Հիմա էլ «Խաղաղ Հայաստանն» Է խոսում երկխոսությունից
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանը կարծես խաղաղության չի գնում, մարտյան դեպքերից հետո խմորումները տեղափոխվում են ընտանիք, եւ մեծագույն անհրաժեշտություն կա բաց քննարկելու երկրում ստեղծված իրավիճակն ու որոշ առումով նաեւ ուղղորդելու երկրի իշխանություններին իրենց գործունեության մեջ: «Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության երեկ հրավիրված ֆորումի բացմանը այսպես ներկայացրեց հավաքի նպատակը ֆորումի կազմկոմիտե, «Հայաստանի երիտասարդական ազգային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արամ Սուքիասյանը:
Քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը ՀՀ քաղաքացիներին, երկրի նորընտիր նախագահին, ԱԺ խմբակցություններին, ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին արդեն իսկ հրապարակվել է մի քանի թերթերում, այդ թվում` «Ազգի» մարտի 5-ի համարում, որտեղ եւ ներկայացվել են 6 կետով շարադրված հրատապ այն խնդիրները, որ կարեւորել են ի սկզբանե 10 ՀԿ-ներով ստեղծված նախաձեռնությանը միացած ավելի քան 250 կազմակերպությունները:
Արամ Սուքիասյանն իր խոսքում ընդգծեց, որ վերջին իրադարձությունների ֆոնին ակնհայտ դարձավ, որ կան առկա իրավիճակից դժգոհողներ, որոնց ձայնը, օրինակ, չի հնչում Ազգային ժողովում, ուստի մնում է փողոց դուրս գալը, մինչդեռ այդ մարդկանց իսկապես արտահայտվելու ամբիոն է պետք:
Մարտի 1-ի զոհերի հիշատակի լռության րոպեից հետո քաղաքացիական նախաձեռնության մինչեւ ֆորումը կատարած աշխատանքներին ծանոթացրեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը: Նշելով, որ Հայաստանում քաղաքական համակարգը ճգնաժամի մեջ է, «Խաղաղ Հայաստան» ասվածն էլ ենթադրում է նաեւ արդարություն, Բեքարյանը կրկնեց շատերին, որ մեզանում երկխոսության մշակույթ չկա, ու առաջարկեց «չտառապել այն ցավով, ինչով տառապում է քաղաքական համակարգը, երբ իրենց չմիացողներին դավաճան են անվանում, մինչդեռ չմիացողները օբյեկտիվ պատճառներ ունեն»:
Ֆորումին մասնակից մտավորականներից խոսք ասաց Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ընդգծելով, որ տեղի ունեցածը մեզ նաեւ կատարելագործվելու, ամեն ինչ վերագիտակցելու հնարավորություն տվեց: Քաղաքացիական նախաձեռնության արցախյան պատվիրակություն ներկայացնող Արտակ Ղուլյանն էլ համոզմունք հայտնեց, թե ֆորումը կլինի երկխոսության մշակույթի ձեւավորման առաջին ծիծեռնակ:
Հայաստանում խաղաղության ամրապնդման կարեւորությունը հայության համար նշանավորեց Ջավախքի հայ գրողների միության նախագահ Եգոր Մովսիսյանը, ընդգծելով, որ այդ խաղաղությունը կարեւոր է ոչ միայն սահմանին, այլեւ երկրի ներսում: Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի կարծիքով, ստեղծված իրավիճակի պատճառներից են կիսված հասարակությունն ու որոշ առումով ազգային ախտ դարձած բեւեռացումը: Դանիելյանը առանձնացրեց, որ եթե ունենայինք տարբեր կարծիքներ արտահայտող Ազգային ժողով, հեռուստաեթեր, ապա ժողովուրդը փողոց դուրս չէր գա:
