Պրեմիերա Պատանի հանդիսատեսի թատրոնում
Ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչպես է դասավորվելու իր ապագա կյանքը: Ճակատագիր կոչվածը հաճախ անակնկալներ է մատուցում, ստիպում սթափվել եւ իրական հայացքով ու սթափ դատողությամբ ընկալել կյանքի դժվարությունները, գուցեՙ անարդարությունները: Այլ են ընտանիքի մասին պատկերացումները: Թերեւս ոչ մի զույգ ամուսնությունից առաջ չի էլ փորձում մտորել, որ գալու է բաժանման պահը: Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» պիեսն արտացոլում է ընտանեկան անսովոր իրավիճակ: Կանանց հետ շփվելու հմտություն եւ փորձ ունեցող հասուն տղամարդու կյանքում կա երեք կին: Երեքն էլ նրան սիրում են ու ցանկանում երջանկացնել:
Վերջերս Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ «Սիրային քառանկյունի» ներկայացման պրեմիերան: Գլխավոր դերակատարներն են Վիգեն Ստեփանյանն ու Նազենի Հովհաննիսյանը: Տարբեր են կանանց երեք կերպարները, որոնց շուրջն էլ ծավալվում են հիմնական գործողությունները: Օրինական կինը տնային տնտեսուհի է, օրն անցկացնում է խոհանոցում, խնամում որդուն ու լուռ սպասում, թե երբ է ամուսինը տուն վերադառնալու:
«Կանայք տղամարդկանց երջանկացնում են երկու անգամՙ ամուսնանալուց եւ բաժանվելուց: Ուզում էի քեզ հանդիսավոր պայմաններում երջանկացնել»: Այստեղ խոսում է կանացի խոցված ինքնասիրությունը: Տղամարդը կորցրել է կնոջ հանդեպ հետաքրքրությունը, կինը նմանվել է կարդացած գրքի, որի էջերը ամուսինը վաղուց անգիր գիտի ու հոգնել է կրկնվող արտահայտություններից ու միօրինակությունից:
Պաշտոնական սիրուհին ապրում է հասարակական ակտիվ կյանքով: «Ես նրան կսպանեմ, երբեք չեմ ների ինձ դավաճանելու համար»: Կերպարն ամեն գնով հասնում է իր ուզածին, դրսեւորում ուժեղ կամք ու համառություն: Բաժանման պահին տղամարդը խոստովանում է, որ երազում էր սիրուհուց երեխա ունենալ: Սակայն երեխա ունենալը սիրուհու համար նշանակում էր ողբերգություն: Թերեւս դա էլ դարձավ տղամարդու հիասթափության պատճառն ու սկսվեց նոր սիրային կապ դեռատի աղջկա հետ: Վերջին թռիչքի սինդրոմ: Այսպես կարելի է նրան անվանել: Անդեմ էակ: Սակայն նրան էլ չի հաջողվում դառնալ տղամարդու մեծ սերը:
Պրեմիերան կարեւոր իրադարձություն էր դերասան Վիգեն Ստեփանյանի ստեղծագործական կյանքում: Ավելի քան 15 տարի բեմում չխաղալուց հետո հանդիսատեսին ներկայացավ կնամոլի կերպարով: «Հետաքրքրական գործ է: Իմ կերպարը մեկն է այն հազարավոր տղամարդկանցից, կյանքի մայրամուտին, երբ անցնում է 50-ի սահմանագիծը, հաճախ գիտակցում է, որ կյանքն անիմաստ է: Նվիրական զգացմունքներ, երազներ, որոնց տենչում ես, փնտրում, բայց չկան»:
«Մենակ մնացած տղամարդը դարպասները բաց ամրոց է»: Այս արտահայտությունը ներկայացման ընթացքում հաճախ է հնչում: Կանանցից ոչ ոք երջանիկ չէ, յուրաքանչյուրը գիտակցում է, որ տղամարդը ժամանակավոր է: Պիեսը կոչվում է անսովոր կատակերգություն, իրականում ողբերգություն է, սիրո հոգեհանգիստ, կոտրված սրտեր ու երազներ: Վերջում տղամարդը գտնում է հերթական խաղալիքըՙ երիտասարդ կնոջ, որ իր հետ բերում է թարմություն ու նոր սպասելիքներ:
Ներկայացումից հետո «Ազգի» հետ առանձնազրույցում Կարինե Խոդիկյանն ասաց. «Սովորաբար ընդունված է ասել սիրային եռանկյունի: Իհարկե, նոր անկյուն չեմ հայտնաբերել: Անսովոր իրավիճակ է: Կերպարները տղամարդուն սեր են խոստովանում, իսկ նա գրկից գիրկ անցնելով, իր սերն է փնտրում»: «Սիրային քառանկյունին մեր հերթական աշխատանքն է, վերջին շրջանի նրա լավագույն գործերից է: Հետաքրքրական է, անսպասելի ու դրամատիկ», ասաց Պատանի հանդիսատեսի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