«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2008-04-04 | #65, 2008-04-05 | #66, 2008-04-08


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՙ 10 ՏԱՐԻ ԱՆՑ

Ինչպիսի՞ն էին Հայաստանի երկրորդ նախագահի կառավարման տարիները

Վաղը կավարտվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը, ինչը հնարավորություն է տալիս առավելագույնս օբյեկտիվ գնահատելու նրա կառավարման 10 տարիները, քանի որ գործող նախագահին տրվող գնահատականները սովորաբար դիտարկվում են այլ ենթատեքստումՙ համարելով, որ եթե դրական գնահատական է տրվում, արվում է նրան շողոքորթելու, եթե բացասականՙ փնովելու նպատակով: Սակայն, անկախ որեւէ բնորոշումից, փորձելու ենք տալ Հայաստանի երկրորդ նախագահի գործունեության օբյեկտիվ գնահատականը, հիմք ընդունելով վերոնշյալ 10 տարիներին Հայաստանի անցած ճանապարհը:

Ակնհայտ է, որ 1998-ի Հայաստանը եւ 2008-ի Հայաստանը միմյանցից էապես տարբեր երկրներ են, ինչն, ասենք, հնարավոր չէ ասել 1991-ի Հայաստանի եւ 1997-ի Հայաստանի մասին, երբ թվում էր, թե անվերջանալի էր մղձավանջը: Սա նշանակում է, որ, ասել, թե միեւնույնն է, երկիրը պետք է զարգանար, անկախ նրանից, թե ով եկավ իշխանության գլուխ 1998-ին, ուղղակի միամիտ ձեւանալու հետեւանք է:

Որ նման պնդումն անհեթեթություն է, կարելի է համոզվել ընթերցելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1998-ի հունվարի 8-ի երկրի անվտանգության խորհրդի նիստում: Վերջինս, իրեն բնորոշ վերին ճշմարտության տոնով, ասում էր, որ առանց Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու (նկատի ունենալով իր ցանկացած լուծումը, ինչը նրա հրաժարականի պատճառ դարձավ-Ա. Մ.) Հայաստանին տնտեսական փլուզում է սպասում: Նախկին նախագահը խոսում էր Հայաստանի «ֆիզիկական լիմիտների» սպառման մասին, որն, ըստ նրա, տեղի կունենա շրջափակման, ներդրումների եւ արտահանման բացակայության պատճառով եւ որի հետեւանքով աղետի գոտու շինարարությունը կձգձգվի «տասնյակ տարիներ», «խղճուկ» թոշակները եւ աշխատավարձերը կշարունակվեն արժեզրկվել, ինչպես նաեւ ազգային արժույթը, գործազրկությունը կխորանա: Ավելի առարկայական ապացույց, որ միեւնույն չէ, թե ով կղեկավարի երկիրը, որպեսզի այն զարգանա, հենց առաջին նախագահի խոսքերն են: Հակառակ այդ պարտվողական եւ մռայլ կանխատեսումների, 1998-ին հաջորդող տարիներին Հայաստանը, արդեն առանց նրա, զարգացում ապրեց, որը Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ միջազգային ֆինանսական այլ կազմակերպությունների մասնագետները բնորոշում են որպես «տպավորիչ աճ»:

Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին տնտեսության մեջ արձանագրված կտրուկ աճը հենց այնպես տեղի չէր կարող ունենալ, ճիշտ այնպես, ինչպես հենց այնպես չէին կարող առաջանալ, ասենք, առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման ոլորտում մենաշնորհները եւ առանձին խոշոր գործարարների կամ օլիգարխների արտոնյալ գործունեությունը:

Ըստ ոլորտների փորձենք ներկայացնել մեր տնտեսության մեջ տեղի ունեցածը: 1998-ից սկսած Հայաստանում առաջինը միջոցառումներ ձեռնարկվեցին գյուղմթերքների վերամշակման եւ սննդի արդյունաբերության վերականգնման համար: Այժմ գործում են կաթնամթերքի, մսամթերքի, քաղցրավենիքի, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքների, պահածոների եւ այլ ապրանքների արտադրության մի քանի տասնյակ ընկերություններ:

Հաջորդ խոշոր ճյուղը, որ սկսեց գործել եւ դարձավ արտահանման մեջ առաջնային ճյուղՙ հանքարդյունաբերությունն է: Վերագործարկվեցին Ալավերդու, Ախթալայի, Կապանի եւ Ագարակի կոմբինատները, մեծ ծավալներով սկսեցին գործել Քաջարանի կոմբինատը, «Մաքուր երկաթի գործարանը», ստեղծվեցին հանքանյութի մշակման նոր ձեռնարկություններ, արդիականացվեց եւ բարձր արդյունավետության արտադրանք սկսեց թողարկել «Արմենալը» («Կանազը»):

