«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ իրենք ոչ թե պաշտոնի կռիվ են տալիս, այլ ակնկալում են, որ կոալիցիայի գործունեությամբ իրավիճակը փոխվի, խնդիրները լուծվեն, ժողովրդի վիճակը լավանա. «Մեր խոստումները, որ տվել ենք, պետք է իրականացնենք, պաշտոն տալով չէ: Եթե մենք զգանք` չի լինում, ոչ թե կառչած ենք այդ պաշտոններից, մենք կոալիցիայից դուրս ենք գալու, ասելու ենք` կմնա մյուս անգամ, ժողովուրդ ջան»: Պատասխանելով այն դիտարկմանը, թե «ժողովուրդ» ասելով նկատի ունի՞ Հյուսիսային պողոտա գնացողներին կամ ճամբարի հակառակ կողմում եղողներին, եւ արդյոք ներկա իրավիճակը պայթյունավտա՞նգ է, Գ. Ծառուկյանը պատասխանեց. «Հիմնականում ժողովուրդը, ճիշտ հասկացեք, խնդիր ունի, հենց այնպես փողոց դուրս չի գալիս, ժողովրդի այդ խնդիրները պետք է լուծել, պրոբլեմներ ունեն: Անձը փոխելով էլ այդ խնդիրները չեն լուծվելու, կարեւորը, որ այսօր պաշտոնյան միշտ իրեն պետք է դնի դիմացինի տեղը: Մարդն ի՞նչ է ուզում իրական կյանքում` աշխատի, պայման ստեղծվի, իր աշխատանքով իր տունը պահի, երջանիկ լինի, արարողություն կատարել սովորի, եթե այդ պայմանները եղան` մարդը փողոց դուրս չի գա: Պետք է ուսումնասիրել, հնարավորություն տալ, մարդը պետք է հավատա: Մինչեւ էդ խնդիրները չլուծվեն, մարդը Հյուսիսային պողոտայում քայլելու է: Պետք է այն մեր ծրագրերը, որոնք ընդգրկված են կառավարության ծրագրերում, կյանքի կոչվեն: Եթե կյանքի չեն կոչվելու, մենք պետք է ասենք` դուրս ենք գալիս նախարարի պաշտոնից»:
Մ. Խ.