Այս ելույթին հաջորդած խոսքի ընթացքում դահլիճում հայտնվեց ֆորումի մասնակցության հրավերին արձագանքած Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Պարզվեց, որ եկել էր պատասխանելու քաղաքացիական նախաձեռնության բաց նամակին ու դրանում շարադրված անհրաժեշտ քայլերի 6 կետերին: Անկախ հնչեցված տեսակետներին համաձայնության չափից` վարչապետը ողջունեց նախաձեռնությունը, այդուհետեւ անդրադառնալով երկրում առկա մտահոգություններին` երկխոսության կտրվածքով: «Կարծես բոլորս խոսում ենք հայերեն, մի լեզվով, սակայն տպավորություն է ստեղծվում, թե իրար չենք հասկանում», ձեւակերպեց Սարգսյանը, ընդգծելով, որ միմյանց չլսող հասարակությունը դատապարտված է, մինչդեռ ժամանակն է անկեղծ խոսելու:
Ամեն դեպքում, ի պատասխան նախաձեռնության բաց նամակի առաջին կետի, որ վերաբերում էր մարտյան իրադարձությունների համակողմանի ուսումնասիրությանը, Հայաստանի նորընտիր նախագահը հավատացրեց, որ որեւէ անմեղ մարդ չի դատապարտվելու, իսկ ծանր հանցագործություններ կատարածները կպատժվեն: Ինչ վերաբերում է այդ մասին տեղեկություններին, ապա, ըստ վարչապետի, «հանրությանը տրվել է եւ տրվելու է համակողմանի տեղեկատվություն»: Այս առնչությամբ Սարգսյանը նշեց, որ միշտ էլ կլինեն դժգոհող մարդիկ նույն այդ իրադարձությունների քննության արդյունքներից, կշահարկեն, ինչպես, օրինակ, «հոկտեմբերի 27-ի» պարագայում, հատկապես որ, վարչապետի խոսքերով, այդ դեպքից ոմանք ուրախացան, տարիներ լռեցին, հետո էլ սկսեցին շահարկել, այդ թվումՙ մարդիկ, որ ժամանակին պատասխանատու էին այդ գործի քննության համար:
Հայաստանում երթերի, ցույցերի օրենքում վերջին սահմանափակող փոփոխությունների վերանայման մասին բաց նամակի երկրորդ կետի առումով Սերժ Սարգսյանը նշեց, որ չի կարելի մարդու մի իրավունքը հակադրել, ասենք, կյանքի իրավունքին, հատկապես որ որեւէ քաղաքակիրթ երկիր չի հանդուրժում անհանդուրժողականության, բռնության կոչերով հավաքների անցկացում: Ամեն դեպքում, վարչապետի ներկայացմամբ, իրավիճակի կարգավորմանը զուգընթաց կվերանայվեն այդ փոփոխությունները:
Բաց նամակի երրորդ կետով «Խաղաղ Հայաստան» նախաձեռնության հեղինակները բարձրացրել էին Հանրային հեռուստատեսության տարբեր բաժինների գործունեության սկզբունքների եւ ղեկավար կազմերի վերանայման հարցը: Այս ձեւակերպմանը Սերժ Սարգսյանը չհամաձայնեց, պարզաբանելով, որ կադրային ջարդը որեւէ հաջողության որեւէ տեղ երբեք չի բերում: Համաձայնելով «վերջին շրջանում այդ լրատվամիջոցի նկատմամբ հավատի գուցե թե կորստին»` վարչապետը խոստացավ անել հնարավորը եւ հույս հայտնեց, որ այդ կոլեկտիվը ի վիճակի է այլ կերպ աշխատելու:
Հայաստանի օմբուդսմենի գործունեությանն առնչվող հաջորդ կետի կապակցությամբ Սերժ Սարգսյանը նշեց, որ Արմեն Հարությունյանին դժվար է իշխանամետ համարել: Հաջորդ կետով զենքի ապօրինի շրջանառության եւ «թիկնազորների» խնդրահարույց վարքի ձեւակերպումն, ըստ վարչապետի, անգամ մեղմ էր: Բաց նամակի վերջին կետով առաջարկվող հանրային կամ հասարակական խորհրդի ստեղծման առնչությամբ էլ նորընտիր նախագահը համագործակցելու պատրաստակամություն հայտնեց, հորդորելով, որ այդ մարմինը չդառնա ձեւական եւ լինի ապաքաղաքական, որ անդամները «չլինեն ծառայողական մեքենաներով երթեւեկողներ, այդպիսիք մեր երկրում շատ կան»:
Սերժ Սարգսյանը մտահոգ է ամեն տեսակ վստահություն կորցրած քաղաքացիների հարցով ու վստահ, որ «կարողանալու ենք այս մարդկանց մեջ վերականգնել հավատը»: Ու դրա համար, ըստ վարչապետի, «պետք է աշխատենք ես իմ տեղում, դուք` ձեր»:
Հ.Գ. Հետաքրքրական է, որ Աբովյան փողոցի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահից, որտեղ տեղի էր ունենում ֆորումը, Սերժ Սարգսյանը կառավարության շենք գնաց... ոտքով` անցնելով Հանրապետության հրապարակի գոնե կեսը: