ ժամանակային միավոր էր գործում: Չքնաղ բնության ու մարդկային հոգսի իրար խառնված այնպիսի չափաբաժին կար, որ քաղաքական տուրեւառումները թվում էին չնչին ու ապարդյուն: Հարավային Հայաստանի տարածքի այնպիսի անկրկնելի բնապատկերները տեսնելը, ինչպիսին Իրանի սահմանի եւ Արաքս գետի երկայնքով փռված բնակավայրերի, այգիների ու հարթավայրերի հերթագայությունն է, չի փոխարինվի ոչ մի ուրիշ զգացողությամբ: Անգամ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանին, ում հեռախոսն ընդունած զանգերով անընդհատ կապում էր երեւանյան իրականությանը` Հրազդանի հացադուլավորների, բերման ենթարկվածների վերաբերյալ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի հետ նրա զրույցներով, հնարավոր չեղավ հետ տրամադրել գեղեցկության ու Քաշաթաղի զարգացման հրամայականի գերադաս ըմբռնումից:
Քաշաթաղի տարբեր գյուղերում տիրող ընդհանուր մթնոլորտին գոնե մասամբ ընթերցողին հաղորդակից դարձնելու համար` մի քանի փոքրիկ պատմություն:
Քաշաթաղի շրջանի Ձորափ գյուղի բնակիչներ, սպիտակցի ամուսիններ Արտակը եւ Նարինեն Բերձորից Միջնավան (Մինջեւան) ճանապարհ ընկած մեր «Գազելը» բարձրացան ճանապարհի ինչ-որ հատվածից: Նրանք եկել էին Բերձոր մոտ 27 հազար դրամ կազմող երեխաների նպաստի հետեւից, որը եթե այդ օրը ստանային, պետք է մեկ 50 կիլոգրամանոց պարկ ալյուր առնեին եւ որեւէ հրաշքով հասցնեին Ձորափ: Դա նրանց միակ եկամուտն է դրամական տեսքով, ալյուրն էլ թանկացել, 8 հազար դրամից հասել էր 15-17 հազար դրամ պարկը: Ընտանիքը (5 երեխա ունեն) կերակրվում է մի փոքրիկ տնամերձով, բնականաբար կենտրոնից շատ հեռու ընկած այդ գյուղում չի կարող ո՛չ աշխատանք, ո՛չ եկամուտի աղբյուր լինել, նրանք երկրաշարժից հետո են եկել Ձորափ, իրենց տունը մարդկային տեսքի բերելու համար տարբեր ժամանակներում ընդհանուր առմամբ ստացել են մոտ 100 հազար դրամ ու վերջ: Նրանց երեխաները (այդ թվումՙ առաջին դասարանցի) ամեն օր մոտ 8 կիլոմետր ոտքով գնում են Մարտունաշենի դպրոց, քանի որ 35 ընտանիք ունեցող Ձորափում առայժմ հնարավոր չէ դպրոց աշխատեցնել: Իսկ իրենք` ձորափցիները, սարերի լանջին փռված իրենց գյուղից դեպի Բերձոր գնացող մայրուղուն (այդպես կոչենք 88-ից այս կողմ չնորոգված եւ նախկին ասֆալտի որոշ պարունակություն պահպանած ճանապարհը) հասնելու համար պետք է ոտքով 12 կիլոմետր ճանապարհ անցնեն:
Մի պատմություն պատմեց ընդամենը 1 տարի առաջ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար նշանակված Էռնեստ Ղեւոնդյանը, որին ամեն օր տասնյակ մարդիկ են դիմում տարբեր պրոբլեմներով: Մի օր մեկը գալիս ու ներկայանում է որպես Խաչիկդաղի գյուղապետ ու խնդրում ինչ- որ հարց կարգավորել: Ղեւոնդյանը հարցնում է` քանի՞ ընտանիք է ապրում գյուղում: «Մեկ», լինում է պատասխանը: Իսկ երբ Ղեւոնդյանն ուզում է իմանալ ընտանիքի անդամների թիվը, պատասխանը երկրորդվում է. «Մեկ` ես»: Իհարկե, սա կատակի նման էր պատմվում` պատկերավոր նկարագրելու համար, թե որքան հարկավոր են ենթակառուցվածքները, որոնց բացակայությամբ գյուղերի բնակիչները չեն կարողանում մնալ եւ զարգացնել գյուղը:
Բերձորի երաժշտական դպրոց այցելեցինք, որի տնօրեն Արմեն Բալասանյանը հպարտորեն պատմում էր իր հարյուրից ավելի աշակերտների, Երեւանում Ավետ Գաբրիելյանի անվան մրցույթը շահած սան Արամ Հակոբյանի մասին, եւ թե` ալտի աշակերտ ունի, Երեւանում ցերեկով ճրագով ման գաս, ալտի աշակերտ չես գտնի: Ու անսպասելիորեն այնտեղ հանդիպեցինք Հայաստանում եւ արտերկրում շատ հայտնի ջութակահար Ջենթերեջյան եղբայրներից մեկին` Աշոտին, որ ամեն ինչ թողել եւ եկել է Բերձոր` իր արվեստի գաղտնիքները արցախցի փոքրիկ ջութակահարներին փոխանցելու: Ոգեւորված էր, դժգոհություն չէր ուզում արտահայտել` չնայած կենցաղային եւ այլ բնույթի դժվարություններին, եւ ձայնագրիչն անջատել տալուց հետո միայն լսեցինք նրանից, թե էս վեց ամիս իր կենցաղային «երջանկությունը» եղել է զուգարանը լցնելու համար ջուր կուտակելը:
Վուրգավանը Քաշաթաղի հարավում է: Այնտեղ գյուղացիների մի մասը ջուր չունի` գյուղապետ Վոլոդյայից պահանջում է փչացած պոմպը նորոգել, վերջինս անօգնական տարածում էր ձեռքերը: Վերաբնակեցնելիս գյուղում մեկ կով է եղել, հիմա 200-ը կա, լավ է, բայց գյուղացիք մնում են իրենց արտադրած գյուղմթերքը ձեռքերին կամ էլ համարյա ձրի տալիս են շատ հազվադեպ այստեղ Գորիսի կողմից եկող առեւտրականներին: Այ, հենց այս տիպի գյուղերում ենթակառուցվածքների հետ մեկտեղ` գյուղմթերքի վերամշակման գործարան է պետք: Մեր` եկվորներիս ռոմանտիզմն ավելի վառ դրսեւորվեց Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Հովսեփ Մարգարյանի վարքում: Նա լսեց-լսեց գյուղացիների բողոքները, ինչը գուցե նրան մղի այստեղ փոքր բիզնեսի մի ձեռնարկություն ստեղծելու, բայց մի պահ էլ հուզվեց-կռացավ համբուրեց գյուղացիներից մեկի մրոտ ձեռքը` գյուղապետ Վոլոդյայի վրա բարկանալով. «Աս մարդկանց մի նեղացուր, ասոնք կպահեն մեր հայրենիքը»: Բայց դե գյուղապետն էլ նրանցից մեկն էր:
Ինչպես տեսնում եք` այս բոլոր պատմությունները ցույց են տալիս ե՛ւ դժվարությունները, ե՛ւ բնութագրում այդ դժվարությունները բանի տեղ չդնող ու Քաշաթաղի հրաշք բնության մեջ իրենց տունուտեղը դնող քաշաթաղցուն:
Պատճառներն ու հետեւանքները ստորեւ
