Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավար կազմի հետ: Անցած տասը տարիները գնահատելով այս կառույցների համար կայացման տարիներ, նախագահը վստահաբար ասել է, որ առանց այս ծառայությունների անհնարին է խոսել պետության կայացվածության մասին: Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի, պետության կայացման գործում նրանց անձնական ներդրման համար: Նախագահը ցանկություն է հայտնել, որ նրանք իրենց հետագա աշխատանքում ունենան ավելի լավ աշխատելու, ավելի մեծ հաջողությունների հասնելու, երկրի ու ժողովրդի անվտանգությունն ամրապնդելու եւ ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ ներքին հզոր մոտիվացիա: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանն ունի փայլուն ապագա, իսկ նորընտիր նախագահն` արդյունավետ կառավարելու բոլոր հնարավորությունները: