«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2008-03-29 | #61, 2008-04-01 | #62, 2008-04-02


ԼՎՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ

Երեկ մի քանի տեղեկատվական գործակալություններ հաղորդագրություն էին տարածել, թե «բարբարոսները վնասել են Լվովի հայկական եկեղեցու ճակատը եւ ավերել են խաչը»: «Ազգը» հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հետ եւ պարզեց, որ Լվովի սուրբ Աստվածածնի վերափոխման եկեղեցին որեւէ վնաս չի կրել: «Եկեղեցու մուտքի մոտ, պատից կախված է մոտ 1,5 մետր բարձրություն ունեցող փայտե խաչ` Քրիստոսի արձան խաչ, որի առաջ հավատացյալները գալիս են ու աղոթք են անում: Երկու օր առաջ այդ խաչի մոտ մի երիտասարդ աղոթք է արել ու հետո փորձել է այդ խաչը հանել ու տանել օրը ցերեկով: Կատարվածը որեւէ ոտնձգություն չէ հայկական եկեղեցու նկատմամբ, պարզապես կան որոշակի շեղումներով, հիշողության կորստով տառապողներ, որոնք ընդգրկված են հավատացյալների ինչ-որ խմբերում ու դրանցից մեկն էլ այդ օրը որոշել է իր հետ տանել Քրիստոսի խաչը», տեղեկացրեց սրբազանը: Իհարկե եկեղեցու հովիվ տեր Թադեւոս քահանա Գեւորգյանը ու սպասավորները կանխել են ու այդ մասին տեղեկացրել իրավապահ մարմիններին, որոնց հետ կա համապատասխան պայմանավորվածություն, երբ Լվովում ինչ որ ծայրահեղական, ազգայնամոլական խմբեր եկեղեցիների պատերին ինչ-որ բաներ են գրում, անմիջապես տեղեկացվում է ոստիկանությանը: «Մեկ անգամ էլ եմ ուզում նշել, ասաց սրբազանը, որ եկեղեցուն որեւէ վնաս չի հասցվել»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4