Արդեն ասել էինք, որ «Թուֆենկյան հիմնադրամի» կազմակերպած Քաշաթաղի զարգացման խորհրդաժողովը շատ ներկայացուցչական էր: Մասնակիցների թվում էին Կիլիկիո առաջնորդարանից, Հայ ավետարանչական միությունից, ՀԲԸՄ-ից եւ ՀՕՄ-ից, ՀՅԴ արտասահմանյան կառույցներից, Համազգային կրթամշակութային կազմակերպությունից, Ամերիկայի հայկական համագումարից, Իրանի, Սիրիայի, Լիբանանի հայ համայնքներից, սփյուռքահայ բարեգործական հիմնադրամներից: Հրավիրյալ էին հայաստանյան կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ԼՂՀ իշխանության ամենաբարձր ղեկավարները եւ այլք: Նախապես «Թուֆենկյան» հիմնադրամի, ԼՂՀ կառավարության տնտեսական փորձագետների ջանքերով Քաշաթաղի զարգացման ուղղությունների մի նախնական փաթեթ էր մշակվել` հուսով, որ հետագայում ավելի համալիր ծրագիր կստեղծվի: Փաթեթում առաջարկների շեշտադրումները ելնում են Քաշաթաղի հարուստ գյուղատնտեսական ռեսուրսի հիման վրա ինքնուրույն եւ զարգացած գյուղատնտեսություն ունենալու, դեպի հարավ` Իրանի հետ 100 կիլոմետրանոց սահմանին մոտիկ տարածքների տնտեսական եւ պաշտպանունակության ամրապնդման (Մեղրիի թիկունքը), ճանապարհային բազմուղի ցանցի գոյության հրամայականից: Արցախը Հայաստանին կապող 4 ճանապարհներից երեքը Քաշաթաղով են անցնում (Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ, Կապան-Զանգելան-Ջեբրայիլ, Մեղրի-Միջնավան-Հորադիզ): Փաստորեն` փաթեթի հեղինակների կարծիքով` Քաշաթաղի ներուժը մինչեւ հիմա լավ չի օգտագործվել, 1990-ականների կեսի խոստումնալից սկզբից հետո այս տարածքում վարվող քաղաքականությունը հետեւողական չի զարգացվել, կորսվել է թանկագին ժամանակը, եւ փոխանակ տարածքը ինքնիշխան երկրի անբաժանելի մաս զարգացնելու, այստեղ ընկել են կարճատեւ եկամուտների հետեւից. մարդիկ արտագաղթել են` ապրելու տարրական պայմաններ չլինելու, անարդար կառավարման, ինչպես նաեւ «որոշ պաշտոնատար անձանց` տարածքը Ադրբեջանին հանձնելու անպատասխանատու հայտարարությունների» պատճառով: Չգիտենք` դա նաեւ ԼՂՀ ղեկավարության տեսակե՞տն է, բայց ձեւակերպված տեսանք փաթեթում, թե` բանակցությունները փակուղի են մտել, եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման մոտակա հույսեր չկան, այդ պատճառով ԼՂՀ իշխանությունները վերանայել են իրենց վերաբնակեցման քաղաքականությունը եւ որոշել համալիր զարգացնել Քաշաթաղը:
Քաշաթաղի բնակարանների 80 տոկոսը զուրկ է կեցությանն անհրաժեշտ պայմաններից, 1600 տուն հիմնական նորոգման կարիք ունի, ճանապարհներով դժվար կամ անհնարին է երթեւեկելը, ոռոգման եւ խմելու ջրի համակարգը համարյա ամբողջությամբ պետք է վերականգնվի, կադրերի պակասը զգացվում է ամեն քայլափոխի` ուսուցիչներ, բժիշկներ, տնտեսական ոլորտի մասնագետներ: Պատկերացրեք, ողջ շրջանում երբեւէ գինեկոլոգ չի եղել` անցած տարի հազիվ գինեկոլոգ-վիրաբույժ էր եկել Քաշաթաղում աշխատելու, նա էլ ֆիզարձակուրդ գնաց: Քաշաթաղում ընդամենը 2 հիվանդանոց եւ 3 բուժկետ կան, վիրահատման եւ ծննդաբերման ոչ մի հնարավորություն: 50 դպրոց եւ 589 աշակերտ ունեն քաշաթաղցիները, կրթությունը երեւի համեմատաբար կայացած համակարգն է Քաշաթաղում, թեեւ ե՛ւ մասնագետների, ե՛ւ միջոցների պակաս կա ոլորտում: Միեւնույն ժամանակ, տարբեր հիմնադրամներ ու բարեգործներ հենց այս ոլորտում են հաճախ ներդրումներ արել, եւ անգամ համակարգչավորման ծրագրեր են իրականացվում:
