«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2008-04-04 | #65, 2008-04-05 | #66, 2008-04-08


ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԿԱՅՈՒՆ ՏԵՂ ՈՒՆԻ

Առողջ ընտանիքի եւ հասարակության հիմքը առողջ կինն է

Մայրության եւ գեղեցկության, ինչպես նաեւ առողջապահության համաշխարհային օրվա առթիվ երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալվել էր Հայ-ամերիկյան առողջապահության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Հայ-ամերիկյան առողջապահության կենտրոնը հիմնադրվել է 1997-ին` «Կանանց առողջապահության պահպանման ասոցիացիայի», «Հայ-ամերիկյան մշակութային միության» եւ Երեւանի բժշկական համալսարանի կողմից` ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանի, Աժ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի եւ Նանի Օսկանյանի նախաձեռնությամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, միջին հաշվարկներով, ամեն 18-րդ կինը հիվանդանում է կրծքագեղձի քաղցկեղով, իսկ Հայաստանում այդ հիվանդությունն արդեն 10 տարի շարունակում է կայուն տեղ զբաղեցնել կանանց օնկոլոգիական հիվանդությունների մեջ: Հայ-ամերիկյան առողջապահության կենտրոնի գործադիր տնօրենի խոսքով, հիմնադրման օրվանից 10 տարիների ընթացքում կենտրոնն իրականացրել է ավելի քան 150 հազար հետազոտություն, որից շուրջ 90 հազարը կրծքագեղձի հետազոտություններն են: Խաչանուշ Հակոբյանի խոսքով, հետազոտվողների 5 տոկոսն ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ, 70 տոկոսը` բարորակ գոյացություններ:

Կրծքագեղձի քաղցկեղի հիվանդության ախտորոշման աշխարհում ընդունված ամենաարդյունավետ միջոցը մամոգրաֆիան է: Մասնագետները համոզված են, որ վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս ոչ միայն փրկելու կնոջ կյանքը, այլեւ պահպանելու կրծքագեղձը: Ակումբի հյուրի կարծիքով, քաղցկեղի բուժման միակ մեթոդը վիրահատությունն է:

Խաչանուշ Հակոբյանն ընդգծեց, որ կրծքագեղձի քաղցկեղը հատկապես վտանգավոր հիվանդություն է, որովհետեւ թիրախ է դարձնում երիտասարդ կանանց: «Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների 33,1 տոկոսը 40-49 տարեկաններն են», ասաց կենտրոնի գործադիր տնօրենն ու խորհուրդ տվեց կանանց 35 տարեկանից հետո գոնե տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազոտություն անցնել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4