«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2008-04-04 | #65, 2008-04-05 | #66, 2008-04-08


ԵՐԲ ԳՈՒՅՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ԿՆՈՋ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Գարնան, մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ 33 նկարչուհի իրենց, նաեւ արվեստասերների համար պատրաստել էին գեղեցիկ ու հաճելի նվեր: Գեւորգ (Ջոտտո) Գրիգորյան թանգարանում ներկայացված ցուցահանդեսը կանացի ամենատարբեր հուզմունքների, ցանկությունների ու երազանքների ամբողջությունն էր: Որքան էլ կանայք լինեն ինքնատիպ, յուրաքանչյուրն առաջին հերթին երազում է սիրել ու լինել սիրված: Կտավներում առկա գարնանային մեղմ գույների մեջ զգացվում էր նոր բացված յասամանի բույրը: Գարնանային շունչն ակնդիրներին տրամադրում էր սիրել ու կյանքը լցնել վառ երանգներով: Ստեղծագործական տարբեր ձեռագրերը չէին թաքցրել կանացի զգացմունքներն ու ներաշխարհը, ինչը յուրահատուկ ջերմություն էր հաղորդում` թողնելով մաքրության ու անկեղծության տպավորություն:

Նկարչուհի Նարգիզ Փաշայանը ցուցահանդեսին ներկայացել էր «Ծաղկեփունջ» կտավով: Ստեղծագործության մեջ գերիշխում էր արծաթավունը, ինչը, ըստ նկարչուհու, խորհրդանշում է լուսավորություն ու պայծառ ապագա:

«Տոն է մեզ համար: Այս ցուցահանդեսից գարնան շունչն է բուրում: Շատ կարեւոր իրադարձություն է բոլոր նկարչուհիների համար: Եթե կանացի ձեռագրերը միանման լինեին, ցուցահանդեսն անհետաքրքրական կլիներ: Յուրաքանչյուր կտավում նոր շունչ, դինամիկա, նորարարություն ու գունային բազմազանություն կա: Հատկանշական է, որ միջին սերնդի նկարչուհիների հետ համատեղ մասնակցում են նաեւ երիտասարդ ստեղծագործողներ, ովքեր շատ պատասխանատու գործեր են ներկայացրել»:

Ցուցահանդեսին մասնակցում էին նաեւ Էջմիածնի եւ Վայոց ձորի նկարչուհիներ: Կազմակերպիչներն այդ կերպ ջանում են ամրացնել մարզերի ու Երեւանի միջեւ մշակութային կապը:

Բացման խոսքում մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանն ասաց. «Մշակույթի ոլորտում ստեղծվել են արվեստի բազմաթիվ գործեր, ճարտարապետական հրաշալի կոթողներ, որ տղամարդիկ նվիրել են կանանց: Ողջունելի է, երբ կանայք են ստեղծում արվեստի գործեր: Այս կտավների շնորհիվ թափանցում ես կանանց աշխարհ, նկատում նրբություններ, հասկանում կնոջ կյանքը: Կանանց ստեղծագործություններն այլ են` գույների բազմազանությունում զգացմունքներ, նրբագեղություն, գծի ու պատկերների մեղմություն»:

Նկարչուհիներից շատերը զինվորների մայրեր են: Թերեւս նրանց համար շատ կարեւոր է նաեւ լսել հայրենիքի սահմանները պաշտպանող որդու կարծիքն ու գնահատականը:

Նկարչուհիների առաջարկով փոխնախարարը խոստացավ մոտակա ժամանակահատվածում կտավները ցուցադրել Ստեփանակերտում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4