«Վիմպելկոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն «Արմենտել» ՓԲԸ-ն այսուհետեւ կապի իր ծառայությունները կմատուցի «Beeline» ապրանքանիշով: Հայաստանը 7-րդ երկիրն է, ուր մուտք է գործում այս ապրանքանիշը: Ըստ «Վիմպելկոմի» ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսի, կազմակերպության մուտքը «Beeline» ապրանքանիշով զգալիորեն կամրապնդի «Վիմպելկոմ»-ի միջազգային ապրանքանիշի դիրքերը: Այսօրվանից վաճառքում կլինեն նոր դիզայնով SIM եւ վճարման քարտեր, որոնք կգործեն եւ կվաճառվեն նախկինում օգտագործվող քարտերի հետ միաժամանակ, մինչեւ վերջիններս ամբողջությամբ դուրս կգան շրջանառությունից: «Արմենտելի» վաճառքի եւ սպասարկման կետերը կբացվեն «Beeline» ապրանքանիշի ներքո: Նոր ապրանքանիշով վաճառք կիրականացվի նաեւ դիլերական ցանցի միջոցով ՀՀ բոլոր մարզերում: «Վիմպելկոմի» մեջ մտնում են բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայաստանում: