«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2008-03-29 | #61, 2008-04-01 | #62, 2008-04-02


«ՀԱՐԿ Է ՈՒՆԿՆԴՐԵԼ ԱՅՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ԳՈՐԾ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»

«Տեղեկացա, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է հայաստանցի մտավորականներին, գործիչներին եւ գործարարներին: Ողջունելի է, բայց սփյուռքահայերին չպետք է աննկատ թողնել: Եթե սփյուռքահայերին չներգրավենք երկիր կառուցելու ծրագրի մեջ, սխալ կլինի», մեր հեռախոսային զրույցում օրեր առաջ կարծիք հայտնեց տարվա 9 ամիսը Հայաստանում ապրող գերմանահայ ճարտարապետ Արմեն Հախնազարյանը: Նրա պատմելով, մեծ չէ այն սփյուռքահայերի թիվը, ովքեր Հայաստանում բնակարան են գնել, տարվա մի մասն ապրում են երկրում ու տարբեր ծրագրեր իրականացնում: Այն սփյուռքահայերը, ովքեր հայրենիք են գալիս որպես զբոսաշրջիկ, չեն կարող շատ բան փոխել, բայց նրանք, ովքեր տարբեր երկրներում ապրելով գիտակցում են, որ պարտավորություն ունեն Հայաստանի հանդեպ, եւ դա ծրագիր ու գործ դարձնելով գալիս ու հաստատվում են Հայաստանում, կարող են շատ լավ նկատելՙ ինչի պակաս ունի Հայաստանը, որ օղակը լավ չի աշխատում, ինչպես հարահոս դարձնել շարժումը: «Մեզանից ամեն մեկը Հայաստան է եկել իր հետ բերելով օտար երկրների իր դաստիարակությունն ու սովորությունները: Միմյանց հետ աշխատելով կապ է ստեղծվում նաեւ այդ երկրների հետ, շատ բան է փոխանցվում», ասաց Հայաստանում 19 աշխատակից ունեցող RAA-իՙ Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հաստատության ղեկավարը, որն ի թիվս ուրիշ ծրագրերի, հասցրել է 17 վանք վերականգնել: Նա նշեց այդ մարդկանց անուններըՙ Լոնդոնից Ռուբիկ եւ Մարիետ Գալիջյան ամուսինները, ովքեր Հայաստանի գյուղերին օգնող մի կազմակերպություն են հիմնել, Արա Կարապետյանը, ով աշխատում է Ղարաբաղի բնակչության բուժսպասարկման ոլորտում, Հոլանդիայից Կորյուն Հովակիմյանը, կինը, որդին, որ բոլորովին հաստատվել են Հայաստանում:

«Սփյուռքում ասում էինՙ սիրե՛ք Հայաստանը: Սխալ է, պիտի ասեինՙ ճանաչեք Հայաստանը: Ճանաչելով պիտի սիրեն, առանց ճանաչելու սեր չկա, իսկ ճանաչել նշանակում է գործ անել», կարծիք հայտնեց Արմեն Հախնազարյանը: Դրական համարելով Վարդան Օսկանյանիՙ Հայաստանի գյուղերին սատարելու նախաձեռնությունը, պարոն Հախնազարյանը շեշտեց, թե նշված մարդիկ սուսիկ-փուսիկ անում են իրենց գործը, բայց հարկ է հենց նրանց ունկնդրել, որովհետեւ տեղում աշխատելով բավական փորձառություն են կուտակել: «Ինչպես դրսի հրեաները Իսրայելի կյանքում ներկայություն ունեն, այդպես էլ սփյուռքահայերը Հայաստանի կյանքում գոյություն չունեն: Պիտի ջանանք, որ պատկերը փոխվի», ցանկություն հայտնեց Արմեն Հախնազարյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4