Բնակչության գերակշիռ մասի համար աշխատանք չկա, գյուղերում, հատկապես մայրուղիներից հեռու տարածքներում մարդիկ չեն կարող իրենց ստեղծած բարիքը վաճառել կամ փոխանակել: Իրականացվել է ցիրուցան, պատահական բնակեցումների քաղաքականություն, որն այժմ ցանկություն կա փոխելու` կառավարությունը շեշտը դնելու է 9 կենտրոնների վրա, որոնց շուրջը կարող են համախմբվել մոտակա գյուղերը: Հզորացվելու են Բերձոր, Կովսական եւ Միջնավան քաղաքները: Նախ պետք է նորոգել ճանապարհները, ինչը հսկայական ֆինանսական ներդրումներ կպահանջի: Գյուղատնտեսության եւ անասնապահության ոլորտում շեշտադրումներ պետք է արվեն 20 հազար հա անջրդի տարածքներից հնարավոր առավելագույնը ոռոգելի դարձնելու եւ հացահատիկ ցանելու ուղղությամբ, բացի այդ` Քաշաթաղի հարավում են գտնվում հարավային Հայաստանի ամենալավ մրգի ու խաղողի այգիները: Անասնապահության արդյունքն էլ հաշված` հարկավոր է ստեղծել պահածոների, չրի, կաթի եւ կաթնամթերքի վերամշակման եւ այլ գործարաններ, որոնք աշխատատեղ են, ենթակառուցվածք, բիզնես, ազատ եկամուտ` մյուս ոլորտները զարգացնելու եւ այլն: Բայց մինչեւ այժմ այս հնարավորությունները ոչ ոք լրջորեն չի ուսումնասիրել:
Քաշաթաղի պրոբլեմներն ըստ նրա վարչակազմի ղեկավար Էռնեստ Ղեւոնդյանի
Նախ ասենք, որ քաշաթաղյան խորհրդաժողովին մասնակցում էր եւ մշակութային ծրագրերում իր հետագա մասնակցությունն է ունենալու Քաշաթաղի վարչակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանը, ինչն իր մեջ լավ խորհուրդ ունի` Քաշաթաղի շրջանի ստեղծման ակունքներում կանգնած մարդը չի կարող եւ չի ուզում հեռու մնալ Քաշաթաղի զարգացման ծրագրերից:
Է. Ղեւոնդյանը պատմեց, որ Քաշաթաղի 94 բնակավայրերից համայնք ճանաչված 53-ից միայն 34-ը սեփական բյուջե ունի, քանի որ մյուս համայնքների սահմանները նկարագրված եւ հողային հաշվեկշիռները սահմանված չեն: Շրջանը փաստացի քարտեզագրված չէ, բայց գործընթացը սկիզբ է առել: Հենց այս պատճառով շրջանի բնակչության հողերը սեփականաշնորհված չեն` իրավաբանորեն ձեւակերպված հողակտորներ չկան: Սա եւս բնակիչների վստահության պակաս է առաջացնում: Չնայած շրջանի բնակավայրերի 85 տոկոսը էլեկտրաֆիկացված է, կան 2-3-5 ընտանիք ունեցող գյուղեր, որտեղ հոսանք անցկացնելը շատ թանկ է նստում, ասենքՙ 30 մլն դրամ պետք է ծախսես այդպիսի մի բնակավայր էլեկտրաֆիկացնելու համար: Մյուս կողմից էլ` հոսանք չկա, դրա համար լքում են այդպիսի գյուղերը: Աղավնո գետի վրա փոքր հզորության հիդրոէլեկտրակայան է կառուցվելու, թեեւ, ըստ Ղեւոնդյանի, այստեղ կասկադ կառուցելու հնարավորություն կա: Ի դեպ` նույն գետի հովտում տուրիզմի գոտի զարգացնելու