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ամենաբուռն զարգացում ապրած արդյունաբերության ճյուղը ադամանդագործությունն էր, որը երկար ժամանակ միանշանակ առաջատար էր մեր արտահանման մեջ, բայց վերջին մեկ-երկու տարում, միջազգային գներով պայմանավորված, անկում է ապրում:

Տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց մասին 1998-ին քչերն էին լսել Հայաստանում, այսօր մեր կյանքի անբաժանելի մասն են: Թեեւ պետք է նշել, որ ավելի բարձր արդյունքների կարելի էր հասնել:

Վերջին երկու-երեք տարիներին բջջային կապն արագընթաց զարգացում ունեցավ, երբ վերացվեց «Արմենտելի» մենաշնորհը: Բջջային կապի երկրորդ օպերատոր «Վիվասելի» մուտք գործելուց հետո Հայաստանում ավելի քան 1,5 մլն մարդ դարձան կապի այդ տեսակից օգտվողներ:

Էներգետիկ անվտանգության առումով խոշոր քայլեր արվեցին: Հիշատակենք դրանցից կարեւորագույնը, որը նաեւ քաղաքական ու ռազմավարական նշանակություն ունիՙ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը: Ինչպես նաեւ այս տարիներին կառուցված մի քանի տասնյակ փոքր ՀԷԿ-երը, վերակառուցման փուլում գտնվող Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երը, Աբովյանի գազապահեստարանների ընդլայնումը: Ռոբերտ Քոչարյանի օրոք սկսվել են նաեւ Մեղրիում խոշոր հայ-իրանական ՀԷԿ-ի, Հայաստանի նոր ատոմակայանի, նավթավերամշակման գործարանի կառուցման ծրագրերի նախապատրաստումը, որոնց իրականացումն արդեն հաջորդ նախագահի խնդիրը պետք է լինի: Չմոռանանք նաեւ Հայաստանում գազաֆիկացման աննախադեպ ծավալները, ինչի շնորհիվ հարյուր-հազարավոր մարդկանց կենցաղն արմատապես փոխվեց:

Հանրային ծառայությունների ոլորտից արժե հիշատակել Երեւանում խմելու ջրի շուրջօրյա մատակարարման հասնելու ծրագիրը: Այստեղ հարկ է նշել, որ այն կիսով չափ կյանքի կոչվեց եւ 2005-ին Երեւանի 80 տոկոսը չապահովվեց շուրջօրյա ջրով, բայց ընդհանուր առմամբ մայրաքաղաքի ջրամատակարարումն էապես բարելավվեց: Միաժամանակ նշենք, որ Հայաստանի մարզերում այս խնդրի լուծման ուղղությամբ օտարերկրյա ներդնողներ են ներգրավվել, բայց առայժմ դրական փոփոխություններն այստեղ մեծ չեն:

Բանկային համակարգի առաջանցիկ զարգացումը վերջին տարիներին այնքան ակնհայտ է, որ դարձել է ամենահրապուրիչն օտարերկրյա ներդնողների համար: Երեւի շատերն են մոռացել 90-ականների անբաժանելի մաս դարձած գրպանային բանկերը եւ նրանցից խաբված ավանդատուներին: Հավանաբար այդ ավանդատուներից շատերն էլ դա չեն հիշում, 2008-ին ձայն տալով այդ տարիների նախագահին:

1998-ին, չնայած երկրաշարժից անցել էր 10 տարի, աղետի գոտում համատարած ժամանակավոր տնակներ էին եւ կիսակառույց շենքեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ անցած 10 տարիներին ունեցան իրենց նորակառույց բնակարանները, եւ սա թերեւս Ռոբերտ Քոչարյանի կառավարման ամենամեծ ձեռքբերումներից էր: Միեւնույն ժամանակ, դեռ 6 հազար ընտանիքներ, հատկապես աղետի գոտու գյուղերում շարունակում են ապրել ժամանակավոր տնակներում:

Ճանապարհաշինության եւ քաղաքաշինության վրա երեւի չարժե մանրամասն կանգ առնել, քանզի բոլորն են հիշում Երեւանի եւ հատկապես Երեւանից դեպի մարզեր գնացող քարուքանդ եղած ճանապարհները 10 տարի առաջ եւ տեսնում դրանց վիճակն այժմ: Երեւանի կառուցապատումը որքան էլ շատերի համար ավելորդ շքեղություն է թվում, բայց 20-ականներին էլ նույնպիսի շքեղություն էր թվում Հանրապետության հրապարակի համալիրի կառուցումը: Սպասարկման ոլորտը հատկապես Երեւանում նույնպես բուռն զարգացում է ունեցելՙ տաքսի ծառայություններ, սրճարաններ, ռեստորաններ, սուպեր-մարկետների ցանցեր, ավտոնորոգման եւ ավտոլվացման կետեր եւ այլն: Զբոսաշրջության զարգացումը, մի քանի տասնյակ նոր հյուրանոցների բացումը մայրաքաղաքում եւ առողջարանային քաղաքներում ու նաեւ գյուղերում եւս աննկատ չեն կարող մնալ:

