Ասում կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին
2000 թվականից «21-ի հեռանկարներ» փառատոնը (նախագահ` կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) դարձել է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ եւ արդեն 9-րդ անգամ երաժշտասերներին պարգեւում է դասական երաժշտութան տոնական օրեր: Փառատոնի տարբեր տարիների հյուրերի թվում են եղել Յուրի Բաշմետը եւ «Մոսկվայի մենակատարներ» նվագախումբը, Վիեննայի տղաների երգչախումբը, «Լոնդոն սիմֆոնիետան», «Քրոնոս», «Տոկիո» լարային քառյակները, Բորոդինի անվան քառյակը, «Հիլիարդ» անսամբլը, «Հորտուս մյուզիկուս» անսամբլը, «Ամադինդա» հարվածայինների խումբը եւ ուրիշներ: Իսկ մենակատարների շարքում հատկապես ուզում եմ նշել Միշա Մայսկուն, Բորիս Բերեզովսկուն, Դավիդ Գերենգասին եւ այլոց, ովքեր մասնակցել են փառատոնին: Իսկ այս տարի ապրիլի 7-12-ը ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում է գտնվում աշխարհահռչակ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին: «Ազգը» երկու անգամ արդեն անդրադարձել է Պենդերեցկու գործունեությանը: 75-ամյա կոմպոզիտորը իր ստեղծագործական բուռն գործունեության ընթացքում արժանացել է կառավարական 11 բարձր պարգեւների, ստեղծագործական 25 մրցանակների, 12 ակադեմիական կոչումների: Նա այժմ էլ ղեկավարում է մի շարք երաժշտական ճանաչված կոլեկտիվներ:
Երեկ Երեւան ժամանած անվանի երաժիշտը հանդիպեց լրագրողների հետ: Նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց 10 երկրներից ժամանած հանրաճանաչ երաժիշտներին եւ հյուրերին: Մտերմիկ զրույցի ընթացքում Քշիշտոֆ Պենդերեցկին նշեց, որ իր կյանքի 75 տարիների ընթացքում առաջին անգամ է գալիս Հայաստան, չնայած որ մինչ այդ շատ հրավերներ ստացել է, բայց զբաղվածության պատճառով չի կարողացել իրականացնել իր վաղեմի երազանքը: «Ուրախ եմ, որ նման ծավալով երաժշտություն կկատարվի Հայաստանում: Ուրախ եմ նաեւ, որ այցս կապ ունի իմ ծագման հետ, չէ որ իմ տատիկը հայ է եւ իմ այս այցը ես անվանում եմ վերադարձ տուն»: Կոմպոզիտորը նշեց, որ ճանաչում էր Արամ Խաչատրյանին, որին Կրակովում հյուրընկալել է իրենց տանը: Իսկ թե ոգեշնչման աղբյուր ի՞նչը կարող է լինել հարցին, կոմպոզիտորը պատասխանեց. «Մեզ շրջապատող ամեն ինչը եւ ոգեշնչումը կապ ունի քրտնաջան աշխատանքի հետ»: Իսկ այն հարցին, թե շարունակո՞ւմ է հավատարիմ մնալ ավանգարդ ոճին, թե՞ փոխում է ոճը, պրն Պենդերեցկին ասաց. «Արվեստագետի կյանքում կա լաբիրինթոս, ես միշտ գիտեմ իմ լաբիրինթոսից դուրս գալու ճամփանՙ անկախ ոճից»:
«21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում աշխարհահռչակ կոմպոզիտորը կհանդիպի հայ մտավորականների հետ, կցուցադրվի Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտությամբ ձեւավորված «Սարգոսում գտնված ձեռագիրը» ֆիլմը: Նշենք, որ Երեւան են ժամանել նաեւ անվանի երաժիշտ կատարողներ` Գրիգորի Ժիսլինը (Գերմանիա), Արտո Նորասը (Ֆինլանդիա), Միշել Լետիկը (Ֆրանսիա), Իվան Մոնիգետտին (Շվեյցարիա), Անդրե Կազալեն (Ֆրանսիա), Մասսիմիլիանո Դամերինին (Իտալիա), Անջեյ Բաուերը (Լեհաստան), Անդրեա Մուստոնեն (Էստոնիա), «Դաֆո» քառյակը (Լեհաստան):
Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ փառատոնի մեկնարկը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