հեռանկար կա: Շրջանում փոստային կապի նորմալ համակարգ չի հաջողվում ունենալ, իսկ բջջային կապ մինչեւ ամառ ողջ տարածքում կլինի` «Ղարաբաղ տելեկոմը» ընդունող կայան կտեղադրի հարավում: Գազաֆիկացված է բնակավայրերի 15-20 տոկոսը, այս տարի այդ տոկոսը կկրկնապատկվի, սակայն Ղեւոնդյանը խորհրդաժողովի մասնակիցներից ակնկալում էր ներդրումներ այդ ոլորտում, որպեսզի գազ ունեցող բնակավայրերի թիվը կտրուկ ավելանա:
Շրջանում մասնավոր բիզնես որպես այդպիսին չկա: Վարկերի տրամադրումը եւս չգործող ինստիտուտ է առայժմ, քանի որ Քաշաթաղում գրավի առարկա չկա` տները պարզապես արժեք չունեն: ԼՂՀ կառավարությունը մտադիր է վարկավորման մինչեւ 14 տոկոսի 6-8 տոկոսն իր վրա վերցնել, ինչը գուցե խթանի վարկով բիզնես զարգացնելու գործը:
Բայց, իհարկե, Է. Ղեւոնդյանը ողբերգական է համարում Քաշաթաղի ճանապարհների վիճակը: Եթե շատ մեծ ներդրումներ չլինեն, պետությունն ամեն տարի ստիպված է լինելու 80-100 մլն դրամ ծախսել, որպեսզի եղած ճանապարհները կարողանա շատ թե քիչ անցանելի դարձնել: Վարչակազմի ղեկավարը գտնում է, որ տարեկան 100-150-200 տուն պետք է նորոգվի, որ քաշաթաղցին հույս ունենա, սպասելուց չհոգնի-հեռանա:
Քաշաթաղի բյուջեն 2008 թվականին կրկնապատկվել եւ դարձել է 2 մլրդ. 370 մլն դրամ, բայց խնդիրները մեղմելու համար դրանից 5-6 անգամ ավելին է պետք, համոզված է Ղեւոնդյանը:
Հարկադիր ավարտՙ տեղի սղության պատճառով
Արդեն պատմել ենք, որ խորհրդաժողովում ներկա ե՛ւ կազմակերպությունները, ե՛ւ գործարարները վերը նշված եւ բազմաթիվ այլ խնդիրների նկատմամբ շահագրգիռ վերաբերմունք դրսեւորեցին: Արդեն նոր ծրագրերի, տրված եւ իրականացվող խոստումների մասին մի ուրիշ անգամ անդրադարձ կանենք: Արված ծրագրերն էլ հույս են ներշնչում: Հենց թեկուզ «Թուֆենկյան հիմնադրամը», ըստ հիմնադրամի ԼՂՀ ծրագրերի տնօրեն Մարո Մաթոսյանի` ամեն տարի 1 մլն դոլար է ներդնում Արցախում եւ Հայաստանում. օրինակՙ Քաշաթաղի Այգեհովիտ, Ուռեկան, Գետամեջ գյուղերին մոտիկ 38 հա այգի է վերականգնվել, դրանք աշխատատեղեր ու եկամուտներ են, եւ այդ երեք գյուղից ոչ մի բնակիչ այգիների հիմնումից հետո չի արտագաղթել: Ուրիշ շատ կազմակերպություններ են ձեռնարկումներ արել, որոնց էլի հետագայում կանդրադառնանք:
Ամփոփենք գուցե մի հուզիչ օրինակով: ԱՄՆ-ից հայտնի բարերար Քերոլայն Նաջարյանը, որի վստահությունն, ի դեպ, Հայաստանում նրա մտերիմները չարաշահելով` նրան զրկել են իր իսկ գնած բնակարանից, այդ բոլորից հետո չի հիասթափվել եւ շարունակում է իր ծրագրերը Արցախում` բժշկական օգնություն է բերում, իր «Արփեն» կենտրոնի միջոցով կազմակերպում հղի կանանց սննդի հարցը:
Նրա նման շատերը կան, որ այսօր պատրաստակամ են ձեռք զարկելու Քաշաթաղի զարգացման ծրագրերին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Քաշաթաղ-Երեւան