Չնայած 90-ականների նման Հայաստանի շրջափակումը շարունակվում է, բայց արտաքին առեւտրաշրջանառությունը 2007-ին 1997-ի նկատմամբ ավելացել է 4 անգամ: 1997-ին կազմում էր 1 մլրդ 126 մլն դոլար, 2007-ինՙ 4,5 մլրդ դոլար: Միայն արտահանումն անցյալ տարի կազմել է 1 մլրդ 218 մլն դոլար, որ ավելի էր, քան ամբողջ առեւտրաշրջանառությունը 1997-ին: Իսկ նույն 1997-ին Հայաստանից արտահանվել է ընդամենը 232 մլն դոլարի ապրանքՙ ավելի քան 5 անգամ քիչ 2007-ից: Չմոռանանք, որ արտահանման այդ խղճուկ ծավալներն ապահովում էին հիմնականում որպես մետաղի ջարդոն վաճառվող ձեռնարկությունների սարքավորումները: Ներմուծումը 2007-ին կազմել է 3 մլրդ 281 մլն դոլար, իսկ 1997-ին 892 մլն դոլար էր:

Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2007-ին Հայաստանում կազմեց 3 տրիլիոն 140 մլրդ դրամ, 1997-ի 978 մլրդ դրամի դիմաց: Այսինքն, մեր ՀՆԱ-ն անցած տարիներին ավելի քան եռապատկվել է: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 1997-ին 422 դոլար էր, հիմաՙ մոտ 3000 դոլար: Միջին աշխատավարձը 1997-ին 13 հազար դրամ էր, 2007-ինՙ 77 հազար դրամ: Ազգային արժույթըՙ դրամը, հակառակ առաջին նախագահի կանխատեսումներին, ոչ միայն չի արժեզրկվել, այլեւ վերջին 4 տարում արժեւորվել է ավելի քան 40 տոկոսով: Եվ վերջապես` կատարված ներդրումները Հայաստանում 1997-ին կազմել են 287 մլն դոլար, 2007-ին դրանց ծավալները կազմել են մոտ 1,2 մլրդ դոլար:

Առավել քան ակնհայտ է, որ առանց պետական ակտիվ քաղաքականության տնտեսական զարգացում տեղի չէր կարող ունենալ, չնայած Հայաստանի աշխարհաքաղաքական պայմանները չեն փոխվել 90-ականների համեմատ: Հետեւաբար պատերազմով, աղետի գոտիով կամ շրջափակմամբ պատճառաբանել երկրում տիրող սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, ինչն արվում էր առաջին նախագահի տարիներին, միայն վատ կառավարումն արդարացնելու ձեւեր են: Անկասկած է, որ թեեւ հիմա պատերազմ չկա, բայց վերջին 10 տարիներին Հայաստանի կողմից կատարվող ռազմական ծախսերը տասնապատիկ գերազանցում են 90-ականներին արվող ռազմական ծախսերին, բերելով բանակի ու երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ գլխավոր հաջողությունն այն էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների առաջարկներում այժմ նշվում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին, ինչի մասին խոսք անգամ չկար 1997-ին արված առաջարկներում: Միաժամանակ, հարկ է ընդգծել, որ արտաքին քաղաքականության բնագավառում խոշոր բացթողումներ են եղել եւ կան Ադրբեջանի հետ քարոզչական ու դիվանագիտական պայքարում: Անցած տարիներին Հայաստանը ոչ միայն չկարողացավ որեւէ միջազգային կառույցում Ադրբեջանին վատ վիճակի մեջ դնող գեթ մեկ բանաձեւ կամ որոշում նախաձեռնել ու անցկացնել, այլեւ անկարող եղավ դիմագրավելու այդ նույն միջազգային կառույցներում ադրբեջանական նախաձեռնություններին: Այս առումով արդեն Ռոբերտ Քոչարյանը վատ ժառանգություն է թողել իր հաջորդին:

Վերադառնալով տնտեսական քաղաքականությանը, հարկ ենք համարում արձանագրել, որ բացի մենաշնորհների առատությունից, որոնք ձեւավորվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, Հայաստանում ստվերային տնտեսության ծավալները մեծ են համեմատած անգամ ԱՊՀ երկրների հետ: Միաժամանակ, սոցիալական բեւեռացման առումով նույնպես Հայաստանն ունի ամենավատ ցուցանիշները: Խոսքը ամենահարուստ եւ ամենաաղքատ մարդկաց եկամուտների տարբերությանն է վերաբերում:

