Այսօրՙ ապրիլի 8-ին Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) Սբ. Մարիամ հայկական առաքելական եկեղեցու Արմենակ Տեր-Պետրոսյան դահլիճում Հայոց ցեղասպանությանը ականատես-վերապրողների վկայությունների մասին զեկուցումով հանդես է գալու ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ու Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջավոր գիտաշխատող, ճանաչված եւ հարգված բանահավաք, բանագետ, միջազգային մի շարք գիտաժողովների մասնակից դոկտ., պրոֆ. Վերժինե Սվազլյանը, որը Մ. Նահանգներում է գտնվում մարտի սկզբներից, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Հարգարժան պրոֆեսորը հրավիրվել էր մասնակցելու Կալիֆոռնիայի համաշխարհային հայագիտական ամբիոնի կազմակերպած հերթական գիտաժողովինՙ նվիրված Կիլիկիային եւ Մուսա լեռանը:
Ներկա բանախոսությունը անցկացվելու է Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու արեւմտյան թեմի բարձր հովանավորությամբ, եւ Արարատ-Էսքիզյան թանգարանի, ինչպես նաեւ Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի աջակցությամբ:
Դոկտ. Սվազլյանը անցյալ դարի 50-ական թվականներից անձնական նախաձեռնությամբ ձեռնամուխ է եղել գրի առնելու, նաեւ ձայնագրելու եւ տեսագրելու ցեղասպանությունից հրաշքով փրկվածների վկայությունները, որոնք հետագայումՙ 2000-ին ամփոփվեցին «Հայոց ցեղասպանություն: Ականատես վերապրողների վկայություններ» վերնագրով իր կոթողային աշխատության մեջ: Նրա գրչին են պատկանում նաեւ «Մուսա լեռ», «Կիլիկիա: Արեւմտահայոց բանավոր ավանդույթները», «Մեծ եղեռնը արեւմտահայոց հուշապատումներում եւ թուրքալեզու երգերում» աշխատությունները եւ բազմաթիվ այլ մենագրություններ: Արժանացել է մի շարք պատվոգրերի եւ մեդալների:
Հ. Ծ.