«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2008-03-29 | #61, 2008-04-01 | #62, 2008-04-02


«ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՑՈՒՅՑ ՏԱ` ՆՈՒՅՆԱՆՈ՞ՒՄ Է ՆԱԽՈՐԴԻ ՀԵՏ, ԹԵ՞ ԳՆՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Ըստ Արամ Սարգսյանի` Հայաստանում տիրող ներկայիս իրավիճակը սպասողական է: Իսկ մարտի մեկի դեպքերի առնչությամբ ձերբակալվածներն էլ ներառում են ե՛ւ քրեածին, ե՛ւ քաղաքական հայացքներ ունեցող տարրեր. «Ճիշտ թե սխալ, քաղաքականությամբ են զբաղվել: Բոլոր ձերբակալվածների պատասխանը պետք է տրվի, թե ինչի՞ համար են ձերբակալված»:

Արամ Սարգսյանը կարեւորեց մեկ կարեւոր փաստ` նորընտիր նախագահը պետք է իր գործունեությամբ ձերբազատվի նախորդ իշխանությունների սխալներից, ինչպես նաեւ հատկանշական համարեց նորընտիր նախագահի ինքնուրույնությունը: Բանախոսի կարծիքով, հնարավոր էր կանխել մարտի մեկի դեպքերը օրինական ճանապարհով` այն էլ ցերեկը. «Չեմ հանում պատասխանատվությունը նաեւ կազմակերպիչների վրայից: Պետք է մտածեին ժողովրդի անվտանգության մասին: Իշխանություններն էլ ժամանակին պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեին` զոհեր չլինելու համար»:

Արամ Սարգսյանը սպասում է ապրիլի 10-ին, երբ նորընտիր նախագահը կստանձնի իր պարտավորությունները, եւ որ առաջին հերթին կլինեն համակարգային փոփոխություններ:

Ինչ վերաբերում է Ագոյի խմբի առաջարկություններին, ապա Դեմկուսի ղեկավարն այսպես մեկնաբանեց. «Չպետք է թույլ տալ, որ մեկը գա քո տուն եւ ասի` ինչ անել: Հարիր չէ, որ ասենք` ընդունում ենք Ագոյի առաջարկությունները: Շատ պարզ առաջարկություն է. որքանո՞վ է համապատասխանում իրականությանը»:

Արամ Սարգսյանը գտնում է, որ երկխոսություն ծավալել անհրաժեշտ է այն դեպքում, երբ կողմերը միտված են խնդիր լուծելու, իսկ Տեր-Պետրոսյանը, ըստ Սարգսյանի, միտված չէ խնդիր լուծելու. «Ո՞ւմ հետ լուծելու, դա այլ հարց է: Հասարակությունը ուզում է իմանալ ամեն ինչ, իշխանությունը պետք է կարողանա պատասխան տալ ամեն ինչի համար: Տեր-Պետրոսյանն էլ հաստատել է, որ կարող ուժ երբեւիցե չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր թերթերում իրականացվող հարկային ստուգումներին, ապա Արամ Սարգսյանը բացասական գնահատական տվեց նման քայլերին, ընդգծելով, որ եթե իշխանությունները բան ունեին ասելու` վաղուց պետք է ասեին:

Այն հարցին, թե արդյոք դրսից խրախուսված չէ՞ր դեպքերի նման զարգացումը Հայաստանում, Արամ Սարգսյանը նշեց. «Եթե կարդաք «Վաշինգտոն փոստում» գրվածը, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմում է Արեւմուտքին` ասելով Արեւմուտքը չկատարեց սա, նա, ապա...»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4