«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2008-04-04 | #65, 2008-04-05 | #66, 2008-04-08


ԵՐԲ ԽԱՂԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐ ԵՆ

Ընտրվեց «Տարվա ինտելեկտ»-ը

Կրթության միջազգային ակադեմիայի, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Տարվա ինտելեկտ» մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը, որ տեղի ունեցավ նախօրեին Ծաղկաձորի «Մուլտի ռեսթ հաուզ» հյուրանոցային համալիրում, ընտրեց 2008-ի «Տարվա ինտելեկտին»: Հանրապետության պետական եւ մասնավոր բուհերի ուսանողների շրջանակներում անցկացված մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվեց պետհամալսարանի ուսանողուհի Արփինե Աղջոյանը: Առաջին եռյակի ինտելեկտուալ ուսանողներին մրցույթի արդյունքում որոշելուց զատ մրցույթ-փառատոնի ժյուրին եւ կազմկոմիտեն ընտրեց նաեւ «Միսս ինտելեկտ», «Միստր» ինտելեկտ», «Ամենակրտսեր մասնակից» անվանակարգերի հաղթողներին:

Մրցույթ-փառատոնին մասնակցում էին նաեւ կույր ուսանողներ, որոնցից մեկն էլ` պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Դավիթ Հարությունյանը ճանաչվեց «Միստր ինտելեկտ»: Միջբուհական մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ եւ գրքեր, իսկ հաղթողները` նաեւ երաժշտական կենտրոններ: 2001-ից կազմակերպվող միջբուհական ինտելեկտուալ խաղի մրցույթ-փառատոնի այս տարվա կազմակերպման եւ մրցանակային ֆոնդի խնդիրը հոգացել է «Գ. Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:

«Առաջին անգամ այս մրցույթ-փառատոնը կազմակերպվել է 2001-ին եւ նվիրված էր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Զգալով արձագանքն ու մասնակցության քանակը` որոշեցինք մրցույթ-փառատոնը դարձնել ամենամյա, եւ 2002-ից արդեն տարեկան երկու անգամ ենք կազմակերպում` մեկը դպրոցականների, մյուսն` ուսանողների շրջանում: Մրցույթ-փառատոնն ունի մեկ խնդիր` բացահայտել հայ ազգի բանիմաց եւ խելացի երիտասարդներին, հետագայում էլ կազմկոմիտեն նրանց տվյալները կպահի` փորձելով աջակցել նրանց գիտական ճանապարհին», ասաց մրցույթ-փառատոնի կազմկոմիտեի նախագահ Վահե Էնֆիաջյանը` հավելելով, որ այս տարի մրցույթին եղել է շուրջ 750 մասնակցության հայտ, իսկ եզրափակիչ փուլ են դուրս եկել 27 ուսանողներ:

Կրթության միջազգային ակադեմիայի տնօրենների խորհրդի նախագահ եւ «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը շեշտեց, որ մրցույթը բաց է բոլոր ուսանողների համար, եւ կարեւորում է մեր երիտասարդների ինտելեկտուալ զարգացման դերն ու նշանակությունը:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4