Գործարարները մշտապես բարձրացրել են հավասար մրցակցային դաշտ ունենալու հարցը, բայց առայժմ հովանավորչությունն ու «տանիքները» բնորոշ են ինչպես խոշոր գործարարներին, այնպես էլ միջիններից եւ փոքրերից շատերին: Հարկային վարչարարությունը թեեւ որոշակիորեն բարելավվել է, բայց հեռու է բավարար լինելուց: Վիճակն առավել վատթար է մաքսային համակարգում, չնայած վերջին տարիներին այստեղ ներդրվող նոր սարքավորումներին:

Դատախազությունն ու հատկապես դատական համակարգը Հայաստանի ամենաքարացած եւ ամենակոռումպացված ոլորտներն են, որտեղ «բարեփոխումները» սահմանափակվել են նոր, ժամանակակից հարմարություններով շենքեր նրանց տեղափոխվելով: Դրանց բովանդակությունը վերջին 10 տարիներին նույնն է, ինչ վերջին տասնամյակներում: Հայաստանում քչերն են հավատում, որ առանց կաշառքի դատարաններում արդարությունն ու օրենքը կարող են հաղթել:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարբեր տարիներին նախարարական պաշտոններում է նշանակել մարդկանց, ովքեր բացարձակապես չեն համապատասխանել իրենց պաշտոններին: Այսօր էլ նրանցից ոմանք շարունակում են պաշտոնավարել: Իհարկե, գործող նախագահի նշանակումներում կան նաեւ բարձր մասնագիտական պատրաստվածության անձինք (Տիգրան Սարգսյան, Մանուկ Վարդանյան, Ներսես Երիցյան եւ այլք): Պետք է նշել, որ նշանակումներից շատերը նախագահը կատարում է, ելնելով խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի դասավորումներից:

Ռոբերտ Քոչարյանի համար նախագահի պաշտոնում գտնվելիս ամենածանր փորձությունները 1999-ի հոկտեմբերի 27-ն էր եւ 2008-ի մարտի 1-2-ը: Առաջին դեպքում նրան հաջողվեց հասնել այն բանին, որ ոճրագործություն կատարողները ողջ մնան եւ տեղի ունենա բաց դատավարություն: Թեեւ դա չնվազեցրեց քաղաքական շահարկումներն այս դեպքի շուրջը: Չնայած այդ դեպքը նաեւ մեծ վնաս հասցրեց Հայաստանի միջազգային վարկանիշին, բայց դրան հաջորդած 2000 թվականից սկսվեց Հայաստանի տնտեսական բարձր աճը:

2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած շրջանում, որն ավարտվեց մարտի 1-2-ի անկարգություններով, Ռոբերտ Քոչարյանը կանգնած էր դժվար երկընտրանքի առջեւՙ միաժամանակ ցանկանալով երկիրը զերծ պահել ցնցումներից եւ չցանկանալով ուժ գործադրել առաջին նախագահի հրահրած ապօրինի գործողությունների առնչությամբ: Այս հապաղումը բերեց մարտի 1-2-ի իրադարձություններին: Ռոբերտ Քոչարյանն, ի վերջո, ուշացումով դիմեց ուժային գործողություններիՙ զսպելու համար անկառավարելի դարձած ցուցարարներին: Գուցե եւ չլինեին այդ զոհերը, եթե երկրի նախագահը չարտոնված հանրահավաքների հենց առաջին իսկ օրը կասեցներ դրանք: Սակայն միանշանակ է, որ նա պարտավոր էր պաշտպանել պետությունը քաղաքացիական պատերազմի սպառնալիքի վերածվող վտանգից, ինչը թերեւս նրա ամենամեծ եւ դեռեւս մեծամասնության կողմից չգիտակցված ծառայությունն էր Հայաստանին: Քանի դեռ հայտնի չէ, թե կկարողանա՞ նման վճռականություն դրսեւորել անհրաժեշտության դեպքում Սերժ Սարգսյանը, քանի դեռ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից արկածախնդրությունների վտանգը շարունակում է սպառնալ Հայաստանի Հանրապետությանը, քանի դեռ հարեւան Ադրբեջանը նման առիթի է սպասում Հայաստանի հետ պատերազմը վերսկսելու համար, կարծում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի վճռականության կարիքը հատկապես երկրի անվտանգության եւ պաշտպանունակության հարցերում մնում է, առնվազն խորհրդատվական կարգով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4