«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2008-03-29 | #61, 2008-04-01 | #62, 2008-04-02


ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Արդեն երրորդ շաբաթն է, ինչ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանը Վրաստանում կալանավորված է: Ըստ «Արմենպրեսի», նա Վրաստանի սահմանն անցել է Հայաստան-Վրաստան սահմանային անցակետը շրջանցելով եւ փորձել է ուղեւորվել երրորդ երկիր: Թբիլիսիի օդակայանում Վրաստանի սահմանապահ ծառայությունը նկատել է, որ Ռ. Սուքիասյանի անձնագրում բացակայում է Վրաստան մուտքի դրոշմը եւ սահմանն ապօրինի հատելու կասկածանքով կալանավորել նրան:

ԵԱՀԿ աշխատակցին բերման են ենթարկել ու բաց թողել

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը հանդես է գալիս հետեւյալ հայտարարությամբ. «Մարտի 27-ին մոտավորապես ժամը 18.00-ին Թումանյան փողոցում մի խումբ ոստիկաններ կանգնեցրին ԵԱՀԿ տեղացի աշխատակցուհուն եւ իր բարեկամուհուն, որոնք անձնական գործով գնում էին «Արմենտելի» բաժանմունք: Առանց որեւէ բացատրություն տալու ոստիկանները կարգադրեցին հետեւել իրենց, այնուհետեւ նրանց ստիպողաբար նստեցրեցին ոստիկանական մեքենա եւ տարան Շենգավիթի ոստիկանության բաժին: Գրասենյակի միջամտությունից հետո աշխատակցուհին եւ իր բարեկամուհին անմիջապես ազատ արձակվեցին»: Գրասենյակն արտահայտել է իր խորին մտահոգությունը իշխանություններին` կապված այս դատապարտելի միջադեպի հետ եւ պահանջել պարզաբանում:

Նախնական կալանքի մեջ է 90 մարդ

Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որ «Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 13 անձի մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քաղաքացիներ Արմեն Ավագյանին, Համլետ Աբրահամյանին, Դավիթ Համբարձումյանին, Ռաջու Պետրոսյանին, Սարգիս Պարունակյանին, Մեսրոպ Զաքարյանին, Դավիթ Մաթեւոսյանին, Հովհաննես Ղազարյանին, Վարդգես Գասպարյանին, Միսակ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու եւ վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու համար: Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ Ռուբեն Ոսկանյանին, Իսահակ Մալխասյանին եւ Արտաշես Մաթեւոսյանին»: Նշված անձանց վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են ընդհանուր իրավասության դատարան: Հաղորդվում է, որ հատուկ քննչական ծառայության վարույթում, ապրիլի 1-ի դրությամբ, նախնական կալանքի մեջ է գտնվում 90 անձ, եւս 10 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Հացադուլ եւ հայտարարություն բանտից

Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ կալանավորված անձանցից միայն Սուրեն Սուրենյանցն ու Վարդգես Գասպարյանն են հացադուլ հայտարարելու դիմում ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին: Նշվում է նաեւ, որ «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Կարապետ Ռուբինյանը ապրիլի 1-ին դիմում է ներկայացրել, տեղեկացնելով, որ սկսում է մեկօրյա նախազգուշական հացադուլ: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մալխասյան Մյասնիկը, Այվազյան Սմբատը եւ Վարդանյան Ալեքսանը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մարզպետ Այվազյանը, Արմեն Գրիգորյանը, Սայադ Հովհաննիսյանը, Վլադիմիր Առաքելյանը, Շոթա Սաղաթելյանը, Պետրոս եւ Վարդգես Մակեյանները ապրիլի 1-ին դիմում են ներկայացրել հիմնարկների պետերին, հայտարարում են հացադուլ` պահանջելով դադարեցնել իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը: Միաժամանակ հայտնի է դարձել, որ Վ. Առաքելյանը, Մ. Այվազյանը, Ս. Հովհաննիսյանը, Ա. Գրիգորյանը, Շ. Գալստյանը եւ Յ. Սիմոնյանը հայտարարություն են տարածել, որ իրենց համարում են քաղաքական բանտարկյալներ եւ անժամկետ հացադուլ են սկսում